Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15811 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-158)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 հոկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 158 | ««ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԲԵԳԼԱՐՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ , ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ Արտակ Զեյնալյան, փաստաբան Սիրանուշ Սահակյան), որով Դիմողը խնդրել է.

«(…) ՀՀ Սահմանադրության 6 և 103, 61 և 63, 162 և 163-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 26-րդ հոդվածի 9-րդ մասը:

(…) ՀՀ Սահմանադրության 1, 3, 28, 29, 39, 61 և 63, 75, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել՝ ՀՀ «Վարչական դատավարության» օրենսգրքի 10-րդ հոդվածի «հանրային իրավահարաբերությունից ծագող բոլոր գործերը» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի՝ «վարչական ակտ» դրույթներն իրավակիրառական պրակտիկայի կողմից հաղորդած բովանդակությամբ հանդերձ»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/3699/05/23 գործի (հետագայում` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին փոխանցվելուց հետո, սույն գործի համարը վերանվանվել է ՎԴ2/3699/05/23) դատավարական նախապատմությունը և անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված մարմնի ակտերին՝ Դիմողը նշում է, որ որոշակիացված չէ, թե այդ ակտերն ի՞նչ ատյան է կայացնում և ո՞ւմ անունից: Այնուամենայնիվ, Դիմողի պնդմամբ, այդ «ատյանի» ակտերը, դրանցում արտահայտված իրավական դիրքորոշումները և եզրակացությունները պարտադիր են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված «օրենքի հիման վրա ստեղծված դատարանների», մասնավորապես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համար և կանխորոշում են վերջիններիս կողմից կայացված վճիռների բովանդակությունը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված մարմինը, ուղղակիորեն նախատեսված չլինելով Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, Սահմանադրության 163-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով «արտակարգ դատարան է», հետևաբար՝ «արգելված» է:

Արդյունքում՝ Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 6, 61, 63, 103, 162 և 163-րդ հոդվածներին:

Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածին և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ իրավահարաբերության բնույթը պարզելու վերաբերյալ ձևավորված իրավակիրառ պրակտիկան լիարժեքորեն չի ապահովում հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի վերաբերյալ գործերը Վարչական դատարանին ընդդատյա լինելու հարցի լուծումը, ըստ այդմ՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի ապահովումը:

Դիմողը գտնում է, որ պետական մարմինը կարող է մասնավոր անձի հետ մտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված պայմանագրային հարաբերությունների մեջ, սակայն նրանց միջև ծագած վեճի առարկան լինի պետական մարմնի կողմից քաղաքացիական օրենսդրության հիմքում ընկած ընդհանուր սկզբունքների, այդ թվում՝ հավասարության, կամքի ինքնավարության սկզբունքների խախտումը, վերջինիս պետաիշխանական-կարգադրիչ լիազորությունների իրացմամբ՝ պայմանագրի մյուս կողմի՝ մասնավոր անձի «մասնավոր գործերին» միջամտությունը: Այնուամենայնիվ, Դիմողն այս համատեքստում ընդգծում է, որ տվյալ իրավահարաբերությունները հանրային իրավական հարաբերություն, իսկ միջամտությունը՝ վարչարարություն չորակելը և տվյալ գործը Վարչական դատարանին ընդդատյա չհամարելը հանգեցնում են մասնավոր անձի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման:

Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի դրույթները՝ իրավակիրառ պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված՝ իրավական պետության սկզբունքին, ինչպես նաև 61 և 63-րդ հոդվածներին:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող վերոնշյալ դրույթներն այնքան անորոշ են ձևակերպված, որ ստեղծվում է հայեցողության լայն՝ կամայական մեկնաբանության հնարավորություն, որը կարող է ստեղծել միևնույն իրավիճակներում իրավունքի սուբյեկտների նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորման վտանգ: Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա դրույթներում առկա է իրավական անորոշություն, իրավական բաց, որը չի սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և՛ իրավակիրառողին, և՛ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը: Նման իրավակարգավորման պայմաններում, Դիմողի պնդմամբ, իրավակիրառողը ձեռք է բերում հայեցողության լայն հնարավորություն, որը չի ապահովում կամայականության դեմ արդյունավետ երաշխիքի առկայությունը՝ առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում՝ դրանով իսկ սահմանափակելով մարդու հիմնական իրավունքները:

Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածն անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելու` «օրենքի որակին» ներկայացվող պահանջներին չբավարարելու արդյունքում, հակասում են Սահմանադրության 1-ին, 3 և 75-րդ հոդվածներին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

Այսպես՝ անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը, արձանագրում է, որ թիվ ՎԴ/3699/05/23 գործով Վարչական դատարանի 2024 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ՝ «Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից Վարչական դատարան ներկայացված պահանջը (հայցադիմումը) վերահասցեագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Այս կապակցությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի մարտի 6-ին որոշել է. «Ըստ հայցի «Բեգլարյան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5396-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/3699/05/23 գործն ուղարկել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահին՝ ենթակայության հարցը լուծելու համար: (...):»:

Այնուհետև՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վարչական, հակակոռուպցիոն և քրեական պալատների նախագահների և քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնակատարի կողմից 2024 թվականի մարտի 20-ին կայացված՝ «Ենթակայության հարցը լուծելու մասին» որոշմամբ արձանագրվել է. «(...) թիվ ՎԴ/3699/05/23 գործն ըստ «Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ ՀՀ առողջապահության նախարարության 2022 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 5396-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությունն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին:

Արդյունքում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ՝ թիվ ՎԴ2/3699/05/23 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ և դեռևս գտնվում է քննության փուլում:

Վերոշարադրյալի համատեքստում հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու՝ անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը: Հետևաբար՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Դիմողի՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Բեգլարյան» բժշկական կենտրոն ՓԲԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴԱՈ-158

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-158
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել