ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 35 | ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 հուլիսի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արմենուհի Հայրապետյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմենուհի Հայրապետյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մհեր Հակոբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 16-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Աշխատանքի պայմանների փոփոխման (...) դեպքում աշխատողը (...) իրավունք ունի դիմելու դատարան» դրույթն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 1-2-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով, որքանով այդ նորմերով նախատեսված «հաստիք» և «աշխատանքի պայման» հասկացությունների անորոշության պատճառով, որը չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, աշխատողը զրկվում է իր հաստիքը, ի թիվս այլնի, նաև խտրականության հիմքով կրճատելու գործատուի գործողությունը դատական կարգով բողոքարկելու իրավունքից»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Աշխատանքի պայմանների փոփոխման (...) դեպքում աշխատողը (...) իրավունք ունի դիմելու դատարան» դրույթն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 78, 79-րդ հոդվածներին, անվավեր են և հանգեցրել են իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:
Ըստ Դիմողի՝ Օրենսգրքի 265-րդ հոդվածում օգտագործվող «աշխատանքի պայմանի փոփոխում» ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և չի կարող հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի, օրինակ, աշխատաժամանակի ռեժիմի, պաշտոնի անվանման և աշխատանքային գործառույթների դեպքում Օրենսգրքի 105 և 106-րդ հոդվածները պարունակում են միմյանց հակասող ձևակերպումներ, իսկ նման պայմաններում հնարավոր չէ որոշել, թե դրանց փոփոխման դեպքում այդ գործողությունն Օրենսգրքի 263-րդ հոդվածի, թե՞ 265-րդ հոդվածի կարգով է ենթակա լինելու բողոքարկման, կամ եթե այդ հասկացությունները չեն հանդիսանում «աշխատանքի պայման», այլ հանդիսանում են «աշխատանքի էական պայման», արդյո՞ք Օրենսգրքի 265-րդ հոդվածի իրավակարգավորումը տարածվում է նաև «աշխատանքի էական պայմանների» վրա:
Դիմողի պնդմամբ՝ Օրենսգրքում «աշխատանքի պայման» հասկացության բովանդակության հստակ սահմանման բացակայությունը կարող է հանգեցնել տարաբնույթ մեկնաբանությունների, իսկ իրավակիրառողների համար այն անկանխատեսելի է և կարող է հանգեցնել աշխատողի՝ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման, ինչպես տեղի է ունեցել սույն պարագայում: Միաժամանակ, Դիմողն ընդգծում է, որ դատարանները, «աշխատանքի պայմանի փոփոխում» հասկացությունը չտարածելով աշխատողի հաստիքի կրճատման գործատուի գործողության վրա, խախտել են իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված՝ դատարանի մատչելիության իրավունքը:
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետին դատարանների կողմից տրված մեկնաբանության արդյունքում ձևավորվել է այնպիսի դատական պրակտիկա, որն իրավաչափ է համարում գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատողի հաստիքը ցանկացած ժամանակ կրճատելու գործատուի բացարձակ ու անսահմանափակ հայեցողությունը՝ զրկելով աշխատողին իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքից:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ արտադրական անհրաժեշտությունը և դրա հիման վրա աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատումը կարող է պայմանավորված լինել ընկերության իրավական կարգավիճակի և գույքային դրության փոփոխությամբ, ինչպես նաև այլ պատճառներով, ուստի այդպիսի անհրաժեշտության առկայության դեպքում ընկերության խորհուրդն ունի ընկերության վարչակազմակերպական նոր կառուցվածք և նոր հաստիքացուցակ հաստատելու բացառիկ հայեցողություն, (...)»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերոհիշյալ որոշմամբ նաև արձանագրել է. «(...) Հայցվորի կողմից վիճարկվել է Ընկերության խորհրդի որոշումը՝ Մարդկային ռեսուրսների կառավարչի հաստիքը կրճատելու մասով, որը չի հանդիսանում անհատական իրավական ակտ, ավելին, (...) Հայցվորն օժտված չէ այդ որոշումը վիճարկելու հնարավորությամբ, ինչն ինքնին ներկայացված հայցը մերժելու հիմք է»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնել թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ Օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/22059/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափությանը:
Արդյունքում՝ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմենուհի Հայրապետյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
25 հուլիսի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
