ԳԵՂԵՑԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 31 | ԳԵՂԵՑԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հունիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ`
Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Գեղեցիկ Գաբրիելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գեղեցիկ Գաբրիելյանը 2019 թվականի մայիսի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի (մինչև 20.10.16 ՀՕ-166-Ն օրենքով փոփոխությունը) 1-ին և 2-րդ մասերը, չեղարկել եզրույթի բոլոր հոլովաձևերով, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, առ այն, որ առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ չէ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60- րդ հոդվածի 4-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին ու 78-րդ հոդվածին հակասող և անվավեր, կամ իրավական որոշակիության չափանիշներին չհամապատասխանող, այն է Սահմանադրության 6-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, այնքանով, որքանով ՀՀ վճռաբեկ դատարանին լիազորություն է տալիս ամբողջությամբ բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես նաև, այնքանով, որքանով իրավակիրառ պրակտիկայում վճռաբեկ դատարանին լիազորություն է տալիս բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի (վարչական դատարանի) վճիռը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին, 63-րդ հոդվածին ու 171-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:
2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (մինչև 20.10.16 թ. ՀՕ-166-Ն օրենքով փոփոխությունը) 35-րդ հոդվածի մասով հիմք ընդունելով թիվ ՎԴ/9420/05/13 վարչական գործով Վճռաբեկ դատարանի երեք դատավորների հատուկ կարծիքում արտացոլված վարչական ակտի չափորոշիչների վերաբերյալ դիրքորոշումը դիմողը գտնում է, որ առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ է, մինչդեռ Վճռաբեկ դատարանն իր մեկնաբանությամբ արտահայտել է հակառակ դիրքորոշում:
Վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով դիմողը ներկայացնում է հետևյալ հիմնավորումը. «Թեև վիճարկվող նորմում հստակ է նշված մասնակիորեն բեկանելու մասին, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտն անփոփոխ թողնելու մասին, Վճռաբեկ դատարանը, իրավակիրառ պրակտիկայում, վիճարկվող նորմը կիրառում է այնպիսի մեկնաբանությամբ, որ ամբողջովին է բեկանում և փոփոխում վերաքննիչ դատարանի դատական ակտը, ավելին, ըստ էության բեկանում և փոփոխում է նաև առաջին ատյանի դատարանի (վարչական դատարանի) դատական ակտը վճիռը, այն դեպքում, երբ նման լիազորություն չունի»:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` սույն գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ընդ որում, ելնելով անհատական դիմումի հիման վրա սահմանադրական վերահսկողության կոնկրետ ձևի նպատակներից, դիմումի հիմնավորվածության պահանջը ներառում է նաև վիճարկվող նորմի և դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ այն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի (մինչև 20.10.16 թ. ՀՕ-166-Ն օրենքով փոփոխությունը) 35-րդ հոդվածի մասով թեև պարունակում է որոշակի հիմնավորումներ, այդուհանդերձ, ներկայացված չէ վիճարկվող նորմի և դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման միջև պատճառահետևանքային կապը: Մասնավորապես, դիմողը գտնում է, որ առանց նոր սեփականության իրավունքի պետական գրանցման գործող սեփականության իրավունքի պետական գրանցման չեղարկումը վարչական ակտ չհամարելը խախտում է դիմողի սեփականության իրավունքը (Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մաս), արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը (Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մաս), իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սկզբունքը (Սահմանադրության 75-րդ հոդված), համաչափության սկզբունքը (Սահմանադրության 78-րդ հոդված): Մինչդեռ, վարչական դատավարության արդյունքում ընդունված դատական (այդ թվում վերջնական) ակտերից չի երևում, որ դիմողը վիճելի բնակարանի սեփականատերը կամ համասեփականատերն է, կամ դատական ակտով, որով կիրառվել են վիճարկվող դրույթները, դիմողի ո՞ր իրավունքին են առնչվում: Ներկայացված չեն նաև այդ փաստը հաստատող այլ ապացույցներ: Հետևաբար դիմողը չի հիմնավորել այն հանգամանքը, որ կոնկրետ գործի շրջանակներում ինքն ունեցել է պաշտպանության ենթակա իրավունք, սակայն դատական ակտով կիրառված դրույթներն իր կարծիքով խախտել են այդ իրավունքը:
Ինչ վերաբերում է դիմումի հիմնավորվածությանը Վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով, ապա ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, դիմողն այդ մասով իրականում, որպես հիմնավորում, առաջ է քաշում Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, իսկ Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Գեղեցիկ Գաբրիելյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
17 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
