Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1022-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1022-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1978 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-197)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 197 | «ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1022-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՄԼԵՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1022-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Համլետ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Համլետ Քոչարյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Վարդան Հակոբյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 3-ին: Դիմողը խնդրել է.

«(...) [ՀՀ քաղաքացիական] օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենսգրքի՝ «Հայցային վաղեմությունն ապահովագրության հետ կապված պահանջներով» վերտառությամբ 1022-րդ հոդվածը սահմանում է.

«1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից»:

Նշված հոդվածը խմբագրվել է 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-178-Ն օրենքով, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 1009-1024-րդ հոդվածները շարադրվել են նոր խմբագրությամբ:

3. Գործի վարութային նախապատմությունը

3․1․ Ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ապահովագրական վարույթը

2019 թվականի մարտի 21-ին Սաշա Մարգարյանի վարած «DAF FT XF 105.510» մակնիշի 888 CO 82 պետհամարանիշի և Համլետ Միշայի Քոչարյանի վարած «MAZDA TRIBUTE» մակնիշի 29 LU 556 պետհամարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ փողոցի և Արշակունյանց պողոտայի հատման խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար (այսուհետ նաև՝ ՃՏՊ):

2019 թվականի մարտի 22-ին Համլետ Քոչարյանը գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում է ներկայացրել «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ին:

2019 թվականի մարտի 25-ին կազմվել է վնասների գնահատման թիվ Ա/Ս-190778 եզրակացությունը, համաձայն որի՝ ՃՏՊ-ի արդյունքում պատճառվել է 369.000 ՀՀ դրամի վնաս:

2019 թվականի մարտի 28-ին «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲԸ-ն «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ին պատվիրել է պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն: Արդյունքում կազմվել է թիվ Ն19 0385 Ա2 փորձագետի եզրակացությունը:

2019 թվականի ապրիլի 10-ին Հայաստանի ապահովագրողների բյուրոն ՃՏՊ-ի վերաբերյալ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ին պատվիրել է պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն, որի արդյունքում 2019 թվականի ապրիլի 19-ին կայացվել է թիվ 0986-19 փորձագետի եզրակացությունը:

Դիմողը, համաձայն չլինելով վնասների գնահատման թիվ Ա/Ս-190778 եզրակացությամբ ամրագրված գումարի չափի հետ, 2019 թվականի մայիսի 15-ին դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, որը թիվ 15-4140/19 որոշմամբ մասամբ՝ 46 000 ՀՀ դրամով, բարձրացրել է հատուցման ենթակա գումարի չափը՝ այն դարձնելով 230․500 ՀՀ դրամ։ Դիմողը գրավոր համաձայնություն է հայտնել Ֆինանսական համակարգի հաշտարարի նշյալ որոշմանը, և այն օրենքով սահմանված կարգով պարտադիր է դարձել կողմերի համար։ Արդյունքում՝ Դիմողին հատուցման ենթակա 461․000 ՀՀ դրամ գումարից վճարվել է 230․ 500 ՀՀ դրամ, քանի որ պատահարի առաջացման պատճառների առաջնային և կրկնակի փորձաքննությունների հիման վրա կազմված եզրակացություններով Դիմողը ևս ճանաչվել է մեղավոր ։

3․2․ Թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը

2020 թվականի հունիսի 15-ին Համլետ Միշայի Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Դատարան)` ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի` վնասի հատուցման պահանջի մասին, որը Դատարանի 18.06.2020 թ. որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործ):

2021 թվականի հուլիսի 26-ին Դատարանը թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով վճռել է. «Համլետ Միշայի Քոչարյանի հայցն ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, Երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի` ապահովագրական գումարը հատուցելու մասին, մերժել:

(...)»:

Վերոբերյալ վճռով Դատարանը փաստել է. «Գործով հավաքված ապացույցների հետազոտումից և գնահատումից դատարանը եկավ այն եզրահանգման, որ հայցվորը, որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել, որ պատասխանող ընկերության գործողություններում առկա է օրենքի խախտում, քանի որ կրկնակի փորձաքննության արդյունքները հայցվորի կողմից չեն բողոքարկվել, իսկ համաձայն նշված եզրակացության՝ պատահարի մեջ ըստ էության երկու վարորդներն էլ մեղավոր են, հետևաբար օրենքի պահանջների համաձայն հատուցումը տրվել է հիսուն տոկոսի չափով:

Փաստորեն, հայցվորը չի հիմնավորել, որ վիճարկվող որոշումը ընդունվել է օրենքի պահանջների խախտմամբ, ինչի հետևանքով էլ խախտվել է իր իրավունքները, իսկ նշվածների ապացուցման բեռը կրում է հենց ինքը՝ հայցվորը:

Այսինքն՝ հայցվորի վկայակոչած փաստերը հաստատող որևէ անհրաժեշտ ու բավարար փաստական տվյալ քաղաքացիական գործում առկա չէ»:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 26.07.2021 թ. վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին որոշել է. «(...) Թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Համլետ Միշայի Քոչարյանի ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի՝ ապահովագրական գումարը հատուցելու պահանջի մասին, Դատարանի 26.07.2021 թվականի վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել: Դատարանի 26.07.2021 թվականի վճիռը թողնել անփոփոխ:

(...)»:

Վերոնշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կրկնակի փորձաքննության արդյունքները հայցվորի կողմից չեն բողոքարկվել, իսկ համաձայն նշված եզրակացության՝ պատահարի մեջ ըստ էության երկու վարորդներն էլ մեղավոր են, հետևաբար օրենքի պահանջների համաձայն հատուցումը տրվել է հիսուն տոկոսի չափով:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանի եզրահանգումը, թե հայցվորը, որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել, որ պատասխանող ընկերության գործողություններում առկա է օրենքի խախտում, հիմնված է վերոնշյալ պատճառաբանության վրա:

Վերոնշյալի հիման վրա անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկին այն մասին, որ բողոքարկվող վճիռը կայացրած դատարանն ըստ արժանվույն չի հետազոտել և պատշաճ իրավական գնահատական չի տվել գործում առկա փորձագետի եզրակացություններին ու ճանապարհային ոստիկանության կազմած թիվ 6254 արձանագրություն-համաձայնությանը, ինչպես նաև նշվածի վերաբերյալ վերաքննիչ բողոքում նշված դիրքորոշումներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը ճանապարհային ոստիկանության կազմած թիվ 6254 արձանագրություն-համաձայնությունը և փորձագետի եզրակացությունը հիմք չի համարել հայցը բավարարելու համար, քանի որ դրանցով ըստ Դատարանի չի հիմնավորվել, որ պատասխանող ընկերության գործողություններում առկա է օրենքի խախտում:

Վերոնշյալը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի նշանակում, որ Դատարանը ըստ արժանվույն չի հետազոտել և պատշաճ իրավական գնահատական չի տվել գործում առկա փորձագետի եզրակացություններին ու ճանապարհային ոստիկանության կազմած թիվ 6254 արձանագրություն-համաձայնությանը, քանի որ ապացույցների հետազոտումը և գնահատումը, ինչպես նաև դրանց արդյունքում կրկնակի փորձաքննության արդյունքները հայցվորի կողմից չբողոքարկվելու, նշված եզրակացությամբ պատահարի մեջ ըստ էության երկու վարորդների մեղավորության մասին փորձագետի եզրահանգման պայմաններում Դատարանի կողմից հայցը մերժելը չի նշանակում, որ Դատարանը չի հետազոտել և գնահատել նշված ապացույցները:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկներին այն մասին, որ կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկելու կամ դրա հետ չհամաձայնվելու անհրաժեշտություն հայցվոր կողմը չի ունեցել, քանի որ կրկնակի փորձաքննության եզրակացությամբ տրվել է ՃՏՊ-ում մեղավոր վարորդի մասին հարցի լուծումը, այսինքն ինչպես առաջնային, այնպես էլ կրկնակի փորձաքննության եզրակացությամբ տրվել է գլխավոր հարցի պատասխանը, թե ով է մեղավոր վթարի առաջացման մեջ, ինչն էլ անտեսվել է դատարանի կողմից, նշված եզրակացությամբ տրվել են մեղավորության երկու իրավահավասար տարբերակներ, որոնցից մեկի առկայությունը բացառել է մյուսին և երկու տարբերակները չէին կարող միասին լինել, հետևաբար անհիմն է դատարանի պնդումն այն մասին, թե պատահարի մեջ ըստ էության երկու վարորդներն էլ մեղավոր են, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի 19.04.2019 թվականի թիվ 0986-19 փորձագետի եզրակացության համաձայն՝ Ընդհարմանը մասնակից ՏՄ-ների վարորդների մեղավորության բաշխվածությունը կկատարվի՝ համաձայն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի RL 1-001 կանոնների N 7 հավելվածի 25-րդ կետի պահանջներին համապատասխան: Փորձագետի հետևությունները պատահարում մեղավոր անձանց վերաբերյալ՝ 1-ին տարբերակ՝ ՏՄ վարորդ 1 մեղավոր է, ՏՄ վարորդ 2՝ մեղավոր չէ: 2-րդ տարբերակ՝ ՏՄ վարորդ 1՝ մեղավոր չէ, ՏՄ վարորդ 2՝ մեղավոր է: Փորձագետի հետևությունները պատահարում մեղավոր անձանց վերաբերյալ՝ ՏՄ վարորդ 1՝ մեղավոր է, ՏՄ վարորդ 2՝ մեղավոր է:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշվածի հիման վրա Դատարանը եզրահանգել է, որ համաձայն նշված կրկնակի եզրակացության՝ պատահարի մեջ ըստ էության երկու վարորդներն էլ մեղավոր են:

Հետևաբար վերաքննիչ բողոքի նշված փաստարկները նույնպես հիմնավորված չեն:

Ամփոփելով վերոնշյալը՝ Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում չեն հիմնավորվել Դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են կամ կարող են ազդել գործի ելքի վրա:

(...)»

Ըստ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով Դիմողը Վճռաբեկ դատարան բողոք չի ներկայացրել:

3․3․ Թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը

2022 թվականի ապրիլի 11-ին Համլետ Միշայի Քոչարյանի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի, երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՓԲԸ-ի` «Փորձագետի եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ապահովագրական գումարը հատուցելը պարտավորեցնելու պահանջների մասին»:

2024 թվականի ապրիլի 26-ին Դատարանը վճռել է. «Համլետ Միշայի Քոչարյանի հայցն ընդդեմ «Արմենիա Ինշուրանս ԱՓԲԸ-ի, «Անկախ փորձագիտական ինստիտուտ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի` փորձագետի եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ապահովագրական գումարը հատուցելը պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:

(...)»:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերոնշյալ վճռով արձանագրել է.

«(...) Ըստ դատալեքս դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների՝ թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Համլետ Միշայի Քոչարյանի ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի, Երրորդ անձ՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ի` ապահովագրական գումարը հատուցելու մասին, հայցվորը հայցը Դատարան է ներկայացրել 18.06.2020թ.: Դատարանի 26.07.2021թ. վճռով Համլետ Միշայի Քոչարյանի հայցը մերժվել է, իսկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2021թ. որոշմամբ Դատարանի 26.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն հիմքով, որ հայցվորը դատական կարգով չի վիճարկել կրկնակի փորձաքննության եզրակացությունը:

(...)

Հայցվորը սույն գործով հայցը Դատարան է ներկայացրել 11.04.2022թ., արդեն՝ փորձագետի կրկնակի եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու և ապահովագրական գումարը հատուցելը պարտավորեցնելու պահանջների մասին:

Վերը նշված իրավական նորմերը, դիրքորոշումները և սույն գործի փաստերը հիմք ընդունելով Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետը հայցվորի համար սկսել է հոսել ապահովագրական պատահարը տեղի ունենալու պահից` 21.03.2019թ., իսկ պատշաճ հայցը ներկայացվել է 11.04.2022թ.: Այսինքն` հայցային վաղեմության ժամկետն ավարտվելուց հետո 21 օր անց:

(...)

Տվյալ դեպքում Դատարանը գտնում է, որ հայցվորը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով»:

2025 թվականի փետրվարի 12-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.04.2024թ. թիվ ԵԴ/17225/02/22 վճռի դեմ հայցվոր Համլետ Քոչարյանի (ներկայացուցիչ՝ Վարդան Հակոբյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը, որոշել է. «1. Վերաքննիչ բողոքը մերժել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.04.2024թ. թիվ ԵԴ/17225/02/22 վճիռը թողնել անփոփոխ:

(...)»:

Վերոբերյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է. «Վերաքննիչ դատարանը հիմնավոր է դիտում ընդհանուր իրավասության դատարանի հետևությունն այն մասին, որ գործով հայցվորը բաց է թողել իրավունքի պաշտպանության՝ օրենքով սահմանված երեք տարվա ժամկետը»:

2025 թվականի հոկտեմբերի 1-ին Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12․02․2025 թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ու Համլետ Քոչարյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցերը, որոշել է.

«1. Վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Համլետ Քոչարյանի միջնորդությունը բավարարել. վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:

2. Թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2025 թվականի որոշման դեմ Համլետ Քոչարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

(...)»։

Վերոնշյալ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք նշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը՝ պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ և 1022-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ և 1022-րդ հոդվածների կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայության վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը, քանի որ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում բացակայում է նշված նորմերը զարգացնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում ներկայացված փաստարկները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև՝ այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»։

4. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, բարձրացված հարցադրման կապակցությամբ ներպետական իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասն անհիմն կերպով կրճատում է անձի՝ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմելու ժամկետը. «Ընդ որում՝ այդ կրճատումը կարող է ունենալ աննշան դրսևորում, եթե, օրինակ, ապահովագրական պատահարից մինչև անձի իրավունքի խախտման միջև ժամանակաշրջանը կազմի 20 օր, սակայն կարող է և ունենալ նաև նշանակալի դրսևորում, եթե այդ ժամանակաշրջանը կազմի, ասենք՝ 2 տարի։ Չեն բացառվում դեպքեր, երբ այդ ժամանակաշրջանը լինի այնքան երկար, որքան, ասենք՝ 2 տարի, 11 ամիս և 25 օրն է, ինչի պայմաններում՝ անձին կմնա ընդամենը մի քանի օր ժամանակ՝ դատարան դիմելու համար։ Օրենսդիրը անտարբեր է գտնվել ոչ միայն այդ ռիսկերի հանդեպ, այլև՝ այնպիսի ռիսկի, որ անձի իրավունքը կարող է խախտվել Օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռամյա ժամկետի ավարտից հետո՝ անձին դնելով իր խախտված իրավունքի պաշտպանության անհնարինության վիճակում»:

Դիմողը պնդում է, որ «հայցային վաղեմությունը ի սկզբանե գոյություն ունեցող ժամանակահատված չէ. այն առաջանում է կամ գոյություն ունի միայն այն դեպքում, երբ առկա է անձի խախտված իրավունք: Իսկ եթե չկա խախտված իրավունք, ապա էլ ինչի՞ պաշտպանության ժամկետի մասին կարող է խոսք գնալ»:

Դիմողը նշում է, որ համաձայն Օրենսգրքի 1022-րդ հոդվածի հատուկ կարգավորման, հայցային վաղեմության ժամկետը հոսելու համար բավական է միայն ապահովագրական պատահար տեղի ունենալու փաստը:

Դիմողը, բարձրացնելով հետևյալ հարցադրումը. «արդյոք ապահովագրական պատահար տեղի ունենալը per se հանգեցնում է ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող իրավունքի խախտման», գտնում է, որ վերջինիս պատասխանը պետք է փնտրել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում:

Նշված օրենքի վերլուծության արդյունքում Դիմողը եզրակացնում է, որ «(...) ապահովադրի՝ հատուցում ստանալու իրավունքի խախտումը չի առաջանում ապահովագրական պատահարի ուժով: Օրենքով սահմանված է ապահովագրական պատահարին հաջորդող ընթացակարգ, որն ուղղված է ապահովադրին արդարացի հատուցում տրամադրելուն, և ապահովադրի իրավունքի խախտում առաջանում է այն ժամանակ, երբ նշված ընթացակարգի արդյունքում ապահովագրողը ապահովադրին (ամբողջությամբ) չի հատուցում այն գումարը, որը ստանալու իրավունքն արդարացիորեն ունի ապահովադիրը: Այլ կերպ ասած՝ ապահովագրական պատահար տեղի ունենալը per se չի հանգեցնում ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող իրավունքի խախտման»:

Դիմողը պնդում է. «(...) Օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին։ Այդ հակասությունը խախտել է Դիմողի՝ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ Դիմողի՝ ապահովագրական պատահարի պատճառած վնասի չփոխհատուցված մասի բռնագանձման պահանջով դատարան դիմելու ժամկետը հանիրավի կրճատվել է՝ չի հաշվարկվել իրավունքի խախտման պահից, այլ հաշվարկվել է օրենսդրի կողմից սահմանված, կամայական, հայցային վաղեմության բուն էությանը հակասող պահից։ Եվ քանի որ հայցային վաղեմության ժամկետի հոսքի մեկնակետ է դիտարկվել մինչև Դիմողի իրավունքի խախտման պահը տեղի ունեցած իրադարձություն (ավտոմեքենաների վթարը), եռամյա ժամկետը համարվել է սպառված; մինչդեռ՝ Դիմողի իրավունքի խախտման պահից՝ թիվ Ե-19-1712-1 որոշումն ընդունվելու պահից, մինչև Դիմողի կողմից դատական հայց ներկայացնելը չէր անցել երեք տարի, և, համաձայն այդ հաշվարկի, Դիմողը հայցային վաղեմության ժամկետը խախտված չէր համարվի, հայցն էլ այդ հիմքով չէր մերժվի՝ առանց դրա ըստ էության քննության»։

Դիմողի համոզմամբ վիճարկվող հոդվածի համապատասխան դրույթը «անտեղի և անհիմն կերպով կրճատում է անձի՝ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմելու ժամկետը»: Բացի դրանից, «այն խեղաթյուրել է հայցային վաղեմության ժամկետի էությունը, նպատակն ու կոչումը՝ դրա հոսքի սկիզբը կապելով իրավունքի խախտում չհանդիսացող իրավաբանական փաստի հետ»:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը խնդրում է. «(...) Օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին և 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

5. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, նշում է, որ դատարանի մատչելիությունը ենթադրում է դատավարության մասնակիցների իրավունքը՝ ունենալու դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները՝ վիճարկելով այն ակտը, որով միջամտություն է կատարվում վերջիններիս իրավունքներին: Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի գործնական և արդյունավետ, ինչը սակայն չի բացառում ներպետական օրենսդրությամբ որոշակի կանոնների սահմանումը, որոնք ուղղված են ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը:

Ըստ Պատասխանողի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 22 և 23-րդ հոդվածները հստակորեն կարգավորում են ապահովագրական պահանջի քննության ընթացակարգը և ապահովագրական ընկերության կողմից որոշումների ընդունման ժամկետները: Այս կարգավորումների համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից՝ ապահովագրական պահանջների քննության գործընթացը թողնված չէ ապահովագրական ընկերության անսահմանափակ հայեցողությանը, այլ հակառակը՝ նախատեսվել է խիստ ժամկետային սահմանափակում:

Պատասխանողի տեսանկյունից՝ այն պնդումը, թե ապահովագրական պատահարի պահից վաղեմության ժամկետի հաշվարկը կարող է անձին զրկել արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից, բավարար հիմնավորում չունի, քանի որ օրենսդիրն ապահովել է, որ ապահովագրական ընկերությունը ողջամիտ և կանխատեսելի ժամկետներում ձևավորի իր վերջնական դիրքորոշումը՝ այդպիսով ապահովելով ժամկետային որոշակիություն:

Պատասխանողը գտնում է, որ ապահովագրական ընկերության վերջնական որոշումն ստանալուց հետո անձի տիրապետման ներքո շարունակում է մնալ բավարար ժամանակահատված՝ չզրկելով արդար դատաքննության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքների իրացման հնարավորությունից: Ուստի՝ վիճարկվող կարգավորումը ոչ միայն չի վերացնում անձի՝ դատարան դիմելու իրավունքը, այլ նաև տրամադրում է այդ իրավունքի իրացման համար բավարար, ողջամիտ և գործնականում արդյունավետ ժամկետներ:

Պատասխանողի գնահատմամբ՝ ապահովագրական պատահարի պահը որպես վաղեմության ժամկետի հաշվարկման սկզբնական պահ սահմանելը՝ համադրված ապահովագրական ընկերության համար նախատեսված խիստ ժամկետային պարտավորությունների և դրանց խախտման համար սահմանված պատասխանատվության հետ, ծառայում է իրավական որոշակիության, իրավական անվտանգության և քաղաքացիական շրջանառության կայունության նպատակներին և չի հանգեցնում Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակման: Օրենսդրի կողմից ապահովվել է այնպիսի իրավակարգավորման ստեղծումը, որի գործողության պայմաններում ապահովագրական պատահարի պահից հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը համատեղելի է Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված պահանջների հետ:

Իր կատարած վերլուծությունների արդյունքում Պատասխանողը պնդում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնը, ոչ կյանքի ապահովագրության համար նախատեսված եռամսյա և կյանքի ապահովագրության համար նախատեսված տասնամյա վաղեմության ժամկետները՝ դիտարկված քաղաքացիական օրենսդրության ընդհանուր տրամաբանության, ապահովագրական պահանջների քննության համար սահմանված հստակ ժամկետների, ինչպես նաև սեփականության իրավունքի և իրավական որոշակիության սկզբունքների համատեքստում, չեն հանգեցնում Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի բովանդակության սահմանափակման և համապատասխանում են Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը խնդրում է ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

6. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Քննության առարկա դարձնելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, հետազոտելով թիվ ԵԴ/17173/02/20 և թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործերը և դրանցով կայացված դատական ակտերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։

Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումների հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև»:

Սահմանադրական դատարանի այս պահանջի լույսի ներքո՝ անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սույն գործի դատավարական նախապատմության շրջանակներում ներկայացված իրողությունների հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործով Դիմողի ներկայացրած հայցի՝ հայցային վաղեմության կիրառմամբ մերժման հիմքում, ըստ էության, ընկած է այն հանգամանքը, որ Դիմողի՝ թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով ներկայացված հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ հայցվորը դատական կարգով չի վիճարկել կրկնակի փորձաքննության եզրակացությունը, որը փաստորեն վիճարկվել է թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում՝ բաց թողնելով Օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը:

Գործող իրավակարգավորումների պայմաններում Դիմողը, ըստ էության, զրկված չէր խնդրո առարկա կրկնակի փորձաքննության եզրակացությունը թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում հայցային վաղեմության՝ օրենքով նախանշված ժամկետի սահմաններում վիճարկելու հնարավորությունից: Ընդ որում՝ թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով կայացված համապատասխան դատական ակտով՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ին կայացված որոշմամբ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հստակ ընդգծել է. «(...) Դատարանի կողմից հայցի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կրկնակի փորձաքննության արդյունքները հայցվորի կողմից չեն բողոքարկվել, իսկ համաձայն նշված եզրակացության՝ պատահարի մեջ ըստ էության երկու վարորդներն էլ մեղավոր են, հետևաբար օրենքի պահանջների համաձայն հատուցումը տրվել է հիսուն տոկոսի չափով»:

Արդյունքում ստացվում է, որ Դիմողը, թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործով վիճարկելով կրկնակի փորձաքննության եզրակացությունը, փորձել է վերացնել թիվ ԵԴ/17173/02/20 քաղաքացիական գործով իր համար անբարենպաստ ելքով կայացված դատական ակտի հետևանքները, որոնք վրա են հասել խնդրո առարկա կրկնակի փորձաքննության եզրակացությունը չվիճարկելու արդյունքում, ինչի հետևանքով էլ, ըստ էության, վերջինս բաց է թողել Օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը:

Նման պայմաններում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ թիվ ԵԴ/17225/02/22 քաղաքացիական գործերով կայացված՝ Դիմողի համար անբարենպաստ հետևանքներ ենթադրող դատական ակտի հիմքում ընկած է ոչ թե վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը (որի վերաբերյալ դիմումում համապատասխան դիրքորոշումները և հիմնավորումները՝ որպես այդպիսիք, բացակայում են), այլ Դիմողի վարքագիծը՝ պայմանավորված իր իրավունքների պաշտպանության եղանակների և միջոցների ընտրությամբ:

Միաժամանակ հայցային վաղեմության ինստիտուտի հիմքում ընկած է նաև այն գաղափարը, որ իրավատերը պետք է դրսևորի իրավաչափ ակտիվություն իր խախտված իրավունքի պաշտպանության հարցում. իրավակարգը չի կարող անորոշ ժամանակով պահպանել դատական պաշտպանության միջոցների հասանելիությունն այն անձի համար, որը տևական ժամանակահատվածում չի դրսևորել իր իրավունքների պաշտպանության իրական կամք։ Այս տեսանկյունից հայցային վաղեմությունը ոչ միայն պաշտպանում է պարտավոր անձի շահերը, այլև խթանում է իրավունքի կրողի բարեխիղճ և ողջամիտ վարքագիծը՝ ձևավորելով իրավունքի հետևողական իրացման մշակույթ։

Ավելին, սույն գործի դատավարական նախապատմության շրջանակներում վկայակոչված փաստերը վկայում են, որ ապահովագրական պատահարին հաջորդող ապահովագրական հատուցման գործընթացում իրականացվող ընթացակարգերը, այդ թվում՝ փորձաքննության և կրկնակի փորձաքննության վերաբերյալ, իրականացվել են այնպիսի ժամանակահատվածում, որը, ըստ էության, ողջամտորեն տեղավորվում է Օրենսգրքով նախատեսված՝ ապահովագրական պատահարից հետո հաշվարկվող հայցային վաղեմության եռամյա ժամկետում (հակառակի մասին տեղեկատվություն չի ներկայացնում ո՛չ Դիմողը, և ոչ էլ նման տեղեկատվություն առկա է խնդրո առարկա դատական ակտերով ներկայացված փաստերում):

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից բերված փաստարկները բավարար կերպով չեն հիմնավորում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը, որը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ անհատական դիմումով ենթադրյալ սահմանադրաիրավական վեճ բարձրացնելիս Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Համլետ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-197

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-197
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել