ՎԱՂԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 նոյեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 6 | ՎԱՂԱՐՇԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 նոյեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Վաղարշակ Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Վաղարշակ Ավետիսյանը 2018 թվականի նոյեմբերի 2-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի «Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
2. Դիմողը նշում է, որ մի շարք այլ գործերի ուսումնասիրության արդյունքում կարելի է վկայակոչել այն փաստը, որ օրենքի փոփոխությունից հետո համապատասխան սուբյեկտները ցմահ ազատազրկումների գրեթե չեն դատապարտվել: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է Սահմանադրությանը խախտելով իր սահմանադրական հիմնական իրավունքը, մասնավորապես, իր իրավական վիճակը բարելավող նորմին հետադարձ ուժ տալու հնարավորությունը: Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով ավելի խիստ որոշակի ժամկետով ազատազրկում նախատեսող նորմը թեև առաջին հայացքից խստացնող է, սակայն իր դեպքում չպետք է կիրառվի տառացի մեկնաբանությամբ, քանի որ դատարանն ավելի խիստ պատժաչափ սահմանելու հնարավորության դեպքում կկարողանար խուսափել ոչ համաչափ ցմահ ազատազրկում պատժատեսակը կիրառելուց, ուստի նշված նորմին պետք է հետադարձ ուժ տրվի առնվազն ցմահ դատապարտվածների իրավունքների խախտումների բացառման նպատակով:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այսպես, գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. սեպտեմբերի 1-ի դատավճռով Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցանքներում։ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4- րդ կետերով դատապարտվել է ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 2 /երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով դատապարտվել է ցմահ ազատազրկման։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները կլանելու միջոցով, Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվել է ցմահ ազատազրկում:
Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանը դիմում է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով վերանայել նույն դատարանի 01.09.2009թ. թիվ ՀՔՐԴ1/0010/01/09/ դատավճիռը համաձայն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.05.2011թ. ՀՕ-143-Ն օրենքի: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի հուլիսի 4-ին որոշել է. «Դիմումը բավարարել: Վերանայել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.09.2009թ. թիվ ՀՔՐԴ1/0010/01/09/ դատավճիռը: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 23.05.2011 թվականի ՀՕ-143-Ն օրենքի համաձայն, դատապարտյալ Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքից հանել արարքի կրկնակիությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով առաջադրված մեղադրանքը և դատավճիռը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին: Դատապարտյալ Վաղարշակ Արամայիսի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքից հանել արարքի կրկնակիությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը և դատավճիռը համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասին, որով պատիժ սահմանել ազատազրկում 1 տարի ժամկետով: Դատավճիռը Վ. Ավետիսյանի վերաբերյալ պատժի և մնացած մասերով թողնել անփոփոխ»:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սույն որոշումը դիմողը չի բողոքարկել վերաքննության կարգով, այսինքն չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով համապատասխան սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են
ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վաղարշակ Ավետիսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
20 նոյեմբերի 2018 թվականի
ՍԴԴԿՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
