ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 13 | ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 մարտի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Վաղարշակ Հարությունյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Վաղարշակ Հարությունյանը 2019 թվականի մարտի 14-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող իրավակիրառ պրակտիկայում նորմին տրված մեկնաբանության առումով և այնքանով, որքանով նորմը հստակ չի սահմանում վեճը դատարանին ենթակա լինելու հանգամանքի գնահատման չափանիշները հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում»:
2. Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, կարծում է, որ եթե առերևույթ վիճարկվում է նոտարի ոչ իրավաչափ գործողությունը, ապա այդ դեպքում առնչվում ենք հանրային
իրավահարաբերությունների հետ:
Դիմողի կարծիքով գործող իրավակարգավորման պայմաններում առկա է իրավական անորոշություն այն առումով, որ որևէ կերպ տարբերակված չեն և սահմանված չեն այն չափորոշիչները, թե ինչպես է վեճի ենթակայությունը որոշվում հայցադիմումը վարույթ ընդունվելու փուլում:
Դիմողը նշում է, որ օրենսդիրը, վիճարկվող նորմով որպես հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու հիմք սահմանելով հայցը դատարանում քննության ենթակա չլինելը, չի հստակեցրել, թե ինչ չափանիշներով դատարանը պետք է որոշի նշված հիմքի առկայությունը: Մասնավորապես, հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է միջանկյալ, գործն ըստ էության չլուծող դատական ակտ, որը գործն ըստ էության լուծող դատական ակտերից տարբերվում է, ի թիվս այլնի, նաև այն հանգամանքով, որ դատարանն այս որոշումը կայացնում է առանց ներկայացվող պահանջի բովանդակությունն ուսումնասիրելու ներկայացված հայցադիմումի օրենքի պահանջներին առերևույթ համապատասխանելը ստուգելու միջոցով:
Ըստ դիմողի հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում պետք է հստակ լինի դատարանի կողմից գնահատման ենթակա հարցերի շրջանակը, և դատարանին ենթակա չլինելու հիմքով հայցադիմումի վարույթ ընդունելը հնարավոր լինի մերժել բացառապես առերևույթ ակնհայտ դեպքերում, որպեսզի անհարկի չսահմանափակվի դատական պաշտպանության իրավունքը:
Դիմողի պնդմամբ արդար դատաքննության իրավունքի համատեքստում օրենքով պետք է երաշխավորվի անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Կոնկրետ հայցապահանջը վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու գործողություններում դատարանի հայեցողական սահմանները պետք է հստակ լինեն և համապատասխանեն իրավական որոշակիության պահանջին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
խնդրո առարկա գործի դատավարական նախապատմության, մասնավորապես, DataLex դատական տեղեկատվական համակարգում զետեղված տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողն իր խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացրել է միաժամանակ և՛ վարչադատավարական, և՛ քաղաքացիադատավարական ընթացակարգերի շրջանակներում: Ընդ որում, դիմողի հայցադիմումն ընդդեմ Ռուբեն Արմենի Հարությունյանի, երրորդ անձ` Մալաթիա նոտարական տարածքի նոտար Աննա Թովմասյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` ըստ օրենքի իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասամբ անվավեր ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2017թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Նշենք, որ թիվ ԵՄԴ/3418/02/17 գործի շրջանակներում կայացել են մի շարք նախնական դատական նիստեր (մասնավորապես, 11.12.2017թ., 25.01.2018թ., 01.03.2018թ., 02.05.2018թ., 31.05.2018թ., 29.06.2018թ., 20.07.2018թ., 28.09.2018թ., 29.11.2018թ.): Այսինքն դիմողը, նախապես դիմելով ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ռուբեն Արմենի Հարությունյանի, երրորդ անձ` Մալաթիա նոտարական տարածքի նոտար Աննա Թովմասյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` ըստ օրենքի իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասամբ անվավեր ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ, իսկ հետո ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մալաթիա նոտարական տարածքի նոտար Աննա Թովմասյանի վերջինի Ռուբեն Արմենի Հարությունյանին 07.10.2016 թ. ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա ՀԱԹ, Բ-2 թաղամասի 130 շենք, բնակարան 2 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի վերաբերյալ, ակնկալել է, որ իրեն ևս տրվի ժառանգության իրավունքի վկայական: Հետևաբար, դիմողի ներկայացրած այն փաստարկները, ըստ որոնց վիճարկվող իրավական նորմին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության առումով և այնքանով, որքանով նորմը հստակ չի սահմանում վեճը դատարանին ենթակա լինելու հանգամանքի գնահատման չափանիշները հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ինչի արդյունքում խախտվում են դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքները, առարկայազուրկ են, քանի որ խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի նկատմամբ մինչև ՀՀ վարչական դատարան դիմելն արդեն իսկ առկա է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.11.2017թ. որոշումը, որով դատարանը վարույթ է ընդունել դիմողի հայցադիմումն ընդդեմ Ռուբեն Արմենի Հարությունյանի, երրորդ անձ` Մալաթիա նոտարական տարածքի նոտար Աննա Թովմասյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` ըստ օրենքի իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասամբ անվավեր ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին: Այսինքն, դիմողն իր դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, արդար դատաքննության իրավունքներն արդեն իսկ իրացրել է դիմելով ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գործի քննությունը դեռևս շարունակվում է: Հետևաբար, դիմողի բարձրացրած սահմանադրաիրավական վեճն առ այն, որ վիճարկվող իրավական նորմին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության առումով և այնքանով, որքանով նորմը հստակ չի սահմանում վեճը դատարանին ենթակա լինելու հանգամանքի գնահատման չափանիշները հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում չի հանդիսանում նրա իրավունքների ենթադրյալ խախտման պատճառ:
Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անձը կոնկրետ գործի շրջանակներում, սպառելով ներպետական դատական պաշտպանության միջոցները, կարող է դիմել Սահմանադրական դատարան, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական այս դրույթի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ենթադրյալ հակասահմանադրական նորմի կիրառման և/կամ իրավակիրառ պրակտիկայում վերջինիս տրված մեկնաբանության արդյունքում անձի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված այս կամ այն իրավունքի խախտումը պետք է կրի շարունակական բնույթ, և միայն սահմանադրական արդարադատության արդյունքում կայացված համապատասխան դատական ակտի հիման վրա անձը պետք է հետագայում հնարավորություն ունենա վերականգնելու իր խախտված իրավունքները: Հակառակ պարագայում, երբ անձը փորձում է իր իրավունքը վերականգնել այլ դատավարական ընթացակարգերի շրջանակներում, աղճատվում է այն նպատակը, որին միտված է կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը: Խնդրո առկա իրավիճակում Սահմանադրական դատարան դիմելով դիմողը Սահմանադրական դատարանում ընդամենը բարձրացրել է վերացական վերահսկողության ենթակա հարց, քանի որ այլ ընթացակարգի շրջանակներում, արդեն իսկ իրացնելով դատարան դիմելու իր իրավունքը, փորձում է հասնել իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնմանը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Վաղարշակ Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
29 մարտի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
