«ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/2 - 13 | «ՕԼԻՄՊ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ
2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
17 հոկտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը 2011թ. սեպտեմբերի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասության, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ՀՀ հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը» դրույթի, 4-րդ գլխի 21-32-րդ հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես, վերջինիս 1-ին, 18- րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։
1. Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը դիմողի նկատմամբ ընդհանրապես կիրառված չէ, ինչի մասին վկայում են դիմումին կից դատական ակտերը, այդ թվում ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ. օգոստոսի 10-ի և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2011թ. հունիսի 23-ի որոշումները։
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից դիմողի նկատմամբ վիճարկվող իրավանորմի կիրառումն է։ Նշված հոդվածի 1-ին մասում ամրագրված որևէ պայմանի բացակայության դեպքում դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետ/։
2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ՀՀ հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը» դրույթի և 4-րդ գլխի 21-32-րդ հոդվածների առնչությամբ նախ հարկ է արձանագրել, որ մատնանշված իրավադրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, ինչը չի վիճարկվում նաև նրա կողմից։ Բացի դրանից, հարկ է նկատի ունենալ, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանադրական դատարանը գործը քննում է համապատասխան դիմումի առկայության դեպքում, իսկ որոշումներ ընդունում է միայն դիմումում նշված առարկայի վերաբերյալ։ Ասվածից հետևում է, որ սահմանադրական դատարանն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ որոշել որևէ իրավական ակտի սահմանադրականությունը, ինչպես նաև որոշում ընդունելիս դուրս գալ դիմումում նշված առարկայի սահմաններից։ Այլ խնդիր է, որ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որևէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս պարզում է նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը /«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մաս/։ Սույն դրույթի վերլուծությունը վկայում է, որ վիճարկվող իրավանորմերի հետ նորմատիվ համապատասխան ակտի այլ դրույթների համակարգային առումով փոխկապակցված լինելու հանգամանքը որոշում է սահմանադրական դատարանը և ոչ թե դիմողը։ Ի դեպ, դիմողը վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը վիճարկում է սոսկ վկայակոչելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասը։
3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասության առումով սույն անհատական դիմումի քննությունը մերժելու օրենքով սահմանված հիմքերը բացակայում են, քանի որ դիմողի կողմից պահպանվել են սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով սահմանված ընդունելիության բոլոր պայմանները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 68-րդ հոդվածի 9-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1.«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի անհատական դիմումով գործը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասության մասով ընդունել քննության։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
3. Տվյալ անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ՀՀ հարկային օրենսդրության և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվությունը» դրույթի, 4-րդ գլխի 21-32-րդ հոդվածների մասով մերժել։
Նախագահող
Անդամներ
17 հոկտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/2-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հոկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
