ՄԱԿԵԴՈՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 դեկտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 9 | ՄԱԿԵԴՈՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 դեկտեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Մակեդոն Ալեքսանյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մակեդոն Ալեքսանյանը 2018 թվականի դեկտեմբերի 4-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան և խնդրել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը համարել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր հնարավորություն ընձեռելով վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման օրենքով սահմանված կարգով»:
2. Դիմողը նշում է, որ վարչական դատարանի 2010 թվականի ապրիլի 27-ի վճռով մերժվել է իր հայցն ընդդեմ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի, Հակոբ Արտուշի Հակոբյանի, երրորդ անձ ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքի տարածքում հողերն աճուրդով օտարելու և մրցույթով վարձակալման տրամադրելու հանձնաժողովի` աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Նշված դատական ակտը նոր հանգամանքի ուժով վերանայելու համար դիմողը դիմել է վերաքննիչ դատարան: Որպես նոր հանգամանք նա վկայակոչել է Սահմանադրական դատարանի 2018 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1399 որոշումը, որով ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերության «Աճուրդն անցկացվում է փակ, որին մասնակցում են միայն գրանցված անձինք, կազմակերպիչը և արձանագրողը» դրույթն այն մասով, որով իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ արգելափակում է պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդներին սահմանված կարգով ներկա գտնվելու և աճուրդի ընթացքը դիտարկելու նման ցանկություն հայտնած անձանց, այդ թվում` իրենց կանոնադրական պարտականությունը կատարող կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 42-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դիմումն ընդդատյա է Վճռաբեկ դատարանին, 2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ այն վերադարձրել է: Վճռաբեկ դատարանը 2018 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ առանց քննության է թողել վարչական դատարանի 2010 թվականաի ապրիլի 27-ի վճռի դեմ նոր հանգամանքի հիմքով դիմողի բերած վճռաբեկ բողոքը: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը ոչ թե պետք է կիրառեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը, այլ ղեկավարվեր նույն օրենսգրքի 4-րդ բաժնով («Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած և նոր հանգամանքներով»): Դիմողի կարծիքով Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը կիրառել է այլ մեկնաբանությամբ, որը հակասում է նույն օրենսգրքի 180 և 183-րդ հոդվածների դրույթներին, ինչի արդյունքում խախտվել են իր Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները:
3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա գործի շրջանակներում կայացված դատական ակտերի վերլուծությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության, որովհետև դիմողի կողմից բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէր բողոքարկման վճռաբեկության կարգով. այն է դիմողը նոր հանգամանքի հիմքով վճռաբեկության կարգով բողոքարկել է վարչական դատարանի 2010 թվականի ապրիլի 27-ի վճիռը, որը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2010 թվականի հուլիսի 7-ի որոշման առկայության պայմաններում վճռաբեկության կարգով բողոքրակվել չէր կարող: Այսինքն դիմողի համար առաջացած անցանկալի իրավական հետևանքներն առաջացել են պայմանավորված այն հանգամանքով, որ դիմողը վճռաբեկության կարգով բողոքարկել է մի դատական ակտ, որը ենթակա չէր բողոքարկման: Դիմողը նոր հանգամանքի հիմքով պետք է վճռաբեկ բողոք ներկայացներ ոչ թե վարչական դատարանի վճռի, այլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված որոշման դեմ: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մակեդոն Ալեքսանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
19 դեկտեմբերի 2018 թվականի
ՍԴԴԿՈ-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 դեկտեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
