«ԼԻԼԻԹ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-105)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 հոկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 105 | «ԼԻԼԻԹ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
«ԼԻԼԻԹ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 129-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի, աշխատակարգային նիստում քննության առնելով «Lիլիթ Օհանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Լիլիթ Օհանյանը (ներկայացուցիչ փաստաբան Մինաս Մալխասյան) 2019 թվականի սեպտեմբերի 13-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումում խնդրել է. «Խնդրում եմ հակասահմանադրական ճանաչել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՀՕ-110-Ն) 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը»:
2. Դիմողը գտնում է, որ ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը դասվել և դասվում է մարդու հիմնական քաղաքացիական իրավունքների և ազատությունների շարքին: Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու սահմանադրական իրավունքների հետ մեկտեղ այն մարդուն հնարավորություն է տալիս սեփական կամքին համապատասխան տեղաշարժվել տարածության մեջ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանվել իր նկատմամբ կատարվող ոտնձգություններից: Դիմողը նշում է, որ մեկնաբանվող իրավունքը հռչակված է մարդու իրավունքների մասին գրեթե բոլոր հիմնական միջազգային փաստաթղթերում, մասնավորապես 1966 թվականի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 4-րդ Արձանագրության 2-րդ հոդվածում: Դիմողի կարծիքով չնայած տարածաշրջանային և համաշխարհային մակարդակի միջազգային իրավական ակտերում առկա որոշակի բովանդակային տարբերություններին մեկնաբանվող իրավունքի ընդհանրական վերլուծությունը հնարավորություն է տալիս ասելու, որ լայն իմաստով ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու սահմանադրական իրավունքը մարդու բնականորեն ծագած, անօտարելի, օրենսդրորեն ամրագրված և երաշխավորված իրավազորությունն է օգտվելու այն երկրի տարածքում անարգել տեղաշարժվելու, ինչպես և իր կողմից որոշվող վայրում ժամանակավորապես կամ մշտապես բնակվելու հնարավորությունից, որի տարածքում նա օրինական հիմքերով գտնվում է: Ըստ դիմողի, մարդն ինքն է որոշում, թե իր օրինական զբաղեցրած տարածքներից որն է ամրագրվելու որպես բնակության վայր, իսկ պետությունն իրավասու չպետք է լինի տվյալ հասցեում մարդու բնակության վայրը չհամարել որպես այդպիսին: Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է ենթարկվել սահմանափակման բացառապես օրենքով:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6–րդ կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերը նշված նորմից բխում է, որ դիմողը, միաժամանակ, պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով փաստարկի իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր կոնկրետ սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթ(ներ)ի կամ դրա(նց) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնց չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Դիմումի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողը ներկայացնում է երկու փաստարկ. ա/ որևէ սահմանադրական իրավունքի սահմանափակման համար պետք է լինի օրենսդրական ուղղակի պահանջ ամրագրված «օրենք» անվանումը կրող նորմատիվ իրավական ակտում, բ/ վիճարկվող նորմը Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ կիրառելիս հանգեցրել է ազատ տեղաշարժվելու հիմնական իրավունքի սահմանափակման: Դիմողի վերը նշված փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել հիմնավորումներ իր ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Սույն գործով վերջնական դատական ակտ հանդիսացող ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 6-ի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բավարարելով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, արգելել է Լիլիթ Օհանյանին իր անչափահաս երեխաներին դուրս բերել ՀՀ տարածքից, այլ ոչ թե արգելել է դիմող Լիլիթ Օհանյանին դուրս գալ ՀՀ տարածքից: Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ որևէ սահմանադրական իրավունքի սահմանափակման համար պետք է լինի օրենսդրական ուղղակի պահանջ ամրագրված «օրենք» անվանումը կրող նորմատիվ իրավական ակտում, ապա պարզ չէ, թե դիմողն ինչ ի նկատի ունի. դիմողը պարզապես ներկայացնու՞մ է տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, թե՞ դժգոհում է նրանից, որ ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման համար բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված վիճարկվող նորմը, այլ պետք է ընդունվի նաև առանձին օրենք: Վերոնշյալ հիմնավորումների բացակայությունը սույն դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Lիլիթ Օհանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
4 հոկտեմբերի 2019 թվականի
ՍԴԱՈ-105
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հոկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-105
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
