Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3931 հուլիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-39)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հուլիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 39 | ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 հուլիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Դատավորներ Ա. Թունյան

Վ. Գրիգորյան

Քննության առնելով Գուրգեն Վարդանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գուրգեն Վարդանյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան ուղարկվել է փոստային եղանակով 2020 թվականի հունիսի 11- ին և Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 15-ին) խնդրելով.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 424-րդ հոդվածի 2-րդ մասը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, 394-րդ հոդվածի 1- ին մասը և 3-րդ մասի 2-րդ կետը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ և 63-րդ հոդվածներին, ինչպես նաև 167-րդ, 168-րդ և 170-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. հուլիսի 31-ը:

2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 24-ի ՍԴՈ-1477 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը «Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները…» դրույթի մասով համապատասխանում է Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի կրկին ներկայացված բողոքում առկա խախտումները վերաբերում են դատարանի կողմից մատնանշված և չվերացված խախտումներին: Մինչդեռ խնդրո առարկա գործի պարագայում վերաքննիչ բողոքում առկա է եղել միայն մեկ թերություն, այն է չի ներկայացվել ծանր ֆինանսական վիճակը հիմնավորող ապացույցը, ինչի պատճառով մերժվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված և չվերացված խախտումներ առկա չեն եղել, այլ եղել է նոր թերություն: Այս իրավիճակում վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նոր ժամկետ չտրամադրելու վերաբերյալ սահմանափակումը, ինչի արդյունքում դիմողը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, այսինքն վիճարկվող դրույթը կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 424-րդ հոդվածի 2-րդ մասի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի 1- ին մասի և 3-րդ մասի 2-րդ կետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ ներկայացնելիս դիմողն արձանագրել է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման պահանջ ներկայացնելու դեպքում Վճռաբեկ դատարանը բողոք բերող անձի առջև դրել է օրենքով չնախատեսված լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն չհիմնավորելով, թե ի՛նչ պատճառաբանություն է ակնկալում դրանով իսկ խախտելով իրավական որոշակիության սկզբունքը, ինչպես նաև դատական պաշտպանության իրավունքը:

Դիմողի պնդմամբ օրինական ուժի մեջ է մնացել վերաքննիչ դատարանի 11.01.2019 թ. «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, որով իր նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է այնպիսի մեկնաբանությամբ, որը հակասում է ինչպես Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1477 որոշմանը, այնպես էլ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին հանգեցնելով անձի դատարան դիմելու և դատական պաշտպանություն ստանալու իրավունքների խախտմանը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. 3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371- րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ

Գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը վկայում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թվականի հունվարի 11-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ «.... տվյալ դեպքում բողոքաբերը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որն անստորագիր է, հետևաբար չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները, համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով բողոքաբերը երկրորդ անգամ նշված թերությունը շտկելու հնարավորություն չունի, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը պարունակում է նոր թերություն, որը բացառում է այն վարույթ ընդունելը: Ինչ վերաբերում է պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու մասին միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ այն ևս անստորագիր է, հետևաբար դրա հիմնավոր կամ անհիմն լինելու հարցին ևս Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում»:

Նշված որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ վերոշարադրյալը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հիմք է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու: Ընդ որում ….տվյալ դեպքում բողոք բերած անձը չի կարող օգտվել 15-օրը ժամկետում խախտումները վերացնելու և կրկին բողոք ներկայացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հնարավորությունից, ինչը նշանակում է, որ սույն որոշումը օրինական ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 07.05.2018 թվականի վճիռը չի կարող բողոքարկվել այլ կերպ, քան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով, մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի պահանջներին և թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 28.11.2014 թվականին կայացված որոշման իրավական հիմնավորումներին համապատասխանող նոր բողոք ներկայացնելու միջոցով….»: Վերաքննիչ դատարանի 11.01.2019 թվականի որոշումը դիմողը չի բողոքարկել վճռաբեկության կարգով: Այսինքն դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Միայն հետագայում նոր հանգամանքի հիմքով դիմելով Վճռաբեկ դատարան խնդրել է «Վերացնել թիվ ԿԴ1/1085/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2019 թ.-ի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, և կայացնել նոր դատական ակտ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին»:

Անհատական գանգատի շրջանակներում դիմողի համար նախատեսված սահմանադրական և օրենսդրական պահանջներից է, ի թիվս այլնի, դատական պաշտպանության միջոցների սպառումը: Այս պահանջը նշանակում է, որ դիմողը կոնկրետ գործի շրջանակներում պետք է իրացնի օրենսդրորեն իրեն վերապահված բոլոր հնարավորությունները: Օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունների իրացումից հետո միայն կարելի է փաստել անհատական գանգատի շրջանակներում դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառման պահանջի պահպանման մասին:

Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով, ինչպես նաև դրանցից բխող և Սահմանադրի կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների համար նախատեսված սահմանադրական սահմանափակումներով. մասնավորապես քննության առնել միայն իրավական պաշտպանության միջոցների սպառումն ապահոված անհատական դիմումները։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել վերոհիշյալ պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։

2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականնությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայությամբ յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես, դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության միջոցները, գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում) նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ

Վճռաբեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման

ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող նշյալ դրույթը չի կիրառվել նրա նկատմամբ:

3.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 2- րդ կետի վերաբերյալ

Նշյալ դրույթների մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը բարձրացրել է դրանց կիրառման իրավաչափության հարց: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման մեջ արձանագրել է. «…վճռաբեկ բողոքում նշված հանգամանքը բավարար չէ եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանք, և այդ հիմնավորումը բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար…»: Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերը սահմանում են այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման: Հետևաբար դիմողի այն փաստարկը, ըստ որի Վճռաբեկ դատարանը բողոք բերող անձի առջև դրել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պատճառաբանություններ ներկայացնելու պարտականություն չհիմնավորելով, թե ի՛նչ պատճառաբանություն է ակնկալում, իրական չէ, միտված է սահմանադրականության հարցի շղարշի ներքո Վճռաբեկ դատարանի կողմից խնդրո առարկա դրույթների կիրառման իրավաչափության հարց բարձրացնել:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար, այս առումով վիճարկվող դրույթի մասով առկա է անհատական դիմումի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Գուրգեն Վարդանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող

Դատավորներ

31 հուլիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-39

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հուլիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-39
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել