Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4022 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 40 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 հունիսի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արմեն Ավագյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Ավագյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 2-ին խնդրելով իր նկատմամբ կիրառված «(…) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 88 և 90 հոդվածների (իր միասնությամբ հակասում են ՀՀ Սահմանադրության 3, 5 մաս 3, 77-79 հոդվածների կանոններին), 414.1 հոդվածի 2 մասի 5 կետի (հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 3, 5, 63 մաս 1, 77-79, 81, 162 կետ 1 և 164 մաս 1 կանոնների) և 414.3 հոդվածի 2-րդ մասի (հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 77-79 կանոններին) ու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 4-րդ մասը (հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 5 մաս 1, 78, 79, 168 մաս 1 կանոններին) ու 5-րդ մասի (հակասում է ՀՀ Սահմանադրության հոդվածներ 3, 5 մաս 2, 78 և 79 կանոններին) և 70-ի հոդվածի 2-րդ մասի 14 կետի ու 71-րդ հոդվածի կանոնների (իր միասնության մեջ հակասում են ՀՀ Սահմանադրության հոդվածներ 3, 5, 77-79 և 81 կանոններին) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու և ամբողջությամբ կամ մասամբ նրանք ճանաչել Սահմանադրությանը հակասող»: Միաժամանակ, դիմողը խնդրում է «Որոշում կայացնել, որ Վճռաբեկ դատարանի որոշումները 23.02.2021թ. և 23.04.2021թ. ենթակա են վերանայման ընդունած մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով»:

2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ, 90-րդ հոդվածների, 414.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի և 71-րդ հոդվածի սահմանադրականությունը: Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88 և 90-րդ հոդվածներում ամրագրված չէ դատավարության կողմերի միջնորդությունների փաստական հանգամանքների հիման վրա դատավորի կողմից բացարկը և ինքնաբացարկը լուծելու, այդ թվում պարզաբանման ընթացակարգը: Ըստ դիմողի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է անձի կողմից բացարկ հայտնելը, բայց լիարժեք ամրագրված չէ դրան լուծում տալու ընթացակարգը: Դիմողի կարծիքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածը և 90-րդ հոդվածը իրենց միասնությամբ հակասում են Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի և 71-րդ հոդվածի առնչությամբ դիմողը նշում է, որ ամրագրված չէ անձի կողմից բացարկ հայտնելու և ինքնաբացարկի միջնորդությունների փաստական հանգամանքների հիման վրա դատավորի կողմից բացարկների միջնորդությունները լուծելու, այդ թվում պարզաբանման ընթացակարգը, հաշվի չի առնված ՄԻԵԴ-ի որոշումների իրավական դիրքորոշումները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կապակցությամբ դիմողը նշում է, որ վերոնշյալ դրույթով սահմանված կարգավորումը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին, ինչպես նաև սահմանափակում է դատարանի մատչելիության իրավունքը: Դիմողի կարծիքով առկա է ակնհայտ շեղում օրենքի գերակայության սկզբունքից, որի արդյունքում առերևույթ խախտվել են մարդու իրավունքները և ազատությունները: Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասը չունի անհրաժեշտ որոշակիություն ինչպե՞ս Վճռաբեկ դատարանը պետք է պարզաբանի նույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը, ինչն էլ նախադրյալ է ստեղծում ընդունելու կամայական որոշումներ առանց պատշաճ պարզաբանման: Դիմողի կարծիքով, տվյալ դեպքում դատարանը, դրսևորելով ձևական մոտեցում, խոչընդոտել է իր վճռաբեկ բողոքի քննությունը անհամաչափ սահմանափակելով դատարանի մատչելիությունը և արդար դատաքննության իրավունքը: Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հակասում է Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ հոդվածներին, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին մասին: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անձի հաղորդման հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը: Դիմողի կարծիքով, հոդվածի բովանդակությունը չունի անհրաժեշտ որոշակիություն ու չի համապատասխանում համաչափության սկզբունքին:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 5-րդ մասի վերաբերյալ Օրենքների, դրանց դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, իրականացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ կետի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներով (անհատական դիմումներ)։ Անհատական դիմումների ընդունելիության հարցերը լուծելիս Սահմանադրական դատարանը ղեկավարվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով, որոնցով նախատեսված պայմաններից թեկուզև մեկի բացակայությունը բացառում է անհատական դիմումի քննության ընդունումը Սահմանադրական դատարանում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 5-րդ մասը դիմողի նկատմամբ չեն կիրառվել և, հետևաբար դիմողն իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմերի սահմանադրականության վերաբերյալ դիմում: Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածը սահմանում է բացարկների, ինքնաբացարկների և գործով վարույթից հեռացնելու մասին միջնորդությունների հետ կապված հարցերը, իսկ կոնկրետ դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարցերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կարգավորված են 90-րդ հոդվածով: Այս առումով հարկ է փաստել, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Հ. Ասատրյանի կողմից 2021 թվականի ապրիլի 23-ին կայացված «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման մեջ վկայակոչվել է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը: Այսինքն դիմողի նկատմամբ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդության հիման վրա կայացված դատական ակտով կիրառվել է և վերջինիս նկատմամբ իրավական հետևանք է առաջացրել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը: Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և 5-րդ մասի դիմողի նկատմամբ կիրառված չլինելու հանգամանքին, ապա հարկ է նշել, որ նշյալ դրույթները դիմողի կողմից ներկայացված որևէ դատական ակտով ոչ միայն չեն կիրառվել, այլև որևէ պարագայում չէին էլ կարող կիրառվել քննարկվող գործով, քանի որ դրանք վերաբերելի են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներից վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերմանը և կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում իրենց պատասխանում չհարուցելու հիմքերը նշելու պարտականությանը: Վերահաստատելով 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի կողմից չեն ներկայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ այն բավարար հիմնավորումներ, որ վիճարկվող դրույթները Վճռաբեկ դատարանի կողմից կիրառվել են այնպիսի մեկնաբանությամբ, որը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության խախտման: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի առնչությամբ դիմողի փաստարկները հանգում են նրան, որ Վճռաբեկ դատարանը, բողոքը թողնելով առանց քննության և նշելով, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքով նույն գործով առկա է որոշում, կիրառել է ոչ իրավաչափ սահմանափակումներ, որով խախտել է դատարանի մատչելիության իրավունքը: Դիմողի նման դիրքորոշումից ակնհայտ է, որ վերջինս բարձրացնում է Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության հարց, որի գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասին, ապա որպես հիմնավորում դիմողն առավելապես ներկայացրել է այն, որ Վճռաբեկ դատարանն իր 2021 թվականի փետրվարի 23-ին կայացրած «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ըստ էության, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, չի հիմնավորել վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` հիշյալ օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։ Այս դեպքում նույնպես Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննու- թյունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի և 71-րդ հոդվածի վերաբերյալ Վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումները հանգում են նրան, որ օրենսդրությամբ ամրագրված չէ դատավարության կողմերի միջնորդությունների փաստական հանգամանքների հիման վրա դատավորի կողմից բացարկը կամ ինքնաբացարկը լուծելու, այդ թվում պարզաբանման ընթացակարգը: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավանորմերի վերաբերյալ դիմողի հիմնավորումներն ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ. դիմողի կողմից բարձրացված հարցերը կարգավորված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը հղում է կատարում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին սահմանելով, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մասնավորապես, 71-րդ հոդվածով: Իսկ 90-րդ հոդվածի մյուս մասերը սահմանում են դատավարության մասնակիցների միջնորդություններ ներկայացնելու և դրանք դատավորի կողմից քննարկելու և որոշում կայացնելու ընթացակարգը: Ըստ այդմ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում փաստել, որ նշյալ դրույթների վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դատողություններից հնարավոր չէ ողջամիտ պատկերացում կազմել դրանց հիմնավորվածության, իրավունքների ենթադրյալ խախտման բնույթի, այդ ենթադրյալ խախտումները վիճարկվող դրույթների անորոշությամբ և համաչափությամբ պայմանավորված լինելու մասին: Այլ կերպ ասած դիմողը չի կարողացել բավարար փաստարկներ ներկայացնել և իրավանորմերի համադրված վերլուծությամբ փաստել, թե «Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել կիրառված և վիճարկվող դրույթներով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Ավագյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

22 հունիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-40

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-40
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել