ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 25 | ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 մայիսի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արթուր Աղաբաբյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Աղաբաբյանի (այսուհետ դիմող) դիմումը (ներկայացուցիչ Ա․ Ծատինյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 8-ին, որով դիմողը խնդրել է. «ՀՀ Ազգային Ժողովի կողմից 25.12.2006 թվականին ընդունված Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետը և 2.1 մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 27-րդ, 28-րդ ու 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի գ կետով և 2.1 մասով խախտվել է քաղաքացիական շրջանառության մասնակիցների օրենքի առջև հավասարության սկզբունքը խտրականություն դնելով հարկադրված սնանկության դիմումով դիմումատուների, կամավոր սնանկության դիմումով իրավաբանական անձ կամ ԱՁ դիմումատուների և կամավոր սնանկության դիմումով պարտապան ֆիզիկական անձի միջև։ (…)
(…) վիճարկվող նորմերով խախտվել է նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որոշակիության սկզբունքը, քանզի դրանցով որոշակիորեն սահմանված չէ կոնկրետ սուբյեկտի կողմից որոշակի իրավունք իրացնելու կամ դրանից ձեռնպահ մնալու հիմքը, ինչից էլ ակնհայտորեն բխում է օրենքի առջև հավասարության ու խտրականության արգելքի խախտման փաստը։ (…)
(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ, 21-րդ, 25-րդ և 52-րդ հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում կարելի է փաստել, որ հիշյալ դրույթներով ֆիզիկական անձինք օժտված են ավելի լայն հնարավորություններով /ընդհանուր իրավունակությամբ/, քան իրավաբանական անձինք, քանզի վերջիններս սահմանափակված ու կաշկանդված են իրենց կանոնադրությամբ …, իսկ ֆիզիկական անձինք ազատ են իրացնել օրենքով չարգելված ցանկացած իրավունք, մինչդեռ վիճարկվող դրույթներով հակառակ պատկեր է ստեղծվել. իրավաբանական անձինք օժտվել են առավել լայն իրավունակությամբ, քան ֆիզիկական անձինք»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով. 3․1․ «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի սահմանադրականության հարցի վերաբերյալ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է․ «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, ինչպես սույն գործով, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը»: Այսպիսով Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի դատական ակտ(եր)ում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը: Վերոնշյալը համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ՍնԴ/0096/04/23 սնանկության գործի շրջանակում դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառված լինելը: Այսպես «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են սնանկության վերաբերյալ դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները։ Նշված օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով սահմանված է, որ, ի թիվս այլնի, դիմումում պետք է ներկայացվի առաջարկ ժամանակավոր կառավարչի թեկնածության վերաբերյալ կամ տրվի համաձայնություն ընտրությունը դատարանին թողնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, նշվածը վերաբերում է միայն հարկադրված սնանկության դիմումին, ինչպես նաև պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող կամավոր սնանկության դիմումին։ Ինչպես դիմումի, այնպես էլ դրան կից ներկայացված թիվ ՍնԴ/0096/04/23 սնանկության գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը որպես ֆիզիկական անձ, կամավոր սնանկության դիմում է ներկայացրել Սնանկության դատարան, հետևաբար վիճարկվող դրույթը կիրառելի չէր վերջինիս նկատմամբ։ Այսպիսով վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի իր նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը. ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի մասով, ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դիմողի Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: 3․2․ «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2.1-ին մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, ըստ որի` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այդ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար հիմնավորումներ ներկայացնի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը։ Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»: Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պահանջները պահպանված չեն: Այսպես դիմողը խնդրել է որոշել «Սնանկության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2․1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 28, 29 և 79-րդ հոդվածներին, սակայն չի ներկայացրել բավարար հիմնավորումներ վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես դիմողը ներկայացրել է Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության, 29-րդ հոդվածով երաշխավորված խտրականության արգելքի, ինչպես նաև 79-րդ հոդվածով երաշխավորված որոշակիության սկզբունքների խախտման վերաբերյալ պնդում, սակայն բավարար չափով չի հիմնավորել իր Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստը, հետևաբար տվյալ փաստի և վիճարկվող դրույթի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 28, 29 և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք կարող են քննարկման առարկա դառնալ միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Սույն անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող դրույթի իր որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման հանգեցնելու վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննությունը Սահմանադրության 28, 29 և 79-րդ հոդվածների ենթադրյալ խախտման համատեքստում: Ուստի հիմք ընդունելով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Աղաբաբյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Ա. Վաղարշյան
30 մայիսի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
