Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 89-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 43-ՐԴ ԿԵՏԻ, 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 89-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 43-ՐԴ ԿԵՏԻ, 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1218 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-121)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 121 | «ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 89-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 43-ՐԴ ԿԵՏԻ, 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԶԱՐՈՒՀԻ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 89-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 43-ՐԴ ԿԵՏԻ, 141-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 142-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Զարուհի Նախշքարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի, 141-րդ հոդվածի 1-ին մասի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 94-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի մայիսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Զարուհի Նախշքարյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. « Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետը, 141-րդ հոդվածի 1-ին մասը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 94-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, 164-րդ հոդվածի 1-ին մասին և 174-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր հաշվի առնելով համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի վերաբերյալ դիմողը նշում է, որ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերոնշյալ նորմին տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով իր աշխատակարգը հաստատելու Բարձրագույն դատական խորհրդի լիազորության ներքո բլանկետային եղանակով սահմանվել է կարգապահական վարույթների քննության կարգ, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածին: Մասնավորապես, ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը, չարդարացված լայն մեկնաբանելով Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետով իրեն վերապահված լիազորու-թյունը, փաստացի ինքնակարգավորել է իր գործունեության կարգը 22.10.2020թ. իր ընդունած ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի» 93-րդ կետում սահմանելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում խորհուրդը որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհրդի կողմից 22.10.2020թ. ընդունված ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի» 93-րդ կետը փաստացի կիրառվել է դիմողի վերաբերյալ կարգապահական վարույթում, որի հետևանքով Բարձրագույն դատական խորհրդի կազմից դուրս է եկել անդամներից մեկը, և դրանով ինքնին խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված իր արդար դատաքննության իրավունքը: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տված մեկնաբանությունը ըստ դիմողի` այնքանով, որքանով «նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման» բովանդակությունից «փաստերի ողջամիտ գնահատման և օրենքի ողջամիտ մեկնաբանման» դեպքերը չեն բացառվում, հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին: Դիմողը նշում է, որ վերոնշյալ նորմում սահմանված «նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման» իրավական հիմքը չի կարող նույն կերպ մեկնաբանվել և կիրառվել, ինչ դատական վերանայման ընթացակարգերում սահմանված համապատասխան իրավական հիմքերը: Դատավորի անկախության սկզբունքին համապատասխանելու համար այն պետք է գնահատվի ավելի բարձր չափանիշով բացառելով դատավորի կողմից «փաստերի ողջամիտ գնահատման և օրենքի ողջամիտ մեկնաբանման» դեպքերը: Ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ թույլ է տրվել դատավարական օրենքի խախտում, սակայն իր վարքագիծը չի գնահատվել «փաստերի ողջամիտ գնահատման և օրենքի ողջամիտ մեկնաբանման» չափանիշով, թեև նման փաստարկ դիմողի կողմից ներկայացվել է: Հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տված մեկնաբանությունը ըստ դիմողի առնվազն այնքանով, որ հստակ նախանշված օբյեկտիվ չափանիշներով, այդ թվում շահերի բախման իրավիճակում, այդ լիազորության բացառման հնարավորությամբ սահմանափակված չէ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորությունը, հակասում է Սահմանադրության 63-րդ և 164-րդ հոդվածներին: Այս առնչությամբ դիմողը նշում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորությունը, հաշվի առնելով այդ պաշտոնի քաղաքական բնույթը, ինքնին ենթադրում է միջամտություն դատավորի անկախության սահմանադրական արժեքին, և այդ միջամտությունը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ միջամտության ընթացքում ապահովված են անհրաժեշտ իրավական երաշխիքներ, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ հավասարակշռությունը սահմանադրորեն պաշտպանվող շահերի միջև: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում վերոնշյալ նորմին տրված մեկնաբանությունն այնքանով, որքանով պարտադիր չի համարվում կարգապահական պատասխանատվության խիստ միջոցի կիրառման մասին որոշումն ընդունել Բարձրագույն դատական խորհրդի անդամների սահմանված անհրաժեշտ թվաքանակով, հակասում է Սահմանադրության 63-րդ և 164-րդ հոդվածներին: Ըստ դիմողի Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Սակայն դիմողը պնդում է, որ իրավակիրառ պրակտիկայում վերոնշյալ նորմը մեկնաբանվել է այն առումով, որ «որոշում» հասկացությունը պետք է վերաբերելի համարել ինքնին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմանը անտեսելով կարգապահական պատասխանատվության կոնկրետ միջոց կիրառելու մասին որոշումը: Դիմողը գտնում է, որ այս մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դատարանի «օրենքի հիման վրա ստեղծված» լինելու հատկանիշին և Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված որոշում կայացնելիս դատարանի անհրաժեշտ կազմի մասին օրենքի պահանջը պահպանելու բաղադրատարրին: Սույն դիմումով դիմողի կողմից վիճարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով այն հնարավորություն է տալիս դատավորին կարգապահական պատասխանատվություն ենթարկող մարմնի Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկել 65 տարին լրացած և, միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով որպես մարդու իրավունքների խախտում թույլ տված պաշտոնատար անձ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ օրենսդրական արգելքի խախտմամբ որպես քաղաքական գործունեություն իրականացրած պաշտոնատար անձ մատնանշված անձին: Դիմողը գտնում է, որ նշված կարգավորումը հակասում է Սահմանադրության 63-րդ և 174-րդ հոդվածներին: Դիմողը նշում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու առաջին, երկրորդ և երրորդ վարույթներով որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկված է եղել Գագիկ Ջհանգիրյանը, որի 65 տարին մինչ այդ լրացած է եղել: Բացի դրանից, վերջինս, ըստ դիմողի, մատնանշված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերում որպես մարդու իրավունքների լուրջ խախտում թույլ տված և քաղաքական գործունեությամբ չզբաղվելու անհամատեղելիության պահանջը խախտած պաշտոնատար անձ:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև Խորհուրդ) լիազորությունները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի համաձայն Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է իր աշխատակարգը։ Ի թիվս հոդվածով թվարկված այլ լիազորությունների` վիճարկվող կարգավորումը սահմանում է Խորհրդի կողմից իր աշխատակարգը հաստատելու լիազորությունը, որով ղեկավարվելով` Բարձրագույն դատական խորհուրդը 22.10.2020թ. ընդունել է «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» ԲԴԽ-68-Ն-15 որոշումը։ Սույն որոշմամբ հաստատված աշխատակարգով սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կազմակերպման և լիազորությունների իրականացման կարգը։ Սույն դիմումի շրջանակներում դիմողի կողմից բարձրացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի սահմանադրականության հարցը։ Դիմողի կողմից վերոնշյալ նորմի վերաբերյալ ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ, ըստ դիմողի, Խորհրդի 22.10.2020թ. ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետը փաստացի կիրառվել է իր վերաբերյալ կարգապահական վարույթում, որի հետևանքով Խորհրդի կազմից դուրս է եկել Խորհրդի անդամներից մեկը, և դրանով խախտվել է դիմողի Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից բարձրացվում է Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի Խորհրդի կողմից իր աշխատակարգը հաստատելու լիազորության սահմանադրականության հարց, դիմումի խնդրամասում ևս դիմողը խնդրում է Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող ճանաչել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետը, սակայն սույն դրույթի սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք վերաբերում են Խորհրդի 22.10.2020թ. ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետին, որի սահմանադրականության հարց դիմողի կողմից չի բարձրացվել: Ավելին, սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողն իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, ըստ էության, կապում է Խորհրդի 22.10.2020թ. ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետի կիրառման հետ, որի արդյունքում, ըստ դիմողի, Խորհրդի կազմից դուրս է եկել անդամներից մեկը, ինչն էլ, դիմողի գնահատմամբ, հանգեցրել է Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտման, մինչդեռ դիմողը տվյալ իրավադրույթի սահմանադրականությունը սույն դիմումով քննարկման առարկա չի դարձրել փոխարենը բարձրացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության խնդիր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս պահանջները սույն նորմի մասով պահպանված չեն այն հաշվառմամբ, որ դիմողի կողմից ներկայացված պատճառաբանություններն առավելապես վերաբերելի են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետին, որի սահմանադրականությունը սույն դիմումով չի վիճարկվում: Մասնավորապես, դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի ինքնակարգավորել է իր գործունեության կարգը 22.10.2020թ. իր ընդունած որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի» 93-րդ կետում սահմանելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Ըստ դիմողի այս կետը կիրառվել է իր նկատմամբ, որի հետևանքով Խորհրդի կազմից դուրս է եկել անդամներից մեկը, և դրանով ինքնին խախտվել է դիմողի Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը։ Սակայն Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի ի թիվս այլնի, դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու պատճառահետևանքային կապը վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև բավարար հիմնավորումներ։ Ուստի պայմանավորված այն հանգամանքով, որ վերոնշյալ պահանջները դիմումի այս մասում պահպանված չեն, դիմումն այս մասով համարվում է ակնհայտ անհիմն: Սույն դիմումով վիճարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականությունը, որով սահմանվում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերից առաջինը: Մասնավորապես, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Սույն դրույթի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումները վերաբերում են միայն Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դատավորի կարգավիճակը սահմանող կարգավորումներին նորմի հնարավոր հակասությանը, մասնավորապես` դատավորի անկախության, անաչառության և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու սկզբունքին: Վիճարկվող նորմի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումով չեն ներկայացվել հիմնավորումներ, թե վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի ո՞ր հիմնական իրավունքը կամ ազատությունն է խախտվել: Սահմանադրական դատարանը հարկ է համարում կրկին արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալից բխում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների և դիմողի իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել հիմնավորումներ, որպիսի պայմաններում դիմումը համարվում է ակնհայտ անհիմն, իսկ դիմումի ընդունումը այս մասով ենթակա է մերժման: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածով սահմանվում են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները, որի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի լիազոր մարմինը: Վերոգրյալ նորմի վերաբերյալ դիմողը նշում է հետևյալը. «Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի լիազորությունը, հաշվի առնելով այդ պաշտոնի քաղաքական բնույթը, ինքնին ենթադրում է միջամտություն դատավորի անկախության սահմանադրական արժեքին …: …

Այս պայմաններում գտնում ենք, որ Օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու Արդարադատության նախարարի իրավասությունը նվազեցնում է դատավորի անկախ և անաչառ դատարանի կողմից գործը քննվելու Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները և ուղիղ հակասում է Սահմանադրությամբ սահմանված իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքին, ուստի ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 4-րդ և 63-րդ հոդվածի 1-ին մասին»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետի վերաբերյալ վերոնշյալ և դիմումով ներկայացված մյուս դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք առավելապես վերաբերում են վիճարկվող նորմի Սահմանադրության 164-րդ հոդվածին հնարավոր հակասությանը չներկայացնելով հիմնավորումներ, թե Սահ-մանադրության 2-րդ գլխում ամրագրված ո՞ր հիմնական իրավունքների և ազատությունների հնարավոր խախտմանն է հանգեցրել վիճարկվող նորմը /կամ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը/: Մասնավորապես, վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացվող դիրքորոշումներով դիմողը պնդում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավակարգավորումներին, մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող հիմնավորվածության պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր իրավունքների խախտման փաստի միջև։ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ այս պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես վկայակոչում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունք սահմանափակվելով սոսկ ընդգծմամբ, որ վիճարկվող նորմը հակասում է Սահմանադրության 2-րդ գլխով որևէ հիմնական իրավունք ամրագրող նորմին: Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով, ըստ էության, բարձրացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարց, սակայն վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթի և դիմողի հիմնական իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով հիմնավորումներ չեն ներկայացվել, որպիսի պայմաններում դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարան ներկայացված սույն անհատական դիմումով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասը չի կիրառվել դիմողի նկատմամբ։ Մասնավորապես, Օրենսգրքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ դրանով սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշումների ընդունման ընդհանուր կարգ միաժամանակ նախատեսելով բացառություն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի համար։ Մասնավորապես, այդպիսի բացառություն սահմանված է Օրենսգրքի 96-րդ հոդվածի 6-րդ մասով, որը, ի թիվս այլնի, կարգավորում է, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման կարգի հետ կապված հարաբերությունները, և որի համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը։ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 29-ի ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս, որպես այդ որոշման ընդունման կարգը նախատեսող նորմ, ղեկավարվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, այլ ոչ թե վիճարկվող իրավակարգավորմամբ: Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը այս դրույթի մասով նույնպես ենթակա է մերժման: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության հետ կապված հարաբերությունները կարգավորելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Շարադրվածից բխում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից։ Տվյալ դեպքում` դիմողի կողմից բարձրացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարց: Վիճարկվող իրավակարգավորման համաձայն դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը։ Վերոնշյալ նորմը, տեղ գտնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները կարգավորող գլխում, նախատեսում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկող իրավասու մարմին։ Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը և խնդրում այն հակասող ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և 174-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումներին, սակայն դիմողի կողմից, ըստ էության, չի ներկայացվում սույն դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ փաստարկ. դիմողի կողմից չի հիմնավորվում, թե իր հիմնական որ իրավունքն է խախտվել վիճարկվող օրինադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում։ Մասնավորապես, դիմողն այս դրույթի առնչությամբ նշում է, որ առաջին, երկրորդ և երրորդ վարույթներով որպես դատարան հանդես եկող Խորհրդի կազմում ընդգրկված է եղել Գագիկ Ջհանգիրյանը, որի 65 տարին մինչ այդ լրացած է եղել: Դիմողի կողմից այս դրույթի առնչությամբ ներկայացված մյուս դիրքորոշումները նույնպես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի կազմում Գագիկ Ջհանգիրյանի ընդգրկված լինելուն: Վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից սույն դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ չի ներկայացվել որևէ իրավական փաստարկ, ինչից բխում է, որ նշված դիմումով գործի քննությունը սույն դրույթի մասով ևս ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Բացի դրանից, այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ դիմողի կողմից ներկայացված փաստարկի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել 2022 թվականի մայիսի 6-ին ընդունված ՍԴՈ-1650 որոշմամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Զարուհի Նախշքարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 43-րդ կետի, 141-րդ հոդվածի 1-ին մասի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 94-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-121

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-121
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել