Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1812 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-181)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 181 | «ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գագիկ Տեր-Վարդանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի նոյեմբերի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գագիկ Տեր-Վարդանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»։

2. Ներկայացնելով թիվ ԿԴ/14258/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը գտնում է, որ տվյալ գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանները վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը մեկնաբանել են Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ՝ գալով անհիմն և անօրինական եզրահանգման առ այն, որ վճիռը բողոքարկվել է այն բողոքարկելու իրավունք չունեցող անձի կողմից։

Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում իր՝ որպես գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվել այն պատճառաբանությամբ, որ հիմնավորված չէ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռի՝ բողոքաբերի իրավունքներին և պարտականություններին առնչվելու հանգամանքը։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ գործին մասնակից չդարձված անձի կողմից բողոք է ներկայացվել ոչ թե օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված՝ իր սեփականության իրավունքը պաշտպանելու նպատակով, այլ խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ իր և իր հանգուցյալ մոր ունեցած գույքային իրավունքները, պահանջի իրավունքը, այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը պաշտպանելու նպատակով, որի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրվել է Սահմանադրության 61, 63, 75, 78 և 79-րդ հոդվածներին հակասող մեկնաբանություն, որի հետևանքով խախտվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները պատշաճ չեն հետազոտել բողոքին կից ներկայացված ապացույցները, որով հաստատվում են բողոքաբերի և իր մոր՝ Մառլենա Տեր-Վարդանյանի առնչությունը վեճի առարկա բնակարանի հետ, իրենց կողմից բնակարանը տիրապետելու, օգտագործելու, վճարումներ կատարելու վերաբերյալ ներկայացված ապացույցները, ինչի հետևանքով սխալ եզրահանգման է եկել բողոքաբերի՝ Դատարանի վճիռը բողոքարկելու իրավունք չունենալու վերաբերյալ։

Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ գործին մասնակից չդարձած անձի կողմից բողոք է ներկայացվել ոչ թե օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված իր սեփականության իրավունքը պաշտպանելու նպատակով, այլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 43 շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ իր և իր հանգուցյալ մոր՝ Մառլենա Տեր-Վարդանյանի ունեցած գույքային իրավունքները, պահանջի իրավունքը, այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքը պաշտպանելու նպատակով, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ»։

Դիմողը նաև նշել է. «(...) Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները հաշվի չեն առել նաև այն հանգամանքը, որ հայցը հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ, որի վերաբերյալ բողոքաբերի կողմից ներկայացվել է Սվետլանա Կոբոլևսկայայի մահվան վկայականի պատճենը։ Այսինքն, սույն գործն առհասարակ չէր կարող հարուցվել, իսկ հարուցվելուց հետո էլ ենթակա է եղել կարճման, ինչը Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները հաշվի չեն առել»։

Միաժամանակ, Դիմողը ներկայացրել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Դատարանները պատշաճ չեն հետազոտել բողոքին կից ներկայացված ապացույցները, որով հաստատվում են բողոքաբերի և իր մոր՝ Մառլենա Արամի Տեր-Վարդանյանի առնչությունը վեճի առարկա բնակարանի հետ, նրանց կողմից բնակարանը տիրապետելու, օգտագործելու, վճարումներ կատարելու վերաբերյալ ներկայացված ապացույցները, ինչի հետևանքով սխալ եզրահանգման են եկել բողոքաբերի՝ վճիռը բողոքարկվելու իրավունք չունենալու վերաբերյալ, (...)»։

Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/14258/02/23 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Գագիկ Տեր-Վարդանյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

2 դեկտեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-181

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-181
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել