ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 60 | ԱՍՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 նոյեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Ասյա Մաթևոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ասյա Մաթևոսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 10-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...)
2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4735/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանն անմիջականորեն չի կիրառել և սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 96-րդ հոդվածը, որն էլ խաթարել է որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրերի բուն էությունը:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով գործատուին վերապահված՝ որոշակի ժամկետով կնքվող պայմանագրերի վաղաժամկետ լուծման հնարավորությունը հակասում է օրենքին, ձևակերպված չէ բավարար հստակությամբ, ինչը գործնականում հանգեցնում է դրույթի ոչ միանշանակ մեկնաբանությանն ու կիրառությանը:
Դիմողը գտնում է, որ իրավական որոշակիությունը կամ կանխատեսելիությունը պահանջում են, որ ցանկացած վկայակոչված նորմ ձևակերպված լինի բավականին ճշգրիտ, որպեսզի անձը հնարավորություն ունենա, հանգամանքներից ելնելով, ողջամտորեն կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել այս կամ այն գործողությունը: Դրանից բացի, ըստ Դիմողի՝ կանխատեսելի և հստակ պետք է լինի այն ոչ միայն նորմը, այլև պետական մարմնի գործողությունը և պահանջը: Ընդ որում, պետական մարմնի գործողության կանխատեսելիությունն ուղղակիորեն բխում է կիրառվող դրույթի իրավական որոշակիությունից:
Դիմողը, նշում է, որ «Ասյա Մաթևոսյանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի գործողության ժամկետը սահմանվել է մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, այն է՝ մինչև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի առաջին կարգի մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը: Սակայն, մինչև մրցույթի կազմակերպումը նշված հաստիքը կրճատվել է», ուստի՝ գտնում է, որ որոշակի ժամկետով կնքվող պայմանագրերի պարագայում պայմանագրի էական պայման է համարվում ժամկետը (լինի դա սահմանված մինչև որոշակի օրացույցային տարին, ամիսը, ամսաթիվը, թե մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը):
Դիմողը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշմանը, այն է՝ «Ժամկետային պայմանագիրը ոչ թե լուծվում է մինչև պայմանագրի ժամկետի լրանալը, այլ լրանում է այդ պայմանագրի գործողության ժամկետը», գտնում է, որ այդ մեկնաբանությունը կասկածի տակ է դնում որոշակի ժամկետով կնքվող պայմանագրերի օրինականությունը, քանի որ, եթե օրենսդրի նպատակն է եղել որպես ժամկետ սահմանել տվյալ պարագայում կոնկրետ իրադարձության տեղի ունենալը, ապա «ինչպես կարելի է պայմանագրի գործողության ժամկետը լրացած համարել այն դեպքում, երբ անգամ տեղի չի ունեցել պայմանագրով նախատեսված իրադարձությունը»:
Դիմողը նշում է, որ պայմանագրի երկու կողմերի իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից կարևոր է, որ այդ իրավահարաբերությունները զուրկ լինեն կողմերի կամայականություններից և վերջիններիս կողմից իրենց իրավունքների չարաշահումից, և «ստացվում է, որ պայմանագիրը գործատուի կողմից վաղաժամկետ լուծելու դրույթը միակողմանիորեն պաշտպանում է գործատուի շահերը՝ դրանով էլ կրկին հակասելով «օրենքի առջև բոլորի հավասարության» սահմանադրական նորմին»:
Ամփոփելով՝ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը սխալ է բացահայտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի դրույթները՝ սխալ մեկնաբանելով ու սխալ կիրառելով այն, ինչի արդյունքում կայացվել է ակնհայտ անհիմն, օրենքին հակասող և գործն ըստ էության սխալ լուծող դատական ակտ:
3. Ելնելով դիմումի և թիվ ՎԴ/4735/05/22 վարչական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննութունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ Սահմանադրության 28-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջև հավասարության և 79-րդ հոդվածով սահմանված՝ որոշակիության սկզբունքի պահանջներին համապատասխանությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/4735/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակությանը՝ չներկայացնելով վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՎԴ/4735/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ասյա Մաթևոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
21 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-60
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-60
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
