Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7421 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 74 | ՍԵԴՐԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 օգոստոսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Սեդրակ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սեդրակ Սարգսյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 6-ին), խնդրել է հետևյալը.

«Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասն՝ այնքանով, որքանով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ է տալիս, որպեսզի այն դեպքում, երբ անձն իրավասու դատարանի կողմից դատապարտվում է հանցանք կատարելու համար, այդ անձի նկատմամբ կիրառվի կալանք՝ առանց ժամկետի»:

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/0316/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանն այն պայմաններում, երբ թույլ է տալիս, որ այն դեպքում, երբ անձն իրավասու դատարանի կողմից դատապարտվում է հանցանք կատարելու համար, այդ անձի նկատմամբ կիրառվի անժամկետ կալանք:

Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը «չի ճանաչում» առանց դատարանի որոշմամբ սահմանված՝ խիստ որոշակի ժամկետով մեղադրյալի նկատմամբ կիրառվող կալանք, ինչից ուղղակիորեն և անվերապահորեն հետևում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետով նախատեսված իրավական չափանիշի հիմքով մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառվել չի կարող այնքանով, որքանով և՛ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և՛ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետը «պարտադրում են», որ իրավասու դատարանի կողմից դատապարտվելու դեպքում անձի նկատմամբ կալանք կիրառելու կարգը նախատեսված լինի օրենքով, չնայած նրան, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ կարգ, որը թույլ կտար, որ իրավասու դատարանի կողմից դատապարտվելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կիրառվի կալանք՝ առանց խիստ որոշակի ժամկետի և առանց այդ ժամկետը լրանալու դեպքում մեղադրյալի կալանքի երկարաձգման հարցի քննության հնարավորության:

Դիմողը նշում է, որ ի տարբերություն գործող՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ի կենսագործումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավական չափանիշի, նախատեսում էր իրավասու դատարանի կողմից դատապարտվելու դեպքում մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու կարգ, մասնավորապես՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի 4 և 5-րդ կետերը նախատեսում էին, որ դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանք կարող է կիրառել այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց կամ մեղադրյալը կարող է խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Վերոգրյալից ելնելով՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը չի համապատասխանում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանը, քանի որ թույլ է տալիս, որ այն դեպքում, երբ անձն իրավասու դատարանի կողմից դատապարտվում է հանցանք կատարելու համար, այդ անձի նկատմամբ կիրառվի կալանք՝ առանց ժամկետի:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/0316/01/23 քրեական գործով դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության և դրանց հիմքում դրված իրավական գնահատականների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԿԴ/0316/01/23 քրեական գործի շրջանակներում դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սեդրակ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Է. Շաթիրյան

Հ. Հովակիմյան

21 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-74

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-74
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել