Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՔԱՂՑՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՔԱՂՑՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21026 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-210)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 210 | «ՔԱՂՑՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՔԱՂՑՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 395-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Քաղցրիկ Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի սեպտեմբերի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Քաղցրիկ Գրիգորյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ ձևավորված պրակտիկան առ այն, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշման կայացումից հետո վճռաբեկ բողոքը կրկին պետք է ներկայացվի նույնիսկ այն պայմաններում, երբ նախապես ներկայացված վճռաբեկ բողոքը չի վերադարձվել բողոքաբերին և մնացել է Վճռաբեկ դատարանում, վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշման մեջ մատնանշված թերությունը հնարավոր է ուղղել առանց վճռաբեկ բողոքի բովանդակության փոփոխության, արդյունքում վճռաբեկ բողոքում որևէ փոփոխություն չի կատարվել, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»: Ըստ դիմողի` թիվ ԱՐԱԴ/0899/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, քանի որ խոչընդոտում է անձի դատավարական իրավունքների իրացմանը, ինչպես նաև խախտում է դատական պաշտպանության և դրա բաղադրատարր արդարադատության մատչելիության և հասանելիության, ինչպես նաև արդար դատաքննության սկզբունքները: Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասը մեկնաբանում է որպես խիստ ձևական պահանջ առ այն, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշման կայացման դեպքում նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանը բողոքաբերին չի վերադարձնում վճռաբեկ բողոքը և կից բնօրինակ փաստաթղթերը, այսինքն դրանք շարունակում են գտնվել Վճռաբեկ դատարանի տրամադրության ներքո, բողոքաբերը կրկին պետք է ներկայացնի դատարանին արդեն իսկ ներկայացված բողոքը, որը որևէ փոփոխության չի ենթարկվել: Դիմողը գտնում է, որ թեև ընթացակարգային, ձևական պահանջներն արդարադատության արդյունավետ իրականացման համար, որպես կանոն, անհրաժեշտություն են, իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համահունչ լինեն Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված համաչափության սկզբունքին, այն է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Ուստի, ըստ դիմողի, առկա իրավաչափ նպատակին Վճռաբեկ դատարան դիմելու նախապայմանների խստացմանը, հնարավոր կլինի հասնել նաև վճռաբեկ բողոքը կրկին չներկայացնելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չհամարելով այն պայմաններում, երբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշման կայացումից հետո այն բողոքաբերին չի ուղարկվել, մնացել է դատարանում, իսկ վճռաբեկ բողոքում որևէ փոփոխություն չի կատարվել: Արդյունքում, ըստ դիմողի, չի խաթարվի ողջամիտ հավասարակշռությունը հետապնդվող նպատակի և այդ նպատակին հասնելու համար օգտագործված միջոցի միջև, դիմումատուն չի ծանրաբեռնվի ձևական պահանջներով, չեն խախտվի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»: Սահմանադրական դատարանն փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածը կարգավորում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հետ կապված դատավարական հարաբերությունները: Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանը սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` բողոքում առկա թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Ուսումնասիրության առարկա դարձնելով վերոնշյալ օրինադրույթը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն կարգավորում է Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելու պարագայում որոշմամբ սահմանված ժամկետում բողոքում առկա թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ անձին հնարավորություն է տրվում կրկին ներկայացնել վճռաբեկ բողոք վերջինիս կից փաստաթղթերով: Դիմողը նշում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ նորմը մեկնաբանում է որպես խիստ ձևական պահանջ առ այն, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ որոշման կայացման դեպքում նույնիսկ այն պայմաններում, երբ Վճռաբեկ դատարանը բողոքաբերին չի վերադարձնում վճռաբեկ բողոքը (…), բողոքաբերը կրկին պետք է ներկայացնի դատարանին արդեն իսկ ներկայացված բողոքը, որը որևէ փոփոխության չի ենթարկվել»: Սակայն, թիվ ԱՐԱԴ/0899/02/19 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին կայացվել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով սահմանվել է եռօրյա ժամկետ որոշմամբ մատնանշված թերությունը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելուն, ապա այն ենթադրում է վճռաբեկ բողոքը և դրան կից փաստաթղթերը Վճռաբեկ դատարան կրկին ներկայացնել, անկախ այն հանգամանքից` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ մատնանշված թերությունները որտեղ են տեղ գտել: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի շրջանակներում դիմողը, ձևականորեն բարձրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, վիճարկում է Վճռաբեկ դատարանի գործողությունները, մասնավորապես` բարձրացնում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հետ կապված Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Քաղցրիկ Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-210

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-210
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել