Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7227 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-72)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 72 | ՔՐԻՍՏԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 հոկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Քրիստինա Մալխասյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Քրիստինա Մալխասյանը (ներկայացուցիչներ` Մ. Դանիելյան, Հ. Հակոբյան, Վ. Վարդանյան, Ն. Սամսոնյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին) խնդրելով. « (...)

2. Որոշել «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 60-րդ, 78-րդ, 79-րդ կամ (և) այլ հոդվածներին»:

2. Վկայակոչելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Իրավական ակտերի մասին» օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը դիմողը նշում է. « (...) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետով թվարկված են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործողություններին բնորոշ մի քանի հատկանիշներ «ա», «բ» և «գ» պարբերություններով, որոնք միմյանցից առանձնացված են ստորակետերով, ուստի եթե նշյալ նորմը մեկնաբանենք վիճելի իրավահարաբերության առաջացման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ուղենիշային կանոններին համապատասխան, ապա կստացվի, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գործողություններում պահանջվում է երեք պարբերություններով սահմանված պայմանների միաժամանակյա առկայությունը, որպեսզի վերջիններս համարվեն ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող սուբյեկտներ: Այսինքն այդ հատկանիշներից որևէ մեկի ինքնուրույն առկայությունը դեռևս բավարար չէ, որպեսզի անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարողանա համարվել ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող սուբյեկտ, փոխարենն անհրաժեշտ է բոլոր հատկանիշների զուգահեռ ու միաժամանակյա առկայությունը: (…)

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը վիճելի իրավահարաբերության առաջացման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ուղենիշային կանոններին համապատասխան մեկնաբանելու դեպքում կրկին կարող ենք փաստել, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց գույքի օտարումը պետք է համարվի ապրանքի մատակարարում, ուստիև ԱԱՀ-ով հարկման օբյեկտ, եթե այդ անձանց գործողություններում միաժամանակ առկա են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով սահմանված պայմանները, քանի որ այդ պայմանները կրկին միմյանցից առանձնացված են ստորակետերով: (...)

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետը և 6-րդ հոդվածի 1-ին կետը չեն համապատասխանում վիճելի իրավահարաբերության պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված օրենսդրական տեխնիկայի և օրենսդրական մեկնաբանման ուղենիշային կանոններին, ինչն ուղղակիորեն ազդում է նշված իրավադրույթների որոշակիության վրա իրավակարգավորման պոտենցիալ հասցեատերերի համար անկանխատեսելի դարձնելով իշխանությունը կրող մարմինների գործողությունները, ինչպես նաև զրկելով նրանց սեփական վարքագիծը գործող իրավակարգավորումներին համապատասխան ծրագրելու, ձևավորելու և դրանից բխող հետևանքների կռահելիությամբ ապահովված լինելու հնարավորությունից: (...)

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետը և նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին: (…)

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետը և նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն իրենց ամբողջության մեջ սահմանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի սեփականության իրավունքի սահմանափակում, քանզի սահմանում են այնպիսի դեպքեր, երբ ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումը, այսինքն վերջինիս սեփականության իրավունքի տնօրինումը առաջացնում է ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություն: (...)

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետը, ինչպես նաև նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված համաչափության սկզբունքին, ուստիև ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, քանզի առանց որևէ լեգիտիմ նպատակի սահմանափակում են անձի սեփականության իրավունքը: (...)

Այսպիսով, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև 6-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Քրիստինա Մալխասյանին առաջադրվել են նրա կողմից օբյեկտիվորեն չկանխատեսված հարկային պարտավորություններ, ինչի պատճառն այն է, որ նշված նորմերը չեն համապատասխանում օրենսդրական տեխնիկայի կանոններին, բավարար չափով որոշակի հստակ, մատչելի և կանխատեսելի չեն, և Քրիստինա Մալխասյանին թույլ չեն տվել իր վարքագիծն օբյեկտիվորեն խելամտության և իրավաչափության սահմաններում համապատասխանեցնել այդ նորմերին կամ (և) կանխատեսել դրանց գործածելիությունն իր նկատմամբ, ավելին այդ իրավադրույթները փաստացի նախատեսում են դիմողի սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակումներ, ուստի հենց դրանք են հանդիսանում դիմողի վերը թվարկված հիմնական իրավունքների խախտման (հետևանքների առաջացման) պատճառները (պատճառահետևանքային կապ)»։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. Դիմումի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ դիմողն, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վարչական և դատական վարույթների իրավաչափությանը։ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում հարկային մարմնի և դատական երեք ատյանների կողմից իրեն ավելացված արժեքի հարկի (այսուհետ ԱԱՀ) վճարման պարտավորություն կրող սուբյեկտ համարելու, իսկ իր կողմից իրականացված գործարքը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարելու կապակցությամբ։ Դիմումում նշված է. «(...) դիմողի գործով արտահայտված վարչական և դատական պրակտիկայից բխում է, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի գործածելիության համար բավարար է այդ կետերից յուրաքանչյուրով թվարկված պայմաններից միայն մեկի առկայությունը, թեկուզև այդ նորմ-պայմանները միմյանցից առանձնացված են ստորակետերով, ինչը վիճելի իրավահարաբերության առաջացման պահին գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն պետք է նշանակեր հակառակը»։ Դիմումի հիմքում, ըստ էության, ընկած է դիմողի պնդումն առ այն, որ և վարչական մարմինը և թիվ ՎԴ/4061/05/19 վարչական գործի շրջանակներում ՀՀ դատական երեք ատյանները չեն կիսել վիճարկվող դրույթների վերաբերյալ իր մոտեցումները համարելով, որ իր գործողությունները պարունակում են ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորություն առաջացնելու անհրաժեշտ և բավարար հիմքեր։ Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են հանդիսանալ այն վեճերը, որոնց հիմքում ընկած են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող իրավանորմերի սահմանադրականության գնահատման հարցեր: Մինչդեռ սույն դիմումում, ըստ էության, բարձրացվել են վիճարկվող դրույթների վարչական մարմնի, ապա նաև վարչական դատարանի, վարչական վերաքննիչ դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմերի կիրառման իրավաչափության, դիմողի նկատմամբ կայացված և վերջինիս համար անբարենպաստ ելքով վարչական և դատական ակտերի օրինականության հարցեր, որոնց քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Դիմողի կողմից վիճարկվող նորմերի իրավական որոշակիության սկզբունքին ենթադրյալ անհամապատասխանության հարցի կարգավորումը, նախ և առաջ, եռաստիճան դատական համակարգի տիրույթում է և հաղթահարելի վիճարկվող դրույթների դատական մեկնաբանման շրջանակներում։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թիվ ՎԴ/4061/05/19 վարչական գործի շրջանակներում ՀՀ իրավասու դատարանները դատական մեկնաբանման միջոցով, ըստ էության, տվել են դիմողի նկատմամբ կիրառված նորմերի վերջինիս իրավընկալումից տարբերվող մեկնաբանություն, ինչը և հանգեցրել է դիմողի նկատմամբ անբարենպաստ ելքով դատական ակտի կայացման, որի օրինականության հարցն էլ առաջ է քաշում դիմողը ձևականորեն բարձրացնելով վիճարկվող իրավանորմերի սահմանադրականության հարց։ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. Վիճարկվող դրույթների Սահմանադրության 60-րդ և 78-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ դիմողի դիրքորոշման առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ֆիզիկական անձանց անձնական գույքի հարկումը առանձին դեպքերում պետության հարկային քաղաքականության մասն է կազմում: Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է անձի սեփականության իրավունքը: Միաժամանակ, Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Իրավահարաբերության ծագման պահին գործող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն որպես ԱԱՀ-ով հարկվող ապրանքի մատակարարման գործարք է համարվում մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի համապատասխան գույքի որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Այսինքն հիշատակված նորմը, ֆիզիկական անձի անձնական գույքի օտարման գործարքը նախատեսելով որպես հարկման օբյեկտ, սահմանում է որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն այն գործում: Մասնավորապես ֆիզիկական անձի անձնական գույքի օտարումը կհամարվի ԱԱՀ-ով հարկման օբյեկտ միայն մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ այդ նույն տեսակի գույքի օտարման դեպքում, և միայն այն դեպքում, երբ այդ գույքի ձեռքբերման ժամանակահատվածից չի անցել մեկ տարուց ավելի ժամկետ: Վերոնշյալից հետևում է, որ տվյալ իրավակարգավորմամբ նախատեսվել է ֆիզիկական անձի անձնական գույքի օտարման գործարքի հարկման բացառիկ դեպք, որը պատճառահետևանքային կապի մեջ չի գտնվում դիմողի սահմանադրական որևէ իրավունքի խախտման հետ. հետևաբար դիմողի հիմնավորումներն այդ մասով անհիմն են։ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Քրիստինա Մալխասյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Վաղարշյան

27 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-72

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-72
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել