ՀԱԿՈԲ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունվարի 2019թ. ՍԴԴԿՈ - 1 | ՀԱԿՈԲ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 հունվարի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով Հակոբ Թորոսյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հակոբ Թորոսյանը 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 75-րդ, 79-րդ և 60-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը նշում է, որ «Վերաքննիչ դատարանի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ կատարած մեկնաբանությունից ստացվում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսում է հոսել ոչ թե իրավունքի խախտման մասին իմանալուց, այլ իմանալու հնարավորություն ունենալուն պես, իսկ «իրավունքի խախտման մասին իմանալու հնարավորությունը» դիտարկում է այն, որ նույնիսկ այն դեպքում, երբ անձը տեղեկացված չի եղել իր իրավունքների խախտման մասին, բայց այդ մասին իմանալու ողջամիտ հնարավորություն է ունեցել, ապա այդ դեպքում ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների ընթացքը համարվում է սկսված»: Դիմողը գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավունքի որոշակիության սկզբունքին, քանի որ Օրենսդիրը մի կողմից նշել է, որ հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել իրավունքի խախտման մասին իմանալուց, կամ պետք է իմացած լինելուց, սակայն մյուս կողմից չի սահմանել, թե որ դեպքերում հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկվի իրավունքի խախտման մասին իմանալուց, իսկ որ դեպքերում իմացած լինելուց»: Արդյունքում, ըստ դիմողի, քաղաքացին չի կարողանում համապատասխանեցնել իր վարքագիծը վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումներին: Դիմողի կարծիքով Վերաքննիչ դատարանի կողմից «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը, ըստ որի գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը ներառում է նաև գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած փաստաթղթերի մասին տեղեկացված լինելու կանխավարկածը, հակասության մեջ է գտնվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի հետ, քանի որ, մի դեպքում Օրենսդիրը նշում է, որ հայցային վաղեմության ժամկետը հոսում է իրավունքի խախտման մասին իմանալու պահից, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին տրված մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ հայցային վաղեմության ժամկետը հոսում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու պահից:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ վիճարկվող դրույթը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ օրենսդրությամբ թվարկված չեն այն բոլոր դեպքերը, երբ անձի համար հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել իրավունքի խախտման մասին իմանալու պահից սկսած, ինչպես նաև թվարկված չեն այն դեպքերը, երբ անձի համար հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել իրավունքի խախտման հնարավորության մասին իմանալուն պես: Խնդրո առարկա դրույթի վերաբերյալ դիմողի ներկայացրած իրավական հիմնավորումների համատեքստում պետք է արձանագրել, որ օրենսդրի խնդիրը չէ հաշվարկել օբյեկտիվ իրականության մեջ ծագող բոլոր հնարավոր իրավիճակները և, դրանց բնույթով, առանձնահատկություններով պայմանավորված, յուրաքանչյուրի համար սահմանել հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման առանձին ընթացակարգ: Իրավակիրառողը ի դեմս դատարանների, յուրաքանչյուր գործի քննության ընթացքում, կախված գործի փաստական հանգամանքներից, ներկայացված ապացույցների համակցությունից, եզրահանգման է գալիս առ այն, թե կոնկետ իրավիճակում ո՛ր պահը պետք է համապատասխան սուբյեկտի համար դիտարկել որպես հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման մեկնարկ, իրավակիրառողն է գնահատում, արդյո՞ք սուբյեկտն ունեցել է իրական հնարավորություն խախտված իրավունքի մասին տեղեկանալու, թե ոչ: Դատական կազմը գտնում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները պայմանավորված են նրանով, որ հայցային վաղեմության ժամկետների հաշվարկի սկզբի վերաբերյալ դիմողի տեսակետը չի համընկել ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրած հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկզբի հետ: Մասնավորապես, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի նոյեմբերի 7-ի վճռով արձանագրել է, որ «... հայցվորի կողմից այլ բան ապացուցված չլինելու պայմաններում և հայցվորի կողմից իր` փաստացի տիրապետման և կառավարման հիմքով Երևանի Ս.Դավթի (Մայակովսկի) փողոցի թիվ 25 հասցեում գտնվող անշարժ գույքի 2/5-րդ բաժնից իրեն հասանելիք բաժինն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ ներկայացնելու և դրա հիմքով համապատասխան ակտն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու պարագայում, հայցվորի իրավունքի խախտման պահ պետք է համարել ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի տրման պահը, այլ ոչ թե դրա` օրենքի պահանջներին համապատասխանելու կամ ոչ իրավաչափ լինելու մասին տեղեկանալը»։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2018 թվականի մարտի 15-ի որոշմամբ փաստել է, որ «... սույն գործով հայցվոր Հակոբ Թորոսյանի հայրը Գրիգոր Թորոսյանը մահացել է 01.01.1981 թվականին, իսկ վերջինիս ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Գրաֆ Մարտիրոսյանը: Հակոբ Թորոսյանը լինելով Գրիգոր Թորոսյանի որդին, այսինքն` վերջինիս ըստ օրենքի 1-ին հերթի ժառանգը, շուրջ երեսուն տարի ողջամիտ հնարավորություն է ունեցել իմանալու գույքի նկատմամբ Գրիգոր Թորոսյանի այլ ժառանգների կողմից իրավունքները գրանցելու մասին, հետևաբար Հակոբ Թորոսյանը պետք է որ իմացած լիներ իր ենթադրյալ իրավունքների խախտման մասին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում բողոք բերող անձի այն փաստարկը, ըստ որի սույն գործով հայցվոր Հակոբ Թորոսյանը հայցադիմում է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետներում»։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով, վիճարկվող դրույթի մասով առկա է անհատական դիմումի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք: Ինչ վերաբերում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածին, դատական կազմը գտնում է, որ այս դրույթը, չնայած այն հանգամանքին, որ վկայակոչված է Վերաքննիչ դատարանի 2018 թվականի մարտի 15-ի որոշման մեջ, իրավական հետևանքներ չի առաջացրել դիմողի նկատմամբ նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» եզրույթի համատեքստում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածն ամրագրում է կանոն առ այն, որ բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք գույքի գրանցման իրավունքների վերաբերյալ համարվում են տեղեկացված անկախ նրանից իրականում տեղյակ էին նրանք այդ իրավունքների մասին, թե ոչ: Իսկ կոնկրետ իրավիճակում, եթե անհրաժեշտություն է առաջանում ձեռնամուխ լինել խախտված իրավունքի դատական ընթացակարգով վերականգնման գործընթացին, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը շահագրգիռ սուբյեկտների համար իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներին համապատասխան: Հետևաբար, նշյալ դրույթը չի կիրառվել դիմողի նկատմամբ: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» բառակապակցության մեջ կիրառում հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում»: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ դատարանի վերջնական ակտով կիրառվել է նորմատիվ իրավական ակտի այս կամ այն դրույթը: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցնում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Հակոբ Թորոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
25 հունվարի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունվարի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
