Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8318 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-83)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 սեպտեմբերի 2026թ. ՍԴԴԿՈ - 83 | ԱՐՏԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 սեպտեմբերի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Արտակ Ապրեսյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Ապրեսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Տիգրան Աբրահամյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 7-ին, որով Դիմողը խնդրել է.

«Դատական վերջնական ակտով Արտակ Հուսիկի Ապրեսյանի նկատմամբ կիրառված և դրա արդյունքում վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության, 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության, 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածի, 67-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքից պաշտպանվելու և 69-րդ հոդվածով նախատեսված դատապարտվածի բողոքարկման իրավունքների խախտման հանգեցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 375-րդ հոդվածի 2-րդ մասը և 381-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և 3-րդ մասի 4-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում ՀՀ վճռաբեկ դատարանի տրված մեկնաբանությունը ճանաչել սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԳԴ5/0005/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դուրս գալով պաշտպան Տ. Աբրահամյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններից, իր վրա մեղադրանքի կողմի գործառույթներ վերցնելով, առանձին սենյակում, առանց կողմերի մասնակցության որոշում կայացնելու ընթացքում մեղադրյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի փաստերի նկարագրության սահմաններից դուրս նոր փաստական հանգամանքներ մեղսագրելով, և արդյունքում` առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու, մեղսագրված և չմեղսագրված փաստական հանգամանքներին (արարքին) տարբերվող և սխալ իրավական գնահատական տալով, խախտել է մեղադրյալի պաշտպանության ապահովման, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները: Ըստ Դիմողի՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից թույլ տրված վերոնշյալ սխալի հետևանքով խախտվել են նաև մեղադրյալի՝ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Ըստ Դիմողի՝ «Ըստ էության, Դատարանը մեղադրյալ Արտակ Ապրեսյանին մեղավոր է ճանաչել այնպիսի արարքների կատարման մեջ, որպիսի մեղադրանք նրան առաջադրված չի եղել, վերջինս զրկվել է նոր մեղադրանքի մասին տեղեկացվելու և համապատասխան իրավունքներից օգտվելու հնարավորությունից, քանի որ մեղադրանքի այդ փոփոխությունների՝ ըստ էության, առաջադրված այդ նոր մեղադրանքի մասին մեղադրյալը տեղեկացվել է միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատական ակտն հրապարակելուց հետո, իսկ դատական ակտի բողոքարկման արդյունքում, բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանը նույնիսկ քննության չի էլ առել»:

Դիմողի պնդմամբ՝ «(...) վերաքննիչ ատյանի կողմից հանցագործության որակումը փոխելու հնարավորությունն ամրագրող իրավադրույթը սահմանադրական նորմերին համահունչ կենսագործելու համար անհրաժեշտ էր ապահովել մեղադրյալի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացումը, ինչը չի արվել»:

Դիմողը նշում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների, սկզբունքների համատեքստում՝ վերաքննության մոդելի պայմաններում, Վերաքննիչ դատարանը չպետք է իրավասու լինի դուրս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից և սեփական նախաձեռնությամբ վերաորակել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, քանի որ այդպիսով ստացվում է, որ վերաքննիչ ատյանը պարզապես կրկնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գործառույթները, ինչը խնդիրներ է առաջ բերում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի մասով: Դիմողը նշում է, որ դա տեղի է ունեցել սույն պարագայում, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել որևէ դատարանի առջև վիճարկել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից առանձին սենյակում իրեն առաջադրված նոր մեղադրանքը՝ վերագրված նոր փաստական հանգամանքներն ու դրանց տրված նոր իրավական գնահատականները, որոնց մասին ինքը տեղեկացել է միայն Վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտն ստանալուց հետո:

Ըստ Դիմողի՝ «(...) այն պարագայում երբ ՀՀ վճռաբեկ դատարանը Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տվել է այն մեկնաբանությունը, որ այն Վճռաբեկ դատարանին տրված բողոքը վարույթ ընդունելու լիազորության շրջանակում բողոքը վարույթ ընդունելու պարտադիր հիմք չէ, այլ հայեցողություն է, ապա այս մեկնաբանության առումով ևս առկա է իրավական բացի սահմանադրականության հարց:

Օրենսգրքում մեղադրանքի փոփոխության և արարքի իրավական որակման վերաորակման ներկայիս իրավակարգավորումների պարագայում, եթե Սահմանադրական դատարանը դրանք Սահմանադրությանը հակասող և անվավեր չճանաչի, երբ վերաքննիչ դատարանն իրավասու է արարքի իրավական վերաորակում անել գործով որոշման հրապարակման ժամանակ՝ այդպիսով անձին զրկելով մեղադրանքի դեմ արդյունավետ պաշտպանության իրավունքից, առկա է իրավական բաց Վճռաբեկ դատարանի կողմից նման պարագայում բողոքը վարույթ ընդունելու պարտադիր կարգավորման բացակայության մասով»։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 375-րդ հոդվածի 2-րդ մասի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 4-րդ կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը նշել է. «Դուրս գալով պաշտպան Տ. Աբրահամյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի սահմաններից, իր վրա մեղադրանքի կողմի գործառույթներ վերցնելով, առանձին սենյակում, առանց կողմերի մասնակցության որոշում կայացնելու ընթացքում մեղադրյալին նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի փաստերի նկարագրության սահմաններից դուրս նոր փաստական հանգամանքներ մեղսագրելով, և արդյունքում, առանց այդ հարցը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կողմերի համար քննարկման առարկա դարձնելու մեղսագրված և չմեղսագրված փաստական հանգամանքներին (արարքին) տարբերվող և սխալ իրավական գնահատական տալով՝ վերաքննիչ Դատարանը խախտել է մեղադրյալի պաշտպանության ապահովման, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները»:

Դիմողը նաև նշել է. «Վերաքննիչ դատարանը Արտակ Ապրեսյանին ամբողջական և ժամանակին տեղեկատվություն չի տրամադրել մեղադրանքի բնույթի և հիմքի մասին, վերջինս զրկվել է անձամբ կամ փաստաբանի միջոցով այդ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի կազմակերպելու հնարավորությունից:

Այսպիսով, վերաքննիչ ատյանի կողմից հանցագործության որակումը փոխելու հնարավորությունն ամրագրող իրավադրույթը սահմանադրական նորմերին համահունչ կենսագործելու համար անհրաժեշտ էր ապահովել մեղադրյալի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացումը, ինչը չի արվել»:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԳԴ5/0005/01/23 քրեական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արտակ Ապրեսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Վ. Վարդանյան

18 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-83

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-83
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել