Ալեքսանյան
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը · Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը · ՄԻԵԿ հոդված 6. Արդար դատաքննության իրավունքԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առաջին ատյանի դատարանը, քննարկելով նախաքննության մարմնի միջնորդությունը, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ թույլատրել է Ա․Ալ
Ամբողջ Տեքստ
19/12.07.2022
Մ-13311/22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Դ․Արղամանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Լ․Հովհաննիսյան
2024 թվականի սեպտեմբերի 16-ին քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Էրիկ Սարգսի Ալեքսանյանի պաշտպան Զ․Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է նախաքննության մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առաջին ատյանի դատարանը, քննարկելով նախաքննության մարմնի միջնորդությունը, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ թույլատրել է Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս ժամանակով՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը։
2. 2022 թվականի հոկտեմբերի 17-ին թիվ 58236222 քրեական վարույթով Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 3․ Քննարկելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի բողոքը՝ Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ այն թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Զ․Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։ 2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին[1]։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների մի շարք որոշումներ, պնդել է, որ Ա.Ալեքսանյանի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն անմիջականորեն առնչվում են նաև մեղադրյալ Է.Ալեքսանյանի իրավունքներին և օրինական շահերին, վկայում են վերջինիս մասնավոր կյանքի իրավունքի սահմանափակման մասին: Բողոքաբերի պնդմամբ Ա․Ալեքսանյանի նկատմամբ «Ներքին դիտում» ՕՀ միջոցառման արդյունքները պարունակող լազերային սկավառակի զննության արդյունքում պարզվել է, որ ձայնային ֆայլերի մեջ արձանագրված խոսակցությունները, ըստ նախաքննական մարմնի, տեղի են ունենում Է․Ալեքսանյանի և Ա․Ալեքսանյանի միջև։ Հետևաբար, ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանի՝ Ա․Ալեքսանյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելը թույլատրելու մասին որոշումներով սահմանափակվել է նաև Է․Ալեքսանյանի հաղորդակցության գաղտնիության իրավունքը։ Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ կատարված ՕՀ միջոցառման արդյունքները ծառայել են Է․Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և փաստական հիմք են հանդիսացել վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու համար: Ուստի, ըստ բողոքաբերի՝ Է․Ալեքսանյանը միանշանակ պետք է դիտվի որպես շահագրգիռ անձ և լիարժեք իրավունք ունենա վիճարկելու Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը: Վերը նշվածի համատեքստում բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանություններում չսահմանափակվելով միայն այն հանգամանքով, որ ՕՀ միջոցառումների կատարումը թույլատրվել է մեկ այլ անձի` Ա.Ալեքսանյանի նկատմամբ, պետք է գնահատման ենթարկեր նաև Է.Ալեքսանյանին որպես շահագրգիռ անձ դիտարկելու հարցը։
6. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը՝ վարույթը փոխանցելով նույն դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Ա․Ալեքսանյանի նկատմամբ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, նշել է հետևյալը․ «(…) Դատարան ներկայացված նյութերը վկայում են այն մասին, որ ըստ ստացված տվյալների՝ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանը՝ զբաղեցնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, իր վարույթում գտնվող տարբեր դատական գործերով, դեռևս չպարզված անձանցից պարբերաբար պահանջում և ստանում է խոշոր չափերով՝ 2.000.000-5.000.000 (երկու միլիոնից մինչև հինգ միլիոն) ՀՀ դրամ գումար կաշառք՝ իր իշխանական լիազորությունների շրջանակներում կաշառք տվողների ներկայացրած անձանց օգտին դատավարական որոշումների կայացման համար: Դատարանն արձանագրում է, որ ներկայացված տվյալները առերևույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի հնարավոր առկայության մասին, որը՝ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ դասվում է առանձնապես ծանր հանցանքների տեսակին: Միջնորդությունից և ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Արուսյակ Ալեքսանյանն օգտագործում է 055-44-74-34 և 041-57-50-11 բջջային հեռախոսահամարները, վերջինիս աշխատասենյակը գտնվում է ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի 3-րդ հարկում՝ գլխավոր մուտքի աջակողմյան աստիճանահարթակով դեպի 3-րդ հարկ բարձրացող, նշված հարկի աստիճանահարթակներից անմիջապես դեպի աջ տանող միջանցքի ուղղությամբ տեղակայված աջակողմյան առաջին սենյակի ներսում՝ նշված սենյակի մուտքից անմիջապես աջ կողմում տեղակայված առանձնացված սենյակում և իր՝ վերոգրյալ հնարավոր հանցավոր գործունեությանը վերաբերելի խոսակցությունները վարում է նշված հեռախոսահամարով և նշված հասցեից։ Բացի այդ, ըստ ներկայացված նյութերի՝ միջնորդություն ներկայացրած օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը ձեռնարկել է նաև այլ միջոցներ՝ ձեռնարկվել են «օպերատիվ հարցում» և «օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որոնց արդյունքում հնարավորություն չի ընձեռնվել հաստատել կամ հերքել ստացված օպերատիվ տեղեկությունները։ Նկատի ունենալով, որ ներկայացված նյութերը պարունակում են տեղեկություններ Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի կողմից առերևույթ ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման և այդ հանցավոր գործունեությունը վերջինիս կողմից շարունակելու հավանականության մասին, միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել ձեռք բերել ենթադրյալ հանցագործության բացահայտման և հանցավոր գործունեության շարունակումը կանխելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ այլ եղանակով ողջամտորեն հնարավոր չէ այդ տեղեկատվության ձեռքբերումը, և գտնելով, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին հանցանքի կատարման պահին կամ դրանից անմիջապես հետո բացահայտելու, ինչպես նաև նրա կողմից հանցավոր, գործունեության շարունակումը հայտնաբերելու և կանխելու նպատակով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով «թվային, այդ թվում` հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «ներքին դիտում» և տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ «արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության մասին ներկայացվել են բավարար հիմնավորումներ՝ Դատարանը գտնում է, որ նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելը թույլատրելու անհրաժեշտությունը բխում է ենթադրյալ առանձնապես ծանր հանցագործության կատարումը բացահայտելու, հանցավոր գործունեության հավանական շարունակումը կանխելու հանրային շահը տվյալ իրավիճակում գերակայում է Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքին: (…)»[2]։ 8․ Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Վիգեն Պետրոսյանի միջնորդությունը բավարարվել է, թույլատրվել է` երկու ամիս ժամկետով Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել տեխնիկական միջոցների կիրառմամբ «Արտաքին դիտում», վերջինի կողմից օգտագործվող 055-44-74-34 և 041-57-50-11 բջջային հեռախոսահամարներով «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում» և վերջինի աշխատասենյակում՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Աջափնյակ-1 նստավայրի 3-րդ հարկում՝ գլխավոր մուտքի աջակողմյան աստիաճանահարթակով դեպի 3-րդ հարկ բարձրացող, նշված հարկի աստիճանահարթակներից անմիջապես դեպի աջ տանող միջանցքի ուղղությամբ տեղակայված աջակողմյան առաջին սենյակի ներսում՝ նշված սենյակի մուտքից անմիջապես աջ կողմում տեղակայված առանձնացված սենյակում «Ներքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որը որևէ կերպ չի առնչվում Էրիկ Սարգսի Ալեքսանյանի իրավունքներին և օրինական շահերին: Հետևաբար՝ Դատարանի որոշումը չի շոշափել Էրիկ Սարգսի Ալեքսանյանի օրինական շահերը, մասնավորապես՝ նրա հաղորդակցության ազատության և գաղտնիության, բնակարանի անձեռնմխելիության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները: Վերաքննիչ դատարանի վերը նշված դիրքորոշումը պայմանավորված է նաև նախկինում կայացված Մ-8212-22, Մ-2238-22, Մ-2624-22, Բ-3916-21, Բ-3917-21, Բ-3918-21 որոշումներով։ Ուստի, ելնելով վերոգրյալից՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ այն դեպքում երբ պաշտպանական կողմի համոզմամբ վիճարկվող դատական ակտով շոշափվել են նաև Էրիկ Ալեքսանյանի իրավունքները և օրինական շահերը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանները զրկված չեն հետագայում՝ գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը (տե'ս mutatis mutandis, Արա Շահնազարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշման 22-րդ կետը): Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ հատուկ վերանայման բողոքը ներկայացրել է այն անձը, որը հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունք չուներ, ուստի մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Գայանե Պապոյանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության: (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Ա․Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը։
10. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, (…) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»: Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը սահմանում է․ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի համաձայն՝
«1. Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝
1) վարույթի մասնավոր մասնակիցը.
