Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-325 հունվարի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունվարի 2019թ. ՍԴԴԿՈ - 3 | ՔԱՋԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 հունվարի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Դիլանյանի

Քննության առնելով Քաջիկ Կարապետյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Քաջիկ Կարապետյանը 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասը և 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը այնքանով, որքանով ՀՀ վճռաբեկ դատարանին տալիս են անսահմանափակ ու անվերահսկելի հայեցողություն, չեն ապահովում կանխատեսելիություն, հանրային և մասնավոր շահի փոխհավասարակշռություն, ինչի արդյունքում, սահմանափակելով անձի հրապարակային դատաքննության իրավունքը, ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանում և փոփոխում է ստորադաս ատյանի դատական ակտը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը

գրավոր ընթացակարգով քննելու արդյունքում խախտվել է իր գործի հրապարակային քննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մաս: Ըստ դիմողի հրապարակային քննություն չիրականացնելու հետևանքով ինքը զրկվել է հրապարակային դատաքննության միջոցով իր կարծիքն ազատ արտահայտելու, իր փաստարկներն ու դիրքորոշումները ներկայացնելու, իր դատավարական հակառակորդին հակադրվելու և նրա պնդումները վիճարկելու հնարավորությունից: Դիմողը մատնանշում է, որ օրենքով սահմանված չէ, թե ո՛ր դեպքերում է Վճռաբեկ դատարանը բացառության կարգով գործի քննությունն իրականացնում դատական նիստի միջոցով, որպիսի իրավիճակում Վճռաբեկ դատարանի հայեցողությունն անորոշ է, իրավական որոշակիությունից զուրկ և որպես այդպիսին չի ապահովում կանխատեսելիություն դատավարության մասնակիցների, այդ թվում նաև լայն հանրության համար: Դիմողի կարծիքով «դատավարության մասնակիցները զրկված են Վճռաբեկ դատարանին գրավոր քննություն իրականացնելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավական հնարավորությունից»: Ըստ դիմողի օրենքով կարգավորված չէ Վճռաբեկ դատարանի կողմից, անհրաժեշտության դեպքում, գրավոր քննությունից գործի քննությունը դատական նիստում իրականացնելուն անցնելու հնարավորությունը: Օրենքով սահմանված չէ, որ գրավոր քննություն կարող է իրականացվել միայն այն դեպքերում, երբ դատարանը քննում է իրավունքի մասին հարց: Դիմողը մատնանշում է, որ օրենքով սահմանված չէ, որ այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը գործը քննում է գրավոր ընթացակարգով և իրականացնում է փաստի քննություն, ապա չպետք է ունենա դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորություն վճիռ կայացնելու լիազորություն»: Դիմողը գտնում է, որ գործերի գրավոր քննությունը չի երաշխավորում ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայով սահմանված մարդու հիմնարար իրավունքները և խնդրում է վիճարկվող նորմերը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել:

3. Ելնելով դիմումի և դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 6-ի որոշման, ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Այսպես, Վճռաբեկ դատարանը 2018 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ որոշել է. «Վճռաբեկ բողոքները բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2017 թվականի վճռին…»: Այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով իրացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված լիազորությունը, այն է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել է վերաքննիչ դատարանի դատական ակտը` ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Մինչդեռ, դիմողը վիճարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որով նախատեսված լիազորությունը, այն է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, Վճռաբեկ դատարանը չի իրացրել: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ դատարանի վերջնական ակտով կիրառվել է նորմատիվ իրավական ակտի այս կամ այն դրույթը: ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Նշյալ դրույթի առնչությամբ դատական կազմը հարկ է համարում նաև նշել, որ այն ամբողջությամբ վերարտադրում է 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված, 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 22-ի ՍԴՈ-832 որոշումը: Սույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, խնդրո առարկա դրույթի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ է արտահայտել առ այն, որ « ... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի սահմանադրականության հարցի առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում այդ կետով նախատեսված` ՀՀ վճռաբեկ դատարանի վիճարկվող լիազորության իրավաչափությունը դիտարկել ՀՀ դատական իշխանության համակարգում վճռաբեկ դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառնական տեղի և դերի, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու` նրա սահմանադրական գործառույթի համատեքստում: Վերոշարադրյալի համատեքստում դատական կազմը գտնում է, որ նշյալ դրույթի մասով Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի հիմքով: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող դրույթն ուղղակիորեն վկայակոչված չէ այդ դատական ակտում: Վճռաբեկ դատարանը որոշման նկարագրական մասում արձանագրել է, որ «… գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Կարապետյանի ներկայացուցիչ Արսեն Գրիգորյանի և Վարդանուշ Մելոյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ռոբերտ Կարապետյանի ընդդեմ Քաջիկ Կարապետյանի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Քաջիկ Կարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռոբերտ Կարապետյանի և Վարդանուշ Մելոյանի վտարման պահանջի մասին,…», ուղղակիորեն չի վկայակոչել այն դրույթը, որն իրավական հիմք է ծառայել գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացնելու համար: Դատական ակտում ուղղակիորեն չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը իրավական հետևանքներ է առաջացրել դիմողի համար այն համատեքստոմ, որ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննվել և դրա վերաբերյալ որոշումը կայացվել է գրավոր ընթացակարգով, ինչի արդյունքում, ինչպես վկայակոչում է դիմողը, խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը: Դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտում բացակայում է նորմատիվ իրավական ակտի դրույթի ցանկացած վկայակոչում, սակայն դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթի մասով առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաջիկ Կարապետյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով, մերժել: Քաջիկ Կարապետյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

25 հունվարի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել