Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑՈՎ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑՈՎ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11510 հոկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-115)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 հոկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 115 | «ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑՈՎ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑՈՎ ՀԱՅՑՎՈՐՆԵՐԻ` ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռոբերտ Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի սահմանում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով հայցվորների՝ պետական տուրքի վճարումից ազատված լինելու իրավունքը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ռոբերտ Գրիգորյանի (այսուհետ նաև՝ դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 18-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«(...) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով որքանով չի սահմանում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով հայցվորների պետական տուրքի վճարումից ազատված լինելու իրավունքը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Գործի դատավարական նախապատմությունը1

------------------------------------------

1 Սույն գործի դատավարական նախապատմությունը ներկայացվում է` հիմք ընդունելով դիմողի կողմից դիմումի շրջանակներում ներկայացված տվյալները, ինչպես նաև սույն գործով ներկայացված դատական ակտերով հաստատված հանգամանքները:

2.1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 13199318 քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի ապրիլի 22-ին2 ժամը 16:25-ին Ռոբերտ Գրիգորյանը ձերբակալվել է:

2.2. ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի որոշմամբ 2018 թվականի ապրիլի 23-ին3 ժամը 22:06-ին Ռոբերտ Գրիգորյանն ազատ է արձակվել:

------------------------------------------------------

2 Ըստ դիմումի՝ Ռոբերտ Գրիգորյանը ձերբակալվել է 2018 թվականի ապրիլի 22-ին, իսկ ըստ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թ. կայացրած թիվ ԵԴ/1977/02/19 վճռի՝ դիմողը ձերբակալվել է 2018 թվականի ապրիլի 24-ին։

3 Տվյալ ամսաթիվը նշված է դիմողի կողմից, իսկ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թ. կայացրած թիվ ԵԴ/1977/02/19 վճռի մեջ նշված է «33.04.2018 թ.» ամսաթիվը։

2.3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 10.05.2018 թ. թիվ ԵԴ/0031/18/18 որոշմամբ հաստատել է Ռոբերտ Գրիգորյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և վերջինիս իրավունքների խախտումը: Նշված որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

2.4. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռոբերտ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ 500.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում, տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին, 2022 թվականի մայիսի 26-ին վճռել է Ռոբերտ Գրիգորյանի հայցը մերժել և հայցվոր Ռոբերտ Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես 500.000 ՀՀ դրամի չափով ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջը դատարանում քննության առնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով վճարման ենթակա պետական տուրքի գումար:

2.5. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի Ռոբերտ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ 500,000 ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում, տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թ. վճռի դեմ Ռոբերտ Գրիգորյանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2022 թվականի հուլիսի 19-ին կայացրել է «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում:

2.6. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ հայցի Ռոբերտ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թ. «Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ռոբերտ Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2022 թվականի նոյեմբերի 16-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

2.7. Ռոբերտ Գրիգորյանը 2023 թվականի մայիսի 18-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով «(...) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով որքանով չի սահմանում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով հայցվորների պետական տուրքի վճարումից ազատված լինելու իրավունքը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2.8. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննության առնելով թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի` Ռոբերտ Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին, վարույթ ընդունելու հարցը, 2023 թվականի հունիսի 26-ին որոշել է թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործը (վերաքննիչ բողոքը) ընդունել վարույթ և բողոքի քննությունն սկսել սկզբից:

2.9. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Ռոբերտ Էդուարդի Գրիգորյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թ. թիվ ԵԴ/1977/02/19 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով, ըստ հայցի` Ռոբերտ Էդուարդի Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին, 2023 թվականի օգոստոսի 11-ին որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի թիվ ԵԴ/1977/02/19 վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցի լուծմանն անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ վիճարկվող օրինադրույթով սահմանվում են դատարաններում պետական տուրքի վճարումից ազատման իմպերատիվ հիմքերը: Այն նաև սահմանում է արդարացված մեղադրյալների համար արտոնություն՝ դատարան դիմելիս պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ օրենսգիրք) 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետական տուրքի վճարումից ազատում:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթն իր համար բացասական իրավական հետևանք է առաջացրել այն պատճառով, որ այն չի նախատեսում համանման արտոնություն հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով ևս՝ ստեղծելով օրենքի կարգավորման բաց, որը հակասում է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված՝ դատական պաշտպանության և դատարանի հասանելիության իրավունքներին:

Դիմողը կարծում է, որ վիճարկվող նորմը թե՛ իրավահարաբերությունների ծագման պահին, թե՛ գործող խմբագրությամբ սահմանում է, որ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցերով: Դիմողը նշում է. «(...) Մինչդեռ հանրային իշխանություն կրող տարբեր մարմինների կողմից անձանց հիմնարար այլ իրավունքների խախտման դեպքում ևս խախտման զոհերը պետք է ազատված լինեն իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցում ստանալու համար դատարան դիմելիս պետական տուրքի վճարից: Նման արտոնությունը բխում է դատարանի հասանելիության և մատչելիության իրավունքի կարևորությունից և խախտված իրավունքների վերականգման անհրաժեշտությունից»:

Դիմողը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը տվել է հստակ կարգավորում ինչպես հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման կարգին, այնպես էլ հիմքերին ու պայմաններին, մինչդեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) դատարան դիմելիս պետական տուրքից ազատումը նախատեսել է այդ պայմաններից միայն մեկի առնչությամբ, այն է՝ խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցերի դեպքում, որն անհավասար և ոչ միատեսակ մոտեցում է խոշտանգման զոհերի և այլ հիմնարար իրավունքների խախտումների զոհերի միջև այն իմաստով, որ անհասկանալի են օրենսդրի նման ընտրության և կարգավորման հիմքերն ու նպատակներն այն դեպքում, երբ քաղաքացիական օրենսդրության վերաբերելի նորմերը կարգավորում են համասեռ հասարակական հարաբերություններ:

Դիմողը գտնում է, որ «(...) այն դեպքում, երբ քրեական մարմինը կամ ներպետական դատարանները հաստատել են կոնկրետ գործով անձի հիմնարար իրավունքի խախտման փաստը, անձը ստիպված է կրկին դիմել դատարան հաստատված խախտմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու համար (ներպետական ընթացակարգերի համաձայն): Նման պայմաններում մարդու հիմնարար իրավունքների խախտման զոհից օրենսդրությամբ գումար գանձելը՝ վերջինիս դատարան դիմելու հնարավորություն տալու համար խոչընդոտում է վերջինիս՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված՝ արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացումը: Ուստի պետության կողմից պատճառված վնասների հատուցում ստանալու համար անձը չպետք է կրի հավելյալ բեռ՝ պետական տուրքի վճարման տեսքով, ինչը սահմանափակում է նաև անձի՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ արդար դատաքննության տարր հանդիսացող՝ դատարանի մատչելիության իրավունքը»:

Ամփոփելով՝ դիմողը նշում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով պետական տուրքի վճարումից ազատված լինելու հիմքերի մեջ չի ներառում մարդու հիմնարար բոլոր իրավունքների խախտման և, մասնավորապես՝ ոչ իրավաչափ ազատությունից զրկելու հետևանքով անձի կրած վնասների հատուցման դեպքերը, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ պատասխանող) նշում է, որ դիմողի դիրքորոշումը հանգում է նրան, որ ցանկացած հիմնարար իրավունքի խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով պետք է սահմանվի պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն, մինչդեռ պատասխանողը փաստում է, որ վիճարկվող նորմը պետական տուրքի մասով նախատեսել է խոշտանգման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման հայցերով պետական տուրքից ազատման արտոնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում սահմանվել է արտոնություն «առավել խոցելի» անձանց շրջանակի համար: Ավելին՝ Օրենքը համանման արտոնություն սահմանում է նաև անարդարացի դատապարտման դեպքում:

Պատասխանողն արձանագրում է, որ Օրենքի 22-րդ հոդվածից բխում է, որ հայցվորին պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն տրամադրելու հիմքում ընկած է այն ընդհանուր օրինաչափությունը, համաձայն որի՝ հատկապես հաշվի են առնվում նման արտոնություն տրամադրելու անհրաժեշտությունը պայմանավորող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վնաս կրելու հետևանքով արդարացի փոխհատուցում պահանջող անձանց՝ սոցիալապես առավել անապահով վիճակում գտնվելը, կրած վնասի հնարավոր չափերը, հետևաբար՝ նաև գույքային բնույթի հայցապահանջներով պայմանավորված պետական տուրքի չափը, անձանց «առավել խոցելի» կարգավիճակում լինելը:

Վերոգրյալի լույսի ներքո՝ պատասխանողը գտնում է, որ օրենսդրի կողմից դատարան ներկայացվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն սահմանելը հետապնդում է լեգիտիմ նպատակ, այն է՝ փոխհատուցել պետության՝ արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:

Այս կապակցությամբ պատասխանողը փաստում է, որ օրենսդրի կողմից ընտրված միջոցը պիտանի և անհրաժեշտ է նշված նպատակներին հասնելու համար և չի հանգեցնում անձի հիմնարար իրավունքի անհամաչափ սահմանափակմանը:

Ի լրումն վերոգրյալի՝ պատասխանողը նաև արձանագրում է, որ օրենսդրի նման մոտեցումն ինքնանպատակ չէ և միտված է ապահովելու հավասարակշռություն, մի կողմից՝ դատարաններում պետական տուրք գանձելու՝ պետության օրինավոր շահի, դատարաններում պետական տուրք վճարելու՝ անձի սահմանադրական պարտականության, և մյուս կողմից՝ դատարանների միջոցով իր իրավունքները պաշտպանելու՝ դիմողի օրինավոր շահի միջև:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴԱՈ-199 աշխատակարգային որոշմամբ անհատական դիմումների ընդունելիության պայմանների վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ իրավունքի պաշտպանության միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով վիճարկվող նորմի կիրառված լինելու, ինչպես նաև վիճարկվող նորմի սահմանադրականության ստուգման արդյունքում այն հակասահմանադրական ճանաչելու իրավական հետևանքների համալիր նպատակը` անհատական դիմումների հիման վրա, իրավական ակտերի սահմանադրականության կոնկրետ վերահսկողության միջոցով Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված՝ մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների պաշտպանությամբ Սահմանադրության գերակայության ապահովումն է։

Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման մեջ նշված է. «(...) կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով»։

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակում համապատասխան իրավական ակտերի սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանի սահմանադրական այն լիազորությունն է, որն իրացվում է դատական պաշտպանության միջոցների սպառմամբ սահմանադրական հիմնարար իրավունքի ենթադրյալ խախտումից հետո դատական պաշտպանության այլ միջոցների գործադրմամբ այդ իրավունքի վերականգնման անհնարինության դեպքում։

Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն գործի նյութերը, արձանագրում է, որ դիմողը թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացրել է 500.000 ՀՀ դրամ որպես ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայց՝ միաժամանակ Սահմանադրական դատարանում բարձրացնելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարց՝ այնքանով, որքանով հիշյալ դրույթը պետական տուրքի վճարումից ազատված լինելու հիմքերի մեջ չի ներառում մարդու հիմնարար բոլոր իրավունքների խախտման և, մասնավորապես՝ ոչ իրավաչափ ազատությունից զրկելու հետևանքով անձի կրած վնասների հատուցման դեպքերը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ հիշատակված քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով Ռոբերտ Գրիգորյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թ. թիվ ԵԴ/1977/02/19 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով, ըստ հայցի` Ռոբերտ Էդուարդի Գրիգորյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում տրամադրելը պարտավորեցնելու պահանջի մասին, 2023 թվականի օգոստոսի 11-ին որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի թիվ ԵԴ/1977/02/19 վճիռը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցի լուծմանն անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործի լուծումը, ըստ էության, պայմանավորելու է տվյալ գործով դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի բաշխման հարցը, քանզի տվյալ գործի շրջանակներում քննության առարկան, ըստ էության, դիմողի՝ ոչ իրավաչափ ձերբակալման հետևանքով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցում ստանալու իրավունքի առկայության բացահայտումն է: Հաշվի առնելով, որ հիշատակված որոշմամբ թիվ ԵԴ/1977/02/19 քաղաքացիական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը, ըստ էության, չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։ Այս համատեքստում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձինք մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում՝ պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքով։

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու և վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պահանջները:

Վերահաստատելով Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ռոբերտ Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ այնքանով, որքանով չի սահմանում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ հայցով հայցվորների պետական տուրքի վճարումից ազատված լինելու իրավունքը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 հոկտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-115

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-115
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել