Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-Ի` 16.05.2018Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-615 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-Ի` 16.05.2018Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-615 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-438 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հունիսի 2018թ. ՍԴԱՈ - 43 | «ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-Ի` 16.05.2018Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-615 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

«ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-Ի`16.05.2018Թ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ԹԻՎ 6-615 ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-ն 16.05.2018թ. դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 17.06.1998թ. ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը և 09.02.2018թ. ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասը»: Դիմողը մատնանշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված դիրքորոշումից բխում է, որ բոլոր դեպքերում, երբ բողոքարկվել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, բողոքարկման բացասական ելքի դեպքում անձն իրավունք ունի կրկին ներկայացնել վերաքննիչ բողոք միայն այն դեպքում, եթե Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն ընդունվել է վարույթ և քննության արդյունքում մերժվել է, իսկ եթե, օրինակ, Վճռաբեկ դատարանը մերժում է բողոքը վարույթ ընդունելը, ապա անձը զրկվում է դատական պաշտպանության իրավունքից: Դիմողը գտնում է, որ դատարանները սխալ են մեկնաբանել Սահմանադրական դատարանի 2017թ. փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշումը: Ըստ Վերաքննիչ դատարանի Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել միայն այն դեպքը, երբ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն ընդունվում է վարույթ և քննության արդյունքում մերժվում է: Ըստ դիմողի այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման բողոքարկման արդյունքում անձը չի հասնում դրական արդյունքի, ապա կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում բաց թողնված երկշաբաթյա ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ պետք է համարվի հարգելի:

2. Նկատի ունենալով, որ սույն անհատական դիմումով գործը քննության ընդունելու հարցով ՍԴ դատական կազմը միաձայնությամբ որոշում չի ընդունել, Սահմանադրական դատարանը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 6-րդ մասի, աշխատակարգային նիստում քննելով 17.06.1998թ. ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասի և 09.02.2018թ. ընդունված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 6-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու մասին «ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության հարցը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ: 2.1 Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 1998 թվականի հունիսի 17-ին, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվար 1-ին, ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 9-ին) 213-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-1344 որոշմամբ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մասը տվյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում: Նշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ «... օրենսգրքով սահմանված է վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վճռաբեկության կարգով անմիջականորեն բողոքարկելու իրավական հնարավորություն (օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ մաս): Նորմատիվ այսպիսի կարգավորումը նպատակ է հետապնդում ստուգելու վերաքննիչ դատարանի համապատասխան բողոքարկվող ակտի օրինականությունը: Ընդ որում, վերաքննիչ դատարանի` բողոքը վերադարձնելու մասին որոշումը բողոքարկելու ժամկետն իրավաչափորեն հաշվարկվում է այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, հանգամանք, որն ուղղված է իրավական որոշակիության սկզբունքի ապահովմանը` ժամկետի առումով բողոքաբերի համար կանխատեսելի դարձնելով իր դրսևորելիք վարքագիծը: ...ելնելով իրավունքի գերակայության սկզբունքից, մարդու հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սահմանադրական պահանջից, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված օրենսդրական կարգավորումների ընդհանուր տրամաբանությունից, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան իրավակարգավորումներ սահմանելը դատական պրակտիկան պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, բողոքաբերը պետք է հնարավորություն ունենա այդ որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել` առաջնորդվելով դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ»: Այսինքն, վերոնշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանը շեշտադրել է այն, որ անձը հնարավորություն է ձեռք բերում Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը մերժելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում, վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելուց հետո է մերժում վճռաբեկ բողոքը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Խնդրո առարկա գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման ուսումնասիրությունը, վկայում է, որ դատական պրակտիկան զարգացել է խնդրո առարկա դրույթի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ձևավորած իրավական դիրքորո-շումներին համահունչ: 2.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին) 371-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ օրենսգրքի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացվել Սահմանադրական դատարան: Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցնում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 3-րդ կետերով` ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՌԱՖ-ՕՋԱԽ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

8 հունիսի 2018 թվականի

ՍԴԱՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել