«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 53 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 սեպտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Քրիստինե Գասպարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին)՝ խնդրելով.
«Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը և անվավեր ճանաչել դատական պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությանը, համաձայն որի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է դրույթ, որ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելու պարագայում հնարավոր չէ վերականգնել մինչև Դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը եղած դրությունը և կատարել վճռի շրջադարձ»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/10894/05/19 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող՝ «(...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունից ամենևին չի բխում, որ դատարանը պետք է հաշվի առնի՝ թե գործի վարույթն ինչ հիմքով է կարճվել՝ վեճն ըստ էության սպառված լինելու, թե այլ հիմքով, քանի որ վերոնշյալ հոդվածով օրենսդիրը չի առանձնացրել, թե ինչ հիմքով պետք է գործի վարույթը կարճված լինի»:
Դիմողը պնդում է՝ «(...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է տալիս տարբեր դատական ատյանների կողմից տարաբնույթ կերպով մեկնաբանել, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Բանկի դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի խախտմանը»:
Դիմողը գտնում է՝ «(...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի տարաբնույթ մեկնաբանման արդյունքում Բանկը զրկվել է խախտված իրավունքների պաշտպանության նպատակով իրենց գործի դատաքննության հնարավորությունից, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի հետ: Այն իր հերթին հանգեցնում է նաև նրան, որ չի պաշտպանվում Բանկի սեփականության իրավունքը և բանկը, որպես Թիվ ԵԷԴ/0198/02/12 քաղաքացիական գործով պարտատեր, չի ստացել իրեն պատճառված վնասի հատուցում, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասին»:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթի՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից առաջարկված մեկնաբանությունը հանգեցնում է դրա հակասահմանադրականությանը (...)»:
Ըստ Դիմողի՝ «Ստացվում է մի իրավիճակ, որ վերաքննիչ դատարանի դատական սխալի և նորմի սխալ մեկնաբանման պատճառով Բանկը զրկվել է վարչական դատարանի ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, Բանկի նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու իրավական հնարավորությունից, ինչի հետևանքով իմաստազրկվում է ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակը (...)»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) սույն վճռի կատարման շրջադարձի դիմումի քննության համար դատարանը պետք է միայն պարզեր, թե արդյոք գործով առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, այնուհետև, արդյոք դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է և արդյոք գործի վարույթը կարճվել է»։
Դիմողը նաև նշել է. «(...) ստացվում է, որ վեճի առարկա անշարժ գույքի օտարման հիմք հանդիսացած օրինական ուժի մեջ մտած վճիռն այլևս իրականության մեջ գոյություն չունի, հետևաբար վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ՝ Դատարանը պետք է վերականգներ մինչև ՀՀ վարչական դատարանի 04.06.2020 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելը եղած դրությունը՝ վեճի առարկա անշարժ գույք վերադարձնելով գույքի նախկին սեփականատերեր Գևորգ Վարդանի Պետրոսյանին և Ռուզաննա Մարտիրոսյանին»։
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/10894/05/19 վարչական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
22 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-53
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-53
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
