Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2430 մայիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 մայիսի 2023թ. ՍԴԴԿՈ - 24 | ՄԱՆՈՒԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 մայիսի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Մանուել Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մանուել Մարգարյանի (այսուհետ դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մայիսի 15-ին, որով դիմողը խնդրել է. «Որոշել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի /հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում նշված նորմին տրված մեկնաբանությունը/ սահմանադրականության հարցը Սահմանադրության 57, 63, 78, 79 հոդվածներին համապատասխանության տեսանկյունից»:

2. Ներկայացնելով թիվ ԵԱԴԴ/1031/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի կարգավորումները` դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) նշված դրույթներով չեն արտացոլվում այն կարևոր հիմնադրույթները, որոնք տեղի չեն տա կամայական մեկնաբանությունների /ինչը երևում է նաև վկայակոչված իրավակիրառ պրակտիկայից/ տվյալ դեպքում խախտելով անձի աշխատանքային իրավունքները։ Մասնավորապես, հենց նշված անորոշությամբ է պայմանավորված «արտադրական ծավալների փոփոխում», «հաստիքների կրճատում» եզրույթների խիստ ձևական և ֆորմալիստական մեկնաբանությունը, երբ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ անկախ հաստիքի կրճատման փաստական հանգամանքից, պետք է հաշվի առնել այնպիսի էական նախադրյալներ, որոնք դրված են հաստիքի կրճատման նպատակների հիմքում։ Այլ կերպ դիտարկվի ոչ թե հաստիքի կրճատման փաստի, այլ դրա անհրաժեշտության հանգամանքը արդյո՞ք առկա են եղել հաստիքի կրճատման համար օբյեկտիվ հիմքեր»։ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները ձևակերպված չեն բավարար հստակությամբ և հնարավորություն չեն տալիս դրանց հասցեատերերին ընկալել օրենսդրի պահանջը, կանխատեսել դրանց հետևանքները և իրենց վարքագիծը համապատասխանեցնել վիճարկվող դրույթով ամրագրված պահանջներին, ուստի հակասում են Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին։ Ըստ դիմողի «(...) իրավակիրառ պրակտիկայում «արտադրական ծավալների փոփոխման արդյունքում հաստիքների կրճատման» երևույթին տրվել է խիստ ձևական կամ ֆորմալիստական մեկնաբանություն․ Փաստացի, կրճատում է դիտարկվել դատարանի կողմից նշված երևույթով պայմանավորված հաստիքի վերացումը, այլ ոչ թե հաստիքի վերացման օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Այնինչ, հաստիքի կրճատում կարող է և տեղի չունենալ նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի առկա է հաստիքի կրճատման վերաբերյալ գործատուի համապատասխան ակտը։ Նշված դեպքում, պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որոնք օրենսդիրը դրել է աշխատողին ազատելու իրավական հնարավորության ներքո արդյո՞ք այն միտված է արտադրական ծավալների փոփոխմամբ պայմանավորված գործատուի ֆինանսական միջոցների խնայմանը կամ գործատուի շահերի պահպանությանը /գործատուի շահերի հավասարակշռմանը/, այլ կերպ օբյեկտիվ է և չի նպաստում աշխատողի կամայական ազատման երևույթին։ (…)

(…) վիճարկվող հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը (…) հանգեցրել է համաչափության սկզբունքի խախտման, այնքանով որքանով ոչ օբյեկտիվ հիմքերով աշխատողին գործատուի կողմից ազատելը չի կարող ծառայել Սահմանադրական դատարանի կողմից մատնանշված նպատակին հավասարակշռել աշխատողի և գործատուի շահերը, հաշվի առնելով նաև այն, որ աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումների և զարգացող տեխնոլոգիաների ներդրման պարագայում մի շարք դեպքերում անխուսափելի են դառնում արտադրության ծավալների, ինչպես նաև տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքային պայմանների փոփոխությունները։ (…)

(…) ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, որով անտեսվել են աշխատանքից ազատման համար օբյեկտիվ նախապայմաններ, անհնար են դարձնում աշխատանքի էական պայմանները փոփոխող ակտում այդ փոփոխության անհրաժեշտությունը և համապատասխանության հիմնավորման պահանջի պահպանումը»։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. 3․1․ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության վերոնշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Ըստ այդմ սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պայմաններում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.

ա) կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումին ներկայացվող հիմնավորվածության պահանջը անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանի դատական կազմին թույլ է տալիս փաստել, որ վերոնշյալ պահանջները պահպանված չեն: Այսպես Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, որոնց շարքում նախատեսված է արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատումը (2-րդ կետ)։ Վիճարկվող օրինադրույթի կիրառման կապակցությամբ աշխատանքային վեճ առաջանալու պարագայում այն ենթակա է լուծման դատական կարգով։ Նշված համատեքստում անձի աշխատանքային իրավունքների խախտման առկայությունը կամ բացակայությունը դատարանի կողմից ենթակա է յուրաքանչյուր գործով առանձին գնահատման հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները։ Թիվ ԵԱԴԴ/1031/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանները, հաշվի առնելով տվյալ գործի փաստական հանգամանքները, գնահատել են ենթադրյալ խախտման առկայության/բացակայության հարցը։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով ներկայացված չեն բավարար հիմնավորումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) Սահմանադրության 57 և 63-րդ հոդվածներին հակասության վերաբերյալ: Մասնավորապես դիմողը բավարար չափով չի հիմնավորել վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և Սահմանադրության 57 և 63-րդ հոդվածներով երաշխավորված իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդումով սույն դիմումի խնդրամասում չանդրադառնալով այդ հարցին հիմնավորումների շրջանակներում։ Վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) դիմողի կարծիքով որոշակիության սկզբունքին հակասության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանն իր որոշումներում (ՍԴՈ-1270, ՍԴՈ-1452, ՍԴՈ-1488, ՍԴՈ-1592, ՍԴՈ-1669 և այլն) բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորապես Սահմանադրական դատարանը 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Օրենսդրական կարգավորումների շրջանակներում չի բացառվում այնպիսի եզրույթների և ձևակերպումների առկայությունը, որոնք լրացուցիչ մեկնաբանման կամ գնահատման կարիք ունեն, որպիսի պայմաններում առանցքային նշանակություն ունի իրավակիրառ պրակտիկայում համապատասխան իրավանորմերին տրվող/հաղորդվող մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից բարձրացված հարցը որոշակիության սահմանադրական սկզբունքի համատեքստում վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող դրույթով ամրագրված հասկացություններին (տվյալ դեպքում «արտադրական ծավալների փոփոխում», «հաստիքների կրճատում») և դրանց բովանդակության բացահայտմանը: Այդ առումով նշված հասկացությունների բովանդակությունը կարող է բացահայտվել դատական պրակտիկայում, ինչն էլ տվյալ գործի շրջանակներում տեղի է ունեցել։ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նաև ընդգծել, որ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով ամրագրված համաչափության և որոշակիության սկզբունքները կոնկրետ վերահսկողության պարագայում կարող են քննարկման առարկա դառնալ միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո: Հաշվի առնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3․2․ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավանորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն անհատական դիմումով դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է նշված դրույթի կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես դիմողը նշում է. (…) պատասխանող ընկերությունը չի դադարել իրականացնել «Վահագնի» թաղամասի կառուցապատումը, որպիսի գործունեությունը ներառված էր Դիմումատուի աշխատանքային պարտականությունների մեջ։ Այդ գործառույթները պատվիրակվել են այլ անձի։ Ավելին, դիմումատուն ունեցել է համապատասխան լիցենզիա։ Դատարանը չի դիտարկել Դիմումատուին աշխատանքից ազատելուց հետո հաստիքների համալրման հարցը։ Ուստի, նշված փաստական հանգամանքների պարագայում, իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ դիտարկումները խիստ կիրառելին են»։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողը վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մանուել Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Ս. Սաֆարյան

Ա. Վաղարշյան

30 մայիսի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել