«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 39 | «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Էդվարդ Մովսիսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 6-ին)՝ խնդրելով.
«ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն չի ապահովում ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունեցող սուբյեկտի հստակ և միարժեք որոշելիություն, ինչի հետևանքով նշված նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող մեկնաբանությամբ»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները. «Արդյո՞ք ապահովագրության պայմանագրերում շահառուի նշման պարագայում ապահովագրական պայմանագիրը հանդիսանում է հօգուտ երրորդ անձի կնքված պայմանագիր, և արդյո՞ք նշվածից չի բխում, որ միայն շահառուն ունի ապահովագրական հատուցում պահանջելու և ստանալու իրավունք, եթե պայմանագրում հստակ նշված է շահառու, որը տարբերվում է ապահովադրից»:
Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթի առկայության պայմաններում ապահովադրի համար կանխատեսելի չէ, թե արդյո՞ք ինքն ունի ապահովագրական հատուցում պահանջելու իրավունք, շահառուի համար կանխատեսելի չէ, թե արդյո՞ք իր իրավունքը բացառիկ է, իսկ ապահովագրողի համար կանխատեսելի չէ, թե ինքը հատկապես ու՞մ նկատմամբ պետք է կատարի հատուցում տրամադրելու իր պարտավորությունը՝ առանց դրա կրկնակի կատարման ռիսկի: Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ ապահովագրությունը՝ ռիսկերին դիմակայելու համակարգ լինելուց զատ, չպետք է վերածվի անհիմն հարստացման աղբյուրի նրանց համար, ովքեր չեն հանդիսանում տվյալ գույքային շահի կրողը:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը «(...) չի ապահովում տվյալ իրավահարաբերությունների մասնակիցների համար անհրաժեշտ կանխատեսելիություն և հստակություն, ինչն էլ հանգեցնում է իրավական անորոշության։ Ընդ որում, տվյալ անորոշությունը չի կարող հաղթահարվել միայն դատական մեկնաբանությամբ, քանի որ տարբեր նորմերի համակարգային համադրությունը բերում է տրամագծորեն հակառակ եզրահանգումների, և այդ հակասությունը բխում է հենց նորմի ձևակերպումից, այլ ոչ թե դրա կիրառությունից։ Արդյունքում խախտվում է իրավական որոշակիության այն պահանջը, ըստ որի՝ օրենքը պետք է ապահովի անձանց համար կանխատեսելիություն»:
Դիմողը պնդում է. «Վիճարկվող նորմում «կամ» շաղկապի կիրառմամբ ձևավորված իրավական անորոշությունը չի ապահովում իրավական որոշակիության սահմանադրական պահանջը, քանի որ թույլ չի տալիս միանշանակ պարզել հատուցման պահանջի իրավունքի սուբյեկտին՝ շահառուին, թե ապահովադրին։ Իրավական անորոշության պայմաններում դատարանները հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը վերագրել են ապահովադրին, ով հատուցում ստանալու ու պահանջելու իրավասությամբ օժտված չէր։ Արդյունքում՝ խախտված իրավունքի իրական կրողը՝ շահառուն, փաստացի զրկվել է իր իրավունքից, դատական պաշտպանության իրավունքը իրացվել է այն սուբյեկտի կողմից, որը տվյալ իրավունքի կրողը չէ, խաթարվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը և բովանդակային էությունը»։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(․․․) վիճարկվող նորմում իրավական որոշակիությանը չհամապատասխանելը ուղղակիորեն հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածին տրված հակասահմանադրական մեկնաբանությանը։ Իրավական որոշակիությանը չհամապատասխանելու հանգամանքն անհրաժեշտ է դիտարկել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական պաշտպանության հիմնական իրավունքի լույսի ներքո»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(...) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...)»:
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և համապատասխան հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 996-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը։
Ի սկզբանե անդրադառնալով սույն անհատական դիմումի առանցքում ընկած՝ թիվ ԵԴ2/9187/02/24 քաղաքացիական գործով հայցվորի՝ ոչ պատշաճ լինելուն առնչվող հարցին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակված որոշմամբ ընդգծել է, որ «Քննարկվող դեպքում Պատասխանողը՝ Դատարանում պատշաճ հայցվորի հարց չի բարձրացրել, հետևաբար նշված փաստարկը չի կարող վկայակոչել նաև Վերաքննիչ դատարանում:
Այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Ընկերությունը տվյալ դեպքում հանդիսանում է ապահովադիր, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի իմաստով վերջինս իրավունք ունի ապահովագրողից պահանջել ապահովագրական դեպքի արդյունքում պատճառված վնասը», այնուամենայնիվ, խնդրո առարկա քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի, ինչպես նաև անհատական դիմումին կից ներկայացված՝ Դիմողի՝ Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացրած վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս տվյալ վճռաբեկ բողոքի շրջանակներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ խեղաթյուրում է օբյեկտիվ իրականությունը։ Դատարանում նիստերի ժամանակ բազմիցս ես ու գործընկերս, բարձրացրել ենք պատշաճ հայցվորի հարցը, բազմիցս կրկնել, որ Հայցվորը պատշաճ չէ, չունի հատուցման իրավունք, քանի որ սույն իրավահարաբերություններում առկա է շահառու՝ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ն: Սա հավաստում է նրան մասին, որ Վերաքննիչ դատարանը լիարժեք չի ուսումնասիրել նիստերի արձանագրությունները, որտեղ հստակ լսվում են իմ ու գործընկերոջս կողմից Հայցվորի պատշաճ չլինելու վերաբերյալ մոտեցումները: Վերաքննիչ դատարանը որևէ կերպ ուշադրություն չի դարձրել նաև այն փաստին, որ Պատասխանողի ներկայացուցիչը Դատարանին միջնորդություն էր ներկայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը փոփոխելու մասին: Պատասխանողի ներկայացուցիչները Դատարանից խնդրել էին ապացուցման պարտականությունը բաշխելու որոշման մեջ փոփոխություն կատարել և Հայցվորի վրա դնել՝ Վարօյլ ՍՊԸ-ի M1 208870 և M1 208869 ապահովագրության պայմանագրերի շրջանակներում հատուցում ստանալու իրավունքի առկայության փաստի ապացուցման պարտականությունը։ Սա նույնպես հավաստում է, որ Պատասխանողի կողմից այս հանգամանքը բարձրացվել է Դատարանում»: Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) 2026 թվականի մարտի 12-ի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման՝ «2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, հիմնավորումները և պահանջը» վերտառությամբ հատվածում ևս վկայակոչվել է Դիմողի դիրքորոշումն առ այն, որ «Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական նիստերի ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է հայցվորի ոչ պատշաճ լինելու հանգամանքը, և նշվել է, որ հատուցում ստանալու իրավունք ունի շահառու հանդիսացող անձը»:
Ավելին, Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշման վերաբերյալ դատավորներ Գոռ Հակոբյանի և Արթուր Աթաբեկյանի կողմից ներկայացված հատուկ կարծիքում առկա է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Տվյալ դեպքում սույն գործի փաստերի համաձայն՝ ապահովագրության պայմանագիրը ապահովադիր «ՎԱՐՕՅԼ» ՍՊԸ-ն կնքվել է հօգուտ երրորդ անձի՝ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ի, ուստի ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցումն ստանալու իրավունքը կարող է պատկանել բացառապես շահառու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ին, իսկ դրա հիմքով՝ սույն գործով հայցվոր կարող էր լինել (դատարան դիմելու իրավունքը կարող էր պատկանել) բացառապես շահառու «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԲԸ-ին՝ հիմք ընդունելով ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները, այնպես էլ՝ դրանց վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները։
Նման պայմաններում հիմնավոր ենք համարում ինչպես դրա վերաբերյալ վճռաբեկ բողոքում նշված հիմքն ու հիմնավորումը` կապված հայցվորի` ոչ պատշաճ լինելու հետ, այնպես էլ այդ առումով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու հիմնավորումը»:
Ողջ վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված հարցին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Ավելին, սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացված՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ դիրքորոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք առավելապես վերաբերում են այլ՝ խնդրո առարկա ապահովագրական իրավահարաբերություններում ենթադրյալ շահառու հանդիսացող սուբյեկտի համապատասխան իրավունքի ենթադրյալ խախտմանը: Մասնավորապես՝ սույն անհատական դիմումով Դիմողը, ի թիվս այլնի, վկայակոչել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) խախտված իրավունքի իրական կրողը՝ շահառուն, փաստացի զրկվել է իր իրավունքից, դատական պաշտպանության իրավունքը իրացվել այն սուբյեկտի կողմից, որը տվյալ իրավունքի կրողը չէ, խաթարվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը և բովանդակային էությունը»:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենսգրքի 996-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
15 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-39
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-39
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
