«ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-51)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 51 | «ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳՈՌ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գոռ Մարգարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գոռ Մարգարյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում բավարար, հստակ և արդյունավետ իրավական երաշխիքներ հայցի ապահովման միջոցները հայցի առարկայի սահմաններում կիրառելու և դրանց ընդլայնումը բացառելու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով որքանով դրանք չեն նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն այն քաղաքացիական դատավարության մասնակցի համար, որի սեփականության իրավունքը սահմանափակվել է դատարանի կողմից իր լիազորությունների գերազանցմամբ (ultra vires)` հայցի առարկայից դուրս գործելու արդյունքում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ, 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/6253/02/25 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները.
«(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, այնքանով որքանով այն չի սահմանում բավարար, հստակ և արդյունավետ իրավական երաշխիքներ՝ բացառելու համար հայցի ապահովման միջոց կիրառելիս դատարանի կողմից հայցի առարկայից դուրս, իր լիազորությունների գերազանցմամբ (ultra vires) գործելու հնարավորությունը, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին:
(...) Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորումները այնքանով որքանով դրանք չեն նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն այն քաղաքացիական դատավարության մասնակցի համար, որի սեփականության իրավունքը սահմանափակվել է դատարանի կողմից իր լիազորությունների գերազանցմամբ (ultra vires) հայցի առարկայից դուրս գործելու արդյունքում, համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքին, ինչպես նաև 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի երաշխավորման և պաշտպանության սահմանադրական չափանիշներին»:
Դիմողը նշում է, որ խնդրո առարկա դրույթի կիրառման արդյունքում կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառվել են հայցի ապահովման այնպիսի միջոցներ, որոնք էապես գերազանցել են հայցապահանջի հնարավոր բավարարման սահմանները՝ չլինելով անհրաժեշտ կամ պիտանի հետապնդվող նպատակին հասնելու համար:
Դիմողի պնդմամբ՝ հայցի առարկայից դուրս հայցի ապահովման միջոց կիրառելն ունի հստակ նորմատիվ-կառուցակարգային բնույթ, քանի որ հենց օրենքի ձևակերպումն է, որը, չսահմանելով պահանջի չափին համապատասխան ապահովման միջոց ընտրելու պարտադիր չափանիշներ և հստակ սահմաններ, թույլ է տալիս դատարանին գործնականում դուրս գալ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: Նման պայմաններում, ըստ Դիմողի, հայցի ապահովման միջոցների կիրառումը վերածվում է այնպիսի միջամտության, որն իր ծավալով այլևս չի տեղավորվում ապագա դատական ակտի կատարման երաշխավորման և դատական պաշտպանության արդյունավետության ապահովման տրամաբանության մեջ և կարող է գնահատվել լիազորությունների գերազանցմամբ գործելու հետևանք:
Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասն այն չափով, որքանով չի նախատեսում բավարար, հստակ և արդյունավետ իրավական երաշխիքներ հայցի ապահովման միջոցները հայցի առարկայի սահմաններում կիրառելու և դրանց փաստացի ընդլայնումը բացառելու համար, հանգեցնում է Սահմանադրության 60, 75, 78 և 79-րդ հոդվածներից բխող պահանջների խախտման և ենթակա է սահմանադրական վերահսկողության' կոնկրետ գործով կիրառված նորմի շրջանակում:
Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասին և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին՝ Դիմողը գտնում է, որ «(…) նույն սահմանափակումը այլ դատավորի կողմից հետագայում փոփոխվել և համապատասխանեցվել է վեճի առարկայի շրջանակներին, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ իրավաչափ որոշմամբ կիրառված ապահովման միջոցի դեպքում հենց այդ նույն դատավորին դիմելը՝ պահանջելով վերացնել կամ փոփոխել իր իսկ ընդունած որոշումը, կառուցակարգային առումով չի կարող դիտվել որպես արդյունավետ դատական պաշտպանության միջոց»:
Դիմողը գտնում է նաև, որ հակընդդեմ ապահովման ինստիտուտը չի նախատեսում այնպիսի ընթացակարգ, որի շրջանակներում հնարավոր կլիներ գնահատել՝ արդյոք կիրառված ապահովման միջոցը համաչափ է վեճի առարկային, արդյոք այն անհրաժեշտ էր տվյալ իրավիճակում, կամ արդյոք դատարանը, կիրառելով այն, փաստացի չի անցել իր լիազորությունների սահմանները և չի գործել հայցի առարկայից դուրս:
Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 6-րդ մասը և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով չեն նախատեսում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն այն անձի համար, որի նկատմամբ կիրառվել են ապահովման միջոցները, խաթարում են արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը՝ զրկելով անձին դատարանի կողմից թույլ տրված հնարավոր լիազորությունների գերազանցման վերանայման իրական հնարավորությունից: Միաժամանակ, այդ կարգավորումները խախտում են արդար դատաքննության՝ կողմերի իրավահավասարության և մրցակցության պահանջները՝ ստեղծելով ընթացակարգային առավելություն միայն հայցվորի համար, և չեն ապահովում կամայականությունից պաշտպանության բավարար երաշխիքներ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունը շարունակական բնույթ է կրում: Հետևաբար` ըստ Դիմողի` վիճարկվող իրավակարգավորումները իրենց կիրառական հետևանքով հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքներին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթները (սույն պարագայում նաև՝ դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին, ինչպես նաև 75, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքի համապատասխանությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրա միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 75, 78 և 79-րդ հոդվածներին:
Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Գոռ Մարգարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի, 131-րդ հոդվածի 6-րդ մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-51
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-51
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
