ԿԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 17 | ԿԱՐԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 մարտի 2021թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Կարինե Առաքելյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Կարինե Առաքելյանը 2021 թվականի փետրվարի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«… Թիվ ԿԴ2/0069/01/16 քրեական գործով
ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2021թ. հունվարի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման մեջ կիրառած ՀՀ Ազգային ժողովի կողմից 1998թ. հուլիսի 01-ին ընդունած և 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018թ. մարտի 23-ին ընդունած և 2018թ. ապրիլի 08-ին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-211-Ն օրենքի փոփոխություններով 414.3-րդ (ըստ Օրենսգրքի 4143-րդ) հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող»:
2. Ըստ դիմողի Օրենսգրքի 4143-րդ հոդվածի անորոշությունով պայմանավորված Վճռաբեկ դատարանի կողմից սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» և «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը» նախադասությունները յուրովի է ընկալվել, և վերջինս գտել է, որ վճռաբեկ բողոքում եղած բազմաթիվ հիմքերի բացակայությունը չպետք է հիմնավորի, իսկ 2021թ. հունվարի 26-ի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն էլ ընդհանրապես չպետք է պատճառաբանի: Դիմողը գտնում է, որ եթե Քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասում «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված» և «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը» նախադասությունների փոխարեն սահմանվեր, որ «Վճռաբեկ դատարանը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում», և «Վճռաբեկ դատարանը պարտավոր է հիմնավորել վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը», ապա Վճռաբեկ դատարանը պարտադրված կլիներ կատարելու Քրեական դատավարության օրենսգրքի խնդրո առարկա 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից չեն ներկայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ բավարար այնպիսի հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի Սահմանադրությանը հակասությունը հանգեցրել է իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման: Որպես հիմնավորում դիմողն առավելապես ներկայացրել է այն, որ Վճռաբեկ դատարանն իր 2021թ. հունվարի 26-ին կայացրած «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ըստ էության, չի կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի հիմնավորել վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` հիշյալ օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։ Այսինքն ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Կարինե Առաքելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Ա. Վաղարշյան
Է. Շաթիրյան
18 մարտի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
