Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎՐԱԺԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎՐԱԺԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-8715 դեկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 դեկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 87 | ՎՐԱԺԻԿ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 դեկտեմբերի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Վրաժիկ Ավանեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վրաժիկ Ավանեսյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին), խնդրել է հետևյալը. «Ճանաչել հակասող և անվավեր

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «Վճռի ներածական մասը բովանդակում է (....) գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների անունը (...):» արտահայտությունը Սահմանադրության 31, 34, 79-րդ հոդվածներին,

2. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «(...) նաև դատավարության մասնակիցների և նրանց ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իրավաբանական անձի դեպքում հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման վկայականի համարը, նրանց հաշվառման վայրի հասցեները, իսկ ներկայացուցիչների մասնակցության դեպքում նաև որպես ներկայացուցիչ հանդես գալու համար հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները:» Սահմանադրության 31, 34, 75-րդ հոդվածներին,

3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշումը» Սահմանադրության 31, 34, 75, 79-րդ հոդվածներին,

4. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 3-րդ կետը» Սահմանադրության 61, 63, 75-րդ հոդվածներին, իսկ «2-րդ մասի 3-րդ կետի «այլ դատարանում»» ձևակերպումը նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին,

5. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 2-րդ կետը միասին, 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը» Սահմանադրության 61, 63, 75-րդ հոդվածներին,

6. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերը, 131-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 148-րդ հոդվածի 7-րդ մասը, 156-րդ հոդվածի 2-րդ մասը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը միասին, 160-րդ հոդվածի 3-րդ մասը» Սահմանադրության 61, 63, 79-րդ հոդվածների, իսկ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասը» նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին»:

2. Դիմողը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռի ներածական մասում անձի անունը, դատավարության մասնակիցների և ներկայացուցիչների անձը հաստատող փաստաթղթի տվյալների ձևակերպումները և ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշումը դիտարկելով համակցության մեջ, գտնում է, որ վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերը հակասում են Սահմանադրության 31-րդ, 34-րդ, 75-րդ հոդվածներին։ Միաժամանակ դիմողը, մատնանշելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշել է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի միավորումը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 79-րդ հոդվածներին։ Բացի այդ, դիմողը գտնում է, որ ինքնաբացարկի վերաբերյալ վերաքննիչ վարչական դատարանի մեկնաբանությունները հակասում են դիմողի արդար դատաքննության իրավունքը երաշխավորող Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին, քանի որ վերաքննիչ վարչական դատարանի դատավորն արդեն իսկ մասնակցել է տվյալ գործին ամբողջ ծավալով ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունների և վճռաբեկ բողոքում նշված հիմքերով, հիմնավորումներով և պատճառաբանություններով: Վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը դիմողը նշում է, որ օրենսդիրը, ինքնաբացարկի մասին դատական ակտերը հոգնակի թվով սահմանելով, նկատի է ունեցել և՛ ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումը, և՛ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Տվյալ դեպքում, ըստ դիմողի, օրենսդիրը միանշանակ սահմանել է ինքնաբացարկի մասին դատական ակտերը որպես բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտեր: Ավելին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարույթը վերաքննիչ դատարանում» գլխում հստակ նշված չէ, թե որ դատական ակտերն են վճռաբեկության կարգով բողոքարկելի և ոչ բողոքարկելի, այլ հակառակը օրենսդիրը չի ծանրաբեռնել նշված գլուխը, այլ հղում է կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 11-րդ մասին, որն էլ իր հերթին հղում է կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասին։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 3-րդ կետի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ թիվ ՎԴ/2898/05/16 վարչական գործի շրջանակներում վերաքննիչ վարչական դատարանի կոնկրետ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքի առկայության պայմաններում «Ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում է կայացվել։ Միաժամանակ, դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի վիճարկման հիմքում դրել է այն հանգամանքը, որ օրենսդիրն ինքնաբացարկի մասին դատական ակտերը սահմանել է որպես բողոքարկման ենթակա դատական ակտեր, սակայն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կայացնելով «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «Ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ, կայացրել է այնպիսի դատական ակտ, որը հակասում է Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներին: Ելնելով դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ըստ էության, վիճարկում է վարչական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված դատական ակտի և վերջինիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Վերոգրյալից բխում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդպիսի դիմումներով գործերի քննությունը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: 3.2. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, 127-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի, 148-րդ հոդվածի 7-րդ մասի, 156-րդ հոդվածի 2-րդ մասի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 160-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները (...): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի, 127-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի, 148-րդ հոդվածի 7-րդ մասի, 156-րդ հոդվածի 2-րդ մասի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 160-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշման սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար գործի քննությունն այս դրույթների մասով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն գործով անհատական դիմումը դիմողի կողմից Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, մինչդեռ «www.datalex.am» կայքում առկա տեղեկությունների ուսումնասիրությունից հետևում է, որ թիվ ՎԴ/2898/05/16 վարչական գործով վերաքննիչ վարչական դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է 2021 թվականի նոյեմբերի 23-ին, որպիսի դատական ակտն էլ դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Վերոնշյալից ելնելով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումը ենթակա է մերժման նաև այն պատճառաբանությամբ, որ դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքն իրացրել է նախքան դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելը։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վրաժիկ Ավանեսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

15 դեկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-87

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-87
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել