«ԳՈՌ-83» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 նոյեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 56 | «ԳՈՌ-83» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 նոյեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով «ԳՈՌ-83» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԳՈՌ-83» ՍՊԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի նոյեմբերի 8-ին)` խնդրելով.
««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը և 30-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ ռեֆերենս լաբորատորիայի բացակայության պայմաններում օրենսդրությամբ նախատեսված չլինելով ընթացակարգ սննդամթերքի անվտանգության գնահատման գործընթացի վիճարկման համար՝ Արդարադատության նախարարի պարզաբանման հիման վրա իրականացվում է արդյունքների վիճարկման վարույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 50-րդ և 60-րդ հոդվածի 1-ին մասերի, 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով օրենքի ուժի մեջ մտնելը պայմանավորել է մի իրավաբանական փաստով, որը տեղի ունենալու հավանականությունը հակասում է գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև նման կարգով Օրենքի ուժի մեջ մտնելու հնարավորությունը որոշակի չէ, անորոշ է և անհամաչափորեն սահմանափակում է Դիմողի հիմնարար իրավունքները»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/4756/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը և 30-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում են Սահմանադրության 10 և 50-րդ հոդվածներին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով ռեֆերենս լաբորատորիայի բացակայության պայմաններում օրենսդրությամբ նախատեսված չլինելով ընթացակարգ սննդամթերքի անվտանգության գնահատման գործընթացի բողոքարկման համար՝ Արդարադատության նախարարի պարզաբանման հիման վրա սահմանափակվում են տնտեսվարող սուբյեկտների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը:
Ըստ Դիմողի՝ տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զրկված են օրենքի հիման վրա ռեֆերենս լաբորատորիայի կողմից վերջնական եզրակացություն ստանալու իրավունքից և ստիպված են բողոքարկման արդյունքում ստանալ այն կազմակերպությունների եզրակացությունները, որոնց գործողությունները բողոքարկվել են:
Դիմողի պնդմամբ՝ իրավահարաբերության ժամանակ առկա չեն եղել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք կարող էին հնարավորություն տալ պաշտպանել իր իրավունքները:
Դիմողը նաև գտնում է, որ սննդամթերքի անվտանգության ապահովման համար իրականացվող վարչարարության շրջանակներում իրավունքների պաշտպանությունն արդյունավետ է միայն գործի արտադատական իրականացման պայմաններում, քանի որ սննդամթերքը շուտ փչացող ապրանք է, և մինչ դատական գործի ավարտն անհնար է ապահովել դրա պիտանելիության ժամկետը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև՝ սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այսինքն՝ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ տվյալ դիմումները չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանին, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 27-րդ հոդվածի և 30-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/4756/05/21 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի և 30-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են առկա իրավակարգավորումների պայմաններում Կառավարության կողմից սահմանված կարգով ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա չնշանակելուն և որպես հետևանք՝ վիճարկվող իրավակարգավորումների գործնականում կիրառման անհնարինությանը, ինչպես նաև այդ համատեքստում ՀՀ դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ավելին՝ որպես վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության հիմնավորում՝ Դիմողն առավելապես սահմանափակվել է Կառավարության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ընդունված՝ «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաների նշանակման կարգը սահմանելու մասին» N 1448-Ն որոշման վկայակոչմամբ, ինչպես նաև տվյալ որոշման նախագծի ընդունման հիմնավորմամբ վարչապետի աշխատակազմի կողմից արձանագրված՝ ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա նշանակված չլինելու և նման նշանակման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման բացակայության հետևանքով առաջացած մի շարք խնդիրների, տվյալ նախագծի ընդունման նպատակի և ակնկալվող արդյունքի մեջբերմամբ:
Ուստի` Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Կառավարության գործունեության և այդ համատեքստում թիվ ՎԴ/4756/05/21 վարչական գործով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից և ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԳՈՌ-83» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
28 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-56
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-56
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
