ՎԱՂԻՆԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 28 | ՎԱՂԻՆԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 ապրիլի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Վաղինակ Մնացականյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Վաղինակ Մնացականյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 8-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածները, իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, որ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու վերաբերյալ պահանջը հանդիսանում է վինդիկացիոն հայց, իսկ բնակարանից վտարելու պահանջը նեգատոր հայց, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողը պնդում է, որ`
ա) իր դեմ հայցը ներկայացվել է Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի հիմքով,
բ) Քաղաքացիական օրենսգրքի 274 և 277-րդ հոդվածները նախատեսում են սեփականատիրոջ իրավունքների խախտման վերացման երկու մեխանիզմ, որոնցից մեկը գործադրվում է սեփականատիրոջ իր գույքի տիրապետումից զրկված լինելու դեպքում, մյուսը սեփականատիրոջ իր գույքի տիրապետումից զրկված չլինելու դեպքում,
գ) սեփականատիրոջ իր գույքի տիրապետումից զրկված լինելու դեպքում (Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդված) ներկայացվում է վինդիկացիոն հայց, որի վրա տարածվում է հայցային վաղեմությունը, իսկ սեփականատիրոջ իր գույքի տիրապետումից զրկված չլինելու դեպքում (Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդված) ներկայացվում է նեգատոր հայց, որի վրա չի տարածվում հայցային վաղեմությունը,
դ) Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի հիմքով իր դեմ ներկայացված գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու և պատասխանողին բնակարանից վտարելու պահանջները հանդիսանում են վինդիկացիոն հայցեր, քանի որ գույքի սեփականատերը իր գործով հայցվորը, զրկված է եղել գույքի տիրապետումից,
ե) իր գործով դատարանները բնակարանից վտարելու պահանջն առանձնացրել են գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջից, այն նույնացրել են Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածով նախատեսված տիրապետումից զրկելու հետ չկապված պահանջի հետ, այն դիտարկել են որպես նեգատոր հայց և չեն կիրառել հայցային վաղեմության կանոնները,
զ) իր գործով դատարանները Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը մեկնաբանել են այնպես, որ սեփականատիրոջ իր գույքը տիրապետելու հանգամանքից անկախ, սեփականատերն իր իրավունքների պաշտպանության նկատառումներով կարող է բնակարանից վտարելու պահանջը ներկայացնել թե՛ Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի, թե՛ նույն օրենսգրքի 277-րդ հոդվածի հիմքով: Ըստ դիմողի իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու արդյունքում Քաղաքացիական օրենսգրքի 274 և 277-րդ հոդվածներն իրավակիրառ պրակտիկայում կիրառվում են միմյանց հակասող մեկնաբանությամբ, որոնց համատեքստում իրավունքի սուբյեկտը չի կարողանում կանխատեսել իր գործողությունների հնարավոր հետևանքները և դրան համապատասխան դրսևորել համաչափ վարքագիծ:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման մասամբ հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ վերջնական դատական ակտով թիվ ԼԴ2/0138/02/19 քաղաքացիական գործով, վերաքննիչ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 2-ի որոշմամբ Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել, հետևաբար դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ուստի Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումն ակնհայտ անհիմն չէ,
դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28, 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Վաղինակ Մնացականյանի դիմումի հիման վրա Քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Վաղինակ Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը Քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի մասով, մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
23 ապրիլի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
