Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԻԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԻԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1899 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-189)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 189 | «ՍՊԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԻԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ ԱԻԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1184-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սպարտակ Սաֆարյանի և Աիդա Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սպարտակ Սաֆարյանի և Աիդա Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դիմողներ) դիմումը, որով Դիմողները խնդրել են.

«(…) ք․ Գյումրի Շահումյան փ․ 183/4 հասցեով բնակելի տան և ք․ Գյումրի Շահումյան փ․ 183/6 խանութ հասցեով անշարժ գույքերի նկատմամբ խախտված իմ և որդուս՝ Սպարտակ Սաֆարյանի, սեփականության, ժառանգության իրավունքների վերականգնում Սահմանադրական կարգով, խնդրում եմ քաղ․ օրենսգրքի 1184-րդ հոդվածի՝ Սահմանադրության հոդվածներին համապատասխանության հարցը:

(…)»։

2. Դիմողները նշում են, որ «Համաձայն 09․02․2022 թվականին քր․ գործ հարուցելու մասին 18-240կգ-22 թիվ 62206422 որոշման, ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում կատարված ստուգողական գործողությունների արդյունքով պարզվել էր, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի կարգավորման տակ գտնվելու պատճառով ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ղեկավարը 25․07․2007 թվականին մերժել է Կարեն Եղիազարյանին Շահումյան 183/3 հասցեի սեփականության իրավունքի պետական գրանցումը, իսկ 2009 թվականին Կարեն Եղիազարյանից գոյություն չունեցող «Շահումյան 183/3 հողամասը» «գնել էր» Կարինե Մելոյանը, որը 18․11․2021թ․ ստացել էր նոր պետական իրավունքի գրանցում, խախտելով ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված, երաշխավորված և անձեռնմխելի իմ և որդուս՝ Սպարտակ Սաֆարյանի համատեղ սեփականությունը հանդիսացող ք․Գյումրի Շահումյան 183/4 հասցեով բնակելի տուն և ք. Գյումրի Շահումյան 183/6 խանութ հասցեով անշարժ գույքերի նկատմամբ մեր սեփականության, ժառանգության և ազատ տեղաշարժի իրավունքները՝ բռնազավթելով մեր խանութին հարակից, տան բակին հարակից, խանութի պատուհանների, խանութի աստիճանավանդակների, խանութի և տան մուտքի դիմացի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված տարածքները ամբողջությամբ, այս ամենը ընտանիքիս բռնի տեղահանման լավ մշակված ծրագիր է, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ ու ամուսնուս անունով, մեր սեփական տան՝ Շահումյան փ․ 183/4 հասցեով, օրինական 08-001-1001-18-30 կադաստրային ծածկագրով էլ սեփականաշնորհել են մեր տան հետևի մասում գտնվող երկհարկանի այլ քաղաքացու պատկանող Ա․ Տիգրանյան 17բ տունը»։

Միաժամանակ Դիմողները սույն անհատական դիմումին կից ներկայացրել են միջնորդություն՝ խնդրելով ազատել պետական տուրքի վճարումից սահմանադրական արդարադատության մատչելիությունն ապահովելու համար:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է(էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

այսպես՝ սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողները չեն իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը թիվ ՇԴ/0222/02/25 քաղաքացիական գործի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 10-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, որով արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11.07.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Աիդա և Սպարտակ Սաֆարյանների նախկինում բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում չեն նշվել վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու դրա հիմնավորումը:

Միաժամանակ սահմանվել է ժամկետ այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

Այժմ Համահայցվորները, թեկուզև փոփոխելով կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունը վճռաբեկ բողոքում, ըստ էության, կրկին չեն նշել վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքն ու դրա հիմնավորումը։ Այսինքն` չեն վերացրել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 11.07.2025 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված վերը նշված թերությունները»։ Բացի դրանից, բողոք բերած անձինք բողոքը կրկին ներկայացնելիս թույլ են տվել նաև նոր խախտում:

Վճռաբեկ դատարանը որոշել է. «Թիվ ՇԴ/0222/02/25 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աիդա և Սպարտակ Սաֆարյանների բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

(...)»:

Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողները, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները շտկելու իրական հնարավորություն, ձեռնամուխ չեն եղել իրենց իրավունքների պաշտպանությանը և հնգօրյա ժամկետում չեն ուղղել Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները: Վերոնշյալի արդյունքում Դիմողների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները պատշաճ կերպով չեն իրացրել իրենց ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 10-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողների կողմից իրենց իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողները չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողների նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ՇԴ/0222/02/25 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես՝ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողների կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում:

Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները չեն սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողները Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտներ չեն:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Սպարտակ Սաֆարյանի և Աիդա Սաֆարյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. «Սպարտակ Սաֆարյանի և Աիդա Սաֆարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

9 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-189

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-189
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել