ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 26 | ԶՈՅԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 ապրիլի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի \
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Զոյա Մկրտչյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Զոյա Մկրտչյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 5-ին) խնդրելով. «….Որոշել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1 հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ կամ (և) այլ հոդվածներին»:
2. Դիմողի կարծիքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով սնանկության գործը քննող դատարանին չի վերապահում սնանկության գործի վարույթն ամբողջությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված որևէ պահանջի մասով (կատարմանն ուղղված գործողությունները ներառյալ) կասեցնելու լիազորություն այն պարագայում, երբ սնանկության գործի հետագա ընթացքն ամբողջությամբ կամ մասամբ անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը: Վերոգրյալի կապակցությամբ դիմողն արձանագրում է, որ իր վերաբերյալ սնանկության գործով գրանցված միակ պահանջի հիմք հանդիսացող որոշումը (Ֆինանսների նախարարության Արմավիրի ՏՀՏ-ի պետի 2015թ. հունիսի 9-ի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումար գանձելու մասին» թիվ 1142 որոշումը) վիճարկվում է Վարչական դատարանում քննվող թիվ ՎԴ/1238/05/20 վարչական գործի շրջանակներում, և այդ որոշման կատարումը Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով կասեցված է: Դիմողն արձանագրում է նաև, որ սնանկության դատարան է ներկայացրել միջնորդություն թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործի վարույթը կասեցնելու մասին, ինչը վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է այն հիմնավորմամբ, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով դատարանին վերապահված չէ սնանկության գործի վարույթը կասեցնելու լիազորություն: Դիմողի համոզմամբ այն դեպքում, երբ անձին սնանկ ճանաչելուց և նրա նկատմամբ հանրային իրավական դրամական պահանջի գրանցումից հետո տվյալ անձը վարչական դատարանում վիճարկում է այն վարչական ակտը, որից բխող հանրային իրավական դրամական պահանջը գրանցվել է սնանկության գործը քննող դատարանի կողմից, վերջինս պետք է ունենա սնանկության գործն ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնելու լիազորություն հաշվի առնելով, որ տվյալ վարչական գործի շրջանակներում չի բացառվում վարչական դատարանի կողմից հայցի բավարարումը և, հետևաբար, այն վարչական ակտի վերացումը, որից բխող հանրային իրավական դրամական պահանջը գրանցվել է պարտապանի նկատմամբ և հիմք է հանդիսացել դրա կատարման նպատակով գործողություններ իրականացնելու համար: Դիմողը գտնում է, որ վարչական դատարանի կողմից կայացվելիք դատական ակտով հանգուցալուծվելու է այնպիսի հարց, որի պարտապանի համար դրական հանգուցալուծումը կարող է բացառել այդ վարչական ակտից բխող հանրային իրավական դրամական պահանջի կատարելիությունը, այդ թվում պարտապանի սեփականությունը հանդիսացող գույքի իրացումը, քանի որ հակառակ դեպքում, ըստ դիմողի, թույլ է տրվելու պարտապանի արդար դատաքննության, դատական պաշտպանության և սեփականության իրավունքների հանիրավի սահմանափակում:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3 դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4 դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, 5 դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6 դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Զոյա Մկրտչյանի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
14 ապրիլի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
