Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-730 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-7)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 7 | «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 հունվարի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ (այսուհետ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ Ա. Պողոսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 23-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին (ի համակցում Սահմանադրության 78-րդ հոդվածի) հակասող և անվավեր»:

2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(...) աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական է և կարող է դառնալ Սահմանադրությանը համահունչ միայն այն դեպքում, երբ աշխատողին աշխատանքից հեռացնելու դեպքում հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով հատուցում սահմանելը որպես մասնավոր իրավահարաբերություններում պատասխանատվության միջոց, լինի համաչափ, այսինքն հաշվի առնվեն գործատուի մեղքի աստիճանը, գործատուի կողմից թույլ տված խախտման բնույթն ու էությունը, դրա բովանդակային ազդեցությունն աշխատողի իրավունքների վրա և աշխատողի գործողությունները և փաստացի վնասը (եթե այդպիսին կա):

(...)

Դիմողի Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն է տեղի ունեցել այնքանով, որքանով Դիմողը դատարանների կողմից, Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման արդյունքում, պարտավորեցվել է վճարելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում 101.557.410 ՀՀ դրամ և նախկին աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով 40.366.668,84 ՀՀ դրամ:

Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը խիստ միջամտություն է գործում սեփականության իրավունքի, մասնավորապես նյութական միջոցների, նկատմամբ, քանի որ այն սահմանում է պատասխանատվության միջոց, որը, սակայն, համաչափ չէ:

(...)

(...) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը որևէ կերպ համարժեք չէ սահմանափակվող հիմնական իրավունքի, այն է սեփականության հիմնական իրավունքի նշանակությանը: Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի չառնելով գործատուի պատասխանատվության չափը, նրա կողմից թույլ տված խախտման բնույթն ու դրա ազդեցությունը աշխատողի իրավունքի վրա, անհամաչափորեն սահմանափակում է Դիմողի կողմից իր օրինական հիմքով ձեռք բերված միջոցներն (սեփականություն) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը:

(...) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջոցը անհրաժեշտ չէ սահմանված նպատակին հասնելու համար: Աշխատողի իրավունքի պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ ու բավարար կլիներ, եթե օրենսդիրը սահմաներ օրինակ հարկադիր պարապուրդի առավելագույն ժամանակահատված (օրինակ 12 ամիս), որի պարագայում թե´ կպաշտպանվեր աշխատողի իրավունքը աշխատանքից ապօրինի ազատվելու դեպքում համաչափ հատուցում ստանալու, թե´ գործատուի իրավունքը հուսալի տնտեսական ու դրանով ֆինանսական գործունեություն ծավալելու (առանց ֆինանսական անկում ապրելու վտանգի) և թե´ խթան կհանդիսանար, որպեսզի աշխատողը փորձի գտնել հարկադիր պարապուրդի ընթացում այլ աշխատանք:

Որպես ավելի մեղմ միջոց պետք է դիտարկել նաև գործատուի մեղքի աստիճանի սահմանումն ու թույլ տված խախտման բնույթը հաշվի առնելը: (...):

(...)

Եթե, սակայն, բարձր դատարանը կգտնի, որ Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ապա ակնհայտ է, որ միջոցը պետք է դիտարկել սեփականության իրավունքի նշանակությանը որպես սահմանափակվող հիմնական իրավունքի, ոչ համարժեք: Այսինքն միջամտությունը / սահմանափակումը սահմանափակվող հիմնական իրավունքի նկատմամբ, պետք է լինի չափավոր»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է նշված հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է դատարանի կողմից,

գ) համապատասխան օրինադրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ .

1. Վեոլիա Ջուր» ՓԲԸ դիմումի հիման վրա ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

30 հունվարի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-7

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-7
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել