«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 15-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-102)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 102 | «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 15-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 84-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 15-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի ապրիլի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը: Դիմողը 2026 թվականի ապրիլի 1-ին թիվ ԱՐԴ/0185/01/26 քրեական գործով կայացրել է որոշում «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին», որով որոշել է.
«Թիվ ԱՐԴ/0185/01/26 քրեական գործով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված դրույթի սահմանադրակա-նության հարցը որոշելու նպատակով դիմել Հայսատանի Հանրապետության սահմանադրական դատարան»:
2. Ներկայացնելով թիվ ԱՐԴ/0185/01/26 գործի դատավարական նախապատ-մությունը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի առջև պաշտպանության կողմից բարձրացված իրավական հարցերը՝ Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 61, 72 և 79-րդ հոդվածները, ներկայացնելով Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, մասնավորապես, նշում է.
«Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրա-գրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանա-դրության 1-ին հոդվածով ամրագրված՝ իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից՝ իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանդրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա՝ անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357)»:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված իրավադրույթը դատարանի վրա դնում է ուղիղ պարտականություն՝ վերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշումն այն դեպքում, երբ խնդրո առարկա դատական ակտը դեռևս չի մտել օրինական ուժի մեջ, և որ նման իրավակարգավորումը հանգեցնում է նրան, որ իրավական հետևանքներ է առաջացնում մի դատական ակտ, որը դեռևս ձեռք չի բերել վերջնական և պարտադիր բնույթ, այսինքն՝ գտնվում է դատավարական վերանայման փուլում և կարող է փոփոխվել կամ ամբողջությամբ բեկանվել վերադաս դատական ատյանի կողմից:
Դիմողը գտնում է, որ այսպիսի իրավիճակում իրավական համակարգում ձևավորվում է ներքին հակասություն, «երբ մի կողմից դատական ակտը դիտարկվում է որպես դեռևս չավարտված և վերանայման ենթակա, իսկ մյուս կողմից՝ այն արդեն իսկ առաջացնում է կոնկրետ իրավական հետևանքներ»: Նշված հակասությունը, ըստ Դիմողի, խաթարում է իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ իրավական նորմերի կիրառումը դառնում է անկայուն և անկանխատեսելի, իսկ անձի իրավական վիճակը՝ փոփոխական:
Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը բողոքարկման ընթացակարգի համատեքս-տում առաջացնում է իրավական որոշակիության սկզբունքի լուրջ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են անձի իրավական վիճակի կանխատեսելիության վրա, և ստացվում է մի իրավիճակ, որ, անձի նկատմամբ դատական ակտով սահմանված փորձաշրջանի ժամանակահատվածից բացի, բողոքարկման ընթացակարգի ողջ ժամանակահատվածը, որը կարող է տարիներ տևել, փաստացի վերածվում է փորձաշրջանի։
Դիմողը գտնում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կախված է ոչ միայն տվյալ անձի դատավարական վարքագծից, այլև նույն գործով այլ մեղադրյալների կամ դատավարության մյուս մասնակիցների կողմից բողոք ներկայացնելուց, ինչը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, երբ անձը փաստացի զրկվում է իր իրավական վիճակի վրա լիարժեք վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից, որի արդյունքում էլ իր նկատմամբ դատական ակտով սահմանված փորձաշրջանի ժամկետը այլ անձանց դատավարական գործողությունների շնորհիվ փաստացի կարող է անորոշ ժամանակով երկարել, այնուհետև ավելացնում է, որ փորձաշրջանը, որը պետք է ունենա հստակ և կանխատեսելի տևողություն, վերածվում է անորոշ ժամանակահատվածի՝ կախված արտաքին գործոններից, այդ թվում՝ այլ մեղադրյալների կամ դատավարության այլ մասնակիցների գործողություններից:
Դիմողն ընդգծում է, որ փորձաշրջանը՝ որպես քրեաիրավական ինստիտուտ, ուղղված է անձի վերասոցիալականացմանը և իրավաչափ վարքագծի խթանմանը, սակայն դրա արդյունավետ իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դրա ժամանակային սահմանները հստակ են և կանխատեսելի:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորման պայմաններում ձևավորվում է ոչ միայն իրավական անորոշություն, այլև անձի վրա գործադրվում է անուղղակի, սակայն իրական ազդեցություն՝ ուղղված իր դատավարական իրավունքների իրացման սահմանափակմանը:
Դիմողը նշում է, որ իրավական հետևանքների առաջացման հնարավորության նախատեսումը՝ առանց անձի իրազեկվածության, հակասում է արդար դատաքննության հիմնարար սկզբունքներին։ Միաժամանակ, ըստ Դիմողի, նման կարգավորումը խաթարում է նաև իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ անձը չի կարող կանխատեսել իր նկատմամբ կիրառվող իրավական հետևանքները՝ չլինելով տեղեկացված համապատասխան դատական ակտի գոյության և բովանդակության մասին։
Ըստ Դիմողի՝ իրավական որոշակիության և օրինականության սկզբունքներից անխուսափելիորեն բխում է նորմատիվ իրավական ակտերի կանխատեսելիության պահանջը, համաձայն որի՝ իրավահարաբերությունների սուբյեկտները պետք է հնարավորություն ունենան ողջամիտ սահմաններում կանխատեսելու իրենց վարքագծի հնարավոր իրավական հետևանքները:
Ամփոփելով՝ Դիմողը եզրակացնում է, որ «վիճարկվող իրավակարգավորումը, ստեղծելով անձի համար անկանխատեսելի և շփոթեցնող իրավական իրավիճակ, չի բավարարում Սահմանադրությամբ նախատեսված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին և հակասում է օրինականության սկզբունքին»:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը նշում է, որ դատարանների՝ սահմանադրական արդարադատություն հայցելու սահմանադրաիրավական իրավասությունն ամրագրված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում.
«Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Վկայակոչված կարգավորումն ամրագրվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կենսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատու-թյուն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատճառաբանությունը ներկայացնելը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ ընդգծում է, որ դատարանի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանա-դրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանա-դրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, ընդ որում՝ ներկայացված դիրքորոշումները չպետք է սահմանափակվեն լոկ դատավարության/վարույթի համապատասխան մասնակիցների՝ սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ կամ նման դիրքորոշումների շրջանակներում՝ առանց սեփական դատողությունների համակարգված շղթան ներկայացնելու, վիճարկվող նորմի կիրառման վերաբերյալ հարցերը դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիտարկումների համատեքստում բարձրացնելով:
Սահմանադրական դատարանը 2021 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴԱՈ-224 աշխատակարգային որոշմամբ նշյալ հարցի վերաբերյալ արտահայտել է համարժեք դիրքորոշում, ըստ որի՝ «(…) Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել՝ դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի՝ իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել՝ հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրա-կանության վերաբերյալ կատարած ցանկացած հետևություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են նման հետևությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է:
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի մարտի 20-ի ՍԴԱՈ-36 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնա-բանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, ի մասնավորումն՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր կասկածը։
«Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանա-դրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը: (...)»»:
Սույն դիմումի ուսումնասիրությունից երևում է, որ Դիմողի՝ քրեական վարույթով ձևավորված համոզմունքն է այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասը, որը հղում է անում նույն օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելուն, առաջացնում է իրավական անորոշություն, որն, ըստ էության, պայմանավորված է ուժի մեջ չմտած դատավճիռը որպես համակցվող ակտ կիրառելով։
Այսպիսով, դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին արձանագրել, որ վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները բավարար չափով հիմնավոր չեն, քանզի Դիմողը չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիրքորոշումը դատական մեկնաբանման միջոցով դատարանի որոշմամբ դատավարականացման ենթակա ներքին համոզմունքն է, այլ ոչ թե նման մեկնաբանության անհնարինությամբ պայմանավորված «հիմնավոր կասկած»՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 15-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-102
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-102
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