2) վարույթի մասնավոր մասնակից չհանդիսացող անձը, եթե դատական ակտն ուղղակիորեն վերաբերում է նրա իրավաչափ շահերին.
3) դատախազը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձանց կողմից կամ ի շահ նրանց դատական վերանայման բողոքը կարող է բերվել միայն դատական ակտի` այդ անձանց մասնավոր շահերին առնչվող մասով:»։
11. ՀՀ Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ, ի թիվս այլնի, նշել է.
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման[4]: 12․ Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով,[5]
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը[6],
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա [7]:
13. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատարանի մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ․ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները»[8]:
14. Վճռաբեկ դատարանը, Գոռ Սարգսյանի գործով որոշմամբ, բացահայտելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետախուզական-որոնողական բնույթը, արձանագրել է, որ դրանց արդյունքում միջամտություն է տեղի ունենում մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, որոնց առնչությամբ պետք է պահպանվեն պետության ստանձնած պոզիտիվ և նեգատիվ պարտավորությունները[9]։ Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ իրականացվող միջամտության ծավալներն անհամեմատ ընդարձակ են։ Ավելին, որոշ դեպքերում դրանք նույնիսկ «թիրախավորում» են անորոշ թվով անձանց շրջանակի, ինչն էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քննչական գործողությունների համեմատ, դարձնում է հանցավոր դեպքի բացահայտման առավել ծայրահեղ միջոց։ Ուստի, օժտված լինելով հանցագործությունների բացահայտման բարձր արդյունավետությամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմը գործնականում կարող է «թիրախավորել» ոչ միայն այն անձանց, ովքեր ուղղակի առնչություն են ունեցել հանցավոր դեպքին (օրինակ՝ հանդիսացել են հանցագործությանն օժանդակող), այլ նաև անուղղակի առնչություն ունեցողներին (օրինակ՝ դեպքի վայրով անցնող անձանց)։ Նման պայմաններում, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել այդ երկու խումբ անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգը և այն չափանիշը, որի պայմաններում այդ կառուցակարգը կարող է գործադրվել[10]։ 15․ Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարել ընդգծել օպերատիվ-հետախուզական միջոցառումների կապակցությամբ իրավական պաշտպանություն հայցելու կառուցակարգի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը։ Այս առումով հատկանշական են Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի առնչությամբ։ Մի շարք գործերով Եվրոպական դատարանն ընդգծել է, որ այդ հոդվածը պահանջում է, որ ներպետական պաշտպանության միջոց առկա լինի Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ «վիճարկելի» բողոքի էությունը քննելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար, չնայած որ պայմանավորվող պետություններին տրվում է որոշակի թույլատրելի հայեցողության շրջանակ՝ կապված այն ձևի հետ, որով նրանք կատարում են Եվրոպական կոնվենցիայի այս դրույթով նախատեսված իրենց պարտականությունները[11]։ Բացի այդ, դատարանը կարևորել է, որ 13-րդ հոդվածով պահանջվող պաշտպանության միջոցը պետք է լինի «արդյունավետ»՝ ինչպես գործնականում, այնպես էլ օրենսդրության մեջ, ընդ որում՝ դրա կիրառումը չպետք է անարդարացիորեն խոչընդոտվի պետության գործողություններով կամ բացթողումներով[12]։
16. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքսում, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի գնահատականների հիման վրա Վճռաբեկ դատարանն Արա Շահնազարյանի գործով վերահսկողության գաղտնի միջոցառումների իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատական ակտը ստուգելու «արդյունավետ վերահսկողության» միջոց է դիտարկել բացառապես դրա իրավաչափության վիճարկումը վերադասության կարգով։ Նախնական դատական վերահսկողության ենթակա օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրավաչափության՝ վերադասության կարգով վիճարկելու սուբյեկտային կազմի կապակցությամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գաղտնի միջոցառումների «արդյունավետ վերահսկողության» հիշյալ մեխանիզմը կարող է գործադրվել այն դեպքում, երբ այդ միջոցառման արդյունքում անձը դարձել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման զոհ։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրենց բնույթով կարող են թիրախավորել» անորոշ թվով անձանց շրջանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ պարագայում, օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը վիճարկելու հնարավորությունը գնահատելու համար կիրառվում է երկաստիճան թեստ՝ բաղկացած հետևյալ հարցերից.
ա) արդյո՞ք անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն,
բ) եթե այո, ապա արդյո՞ք այդպիսի միջամտությունն ուղղակի կամ անուղղակի վնաս է պատճառել անձին կամ ազդեցություն թողել իր լեգիտիմ շահերի վրա։ Միաժամանակ, ընդգծվել է, որ վերոնշյալ վերջին չափանիշը իրավակիրառ պրակտիկայում չպետք է այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ անձը, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի ունեցած միջամտության պայմաններում, զրկվի օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելու հնարավորությունից։ Մյուս կողմից էլ, նշվել է, որ շահագրգիռ անձինք, իրենց բողոքը ներկայացնելիս, պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշների առկայությունը։ Այս առումով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա անձին որպես մեղադրյալ ներգրավելը և մեղադրանք առաջադրելն ինքնին չի կարող վկայել վերոնշյալ չափանիշները հաղթահարված գնահատելու համար։ Մասնավորապես, անձանց նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարող են որպես մեղադրյալ ներգրավվել երրորդ անձինք: Նշվածը՝ խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, եթե այդ երրորդ անձանց որևէ իրավունք չի ենթարկվել միջամտության բուն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակներում։ Նրանք կարող են հետագայում՝ հնարավոր քրեական վարույթի շրջանակներում վիճարկել մեղադրանքի հիմքում դրված այդ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների թույլատրելիությունը[13]։
17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․
- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Ա․Ալեքսանյանի նկատմամբ իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում», «Ներքին դիտում» և «Արտաքին դիտում» համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ[14],
- 2022 թվականի հոկտեմբերի 17-ին թիվ 58236222 քրեական վարույթով Է․Ալեքսանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում[15],
- Վերաքննիչ դատարանը, քննարկելով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի դատական ակտի դեմ մեղադրյալ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի բողոքը, այն թողել է առանց քննության՝ մեղադրյալ Է․Ալեքսանյանի կամ նրա պաշտպանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունենալու պատճառաբանությամբ։ Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճարկվող դատական ակտը վերաբերվել է Ա․Ալեքսանյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակմանը, որը որևէ կերպ չի առնչվում Է․Ալեքսանյանի իրավունքներին և օրինական շահերին: Հետևաբար՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը չի շոշափել Է․Ալեքսանյանի օրինական շահերը, մասնավորապես՝ նրա հաղորդակցության ազատության և գաղտնիության, բնակարանի անձեռնմխելիության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքները: Միաժամանակ, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով որոշմանը՝ Վերաքննիչ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ եթե պաշտպանական կողմի համոզմամբ վիճարկվող դատական ակտով շոշափվել են նաև Է․Ալեքսանյանի իրավունքները և օրինական շահերը, ապա պաշտպանները զրկված չեն հետագայում՝ գործն ըստ էության քննելիս վիճարկելու քրեական գործում առկա այդ ապացույցի թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը[16]։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բացառելով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող որոշումը երրորդ անձանց կողմից վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունը՝ հաշվի չի առել, որ այդ որոշման հիման վրա կարող է տեղի ունենալ միջամտություն երրորդ անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ փաստում է, որ թեև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունը տրվել է Ա․Ալեքսանյանի նկատմամբ, սակայն նշված հանգամանքն ինքնին բավարար չէր եզրահանգելու, որ Է․Ալեքսանյանն այն բողոքարկելու իրավունք չունի։ Մասնավորապես, նախաքննության մարմնի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կազմված «Զննում կաատարելու մասին» արձանագրությամբ փաստվում է, որ Ա․Ալեքսանյանի աշխատասենյակում «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընթացքում վերահսկման են ենթարկվել վերջինիս և Է․Ալեքսանյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունները[17]։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում առկա տվյալներով հիմնավորվել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշման հիման վրա առերևույթ միջամտություն է տեղի ունեցել Է․Ալեքսանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է ընդգծել, որ բողոքի հեղինակը նաև հիմնավորել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ միջամտությունն առերևույթ ազդեցություն է թողել Է․Ալեքսանյանի լեգիտիմ շահերի վրա։ 19․ Նման պայմաններում, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բացառելով Է․Ալեքսանյանի առնչությունն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներին և այդպիսով նրան դիտարկելով որպես բողոքարկման իրավունք չունեցող անձ՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Է․Ալեքսանյանը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իր՝ ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքից։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս բողոքաբերի կողմից հիմնավորվել է Արա Շահնազարյանի գործով որոշմամբ ձևակերպված՝ բողոքարկման իրավասության իրավական չափորոշիչների պահպանումը: Հիշյալ նախադեպային որոշմամբ մշակված չափանիշների առկայության հիմնավորումն էլ հենց պայմանավորում է Ա․Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը թույլատրող Առաջին ատյանի դատարանի որոշումը վերադասության կարգով վիճարկելու Է․Ալեքսանյանի իրավունքը։ Այսպիսով, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանը Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի որոշումը բողոքարկելու իրավունք չի ունեցել։ Հետևաբար Ա.Ալեքսանյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է․Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի կողմից բերված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը primа facie անհամաչափորեն սահմանափակել է Է.Ալեքսանյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը, արդյունքում թույլ է տրվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչպես նաև հանգեցրել է վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ և 362-րդ հոդվածների համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար[18]։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Էրիկ Սարգսի Ալեքսանյանի պաշտպան Գ․Պապոյանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Դ․ՎԵՔԻԼՅԱՆ
Դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ մասի՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ քրեական պալատի վարույթ ընդունած բողոքները ենթակա են վերաբաշխման Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին։ [2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 15-19:
[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 72-73:
[4] Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.1-րդ կետը: [5] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: [6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ: [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ: [8] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ: [9] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի գործով 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ ԵԿԴ/0229/01/16 որոշումը, 17.1-17.2 կետեր: [10] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշման 12-րդ կետը: [11] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Petropavlovskis v. Latvia գործով 2015 թվականի հունվարի 13-ի վճիռը, գանգատ թիվ 44230/06, 91-րդ կետ: [12] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Paul and Audrey Edwards v. The United Kingdom գործով 2002 թվականի մարտի 14-ի վճիռը, գանգատ թիվ 46477/99, 96-97-րդ կետեր: [13] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20։ Ինչպես նաև տե՛ս, mutatis mutandis, Գևորգ Աթաբեկյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 39/14.06.2021, Արթուր Ներկարարյանի և Արսեն Մալերյանի գործով 2024 թվականի մարտի 1-ի թիվ 33/15.09.2021 որոշումները: [14] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
[15] Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։
[16] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
[17] Տե՛ս վարույթի նյութեր, «Զննում կաատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրություն, թերթեր 46-62: [18] Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
