ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՄԱԳՐԵՖԻՆԱ ՂՈՒԼՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 54 | ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ՄԱԳՐԵՖԻՆԱ ՂՈՒԼՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 սեպտեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Հրաչյա Գրիգորյանի, Մագրեֆինա Ղուլյանի և Հակոբ Մարկոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հրաչյա Գրիգորյանը, Մագրեֆինա Ղուլյանը և Հակոբ Մարկոսյանը (այսուհետ նաև՝ Դիմողներ) դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին)՝ խնդրելով.
«(...) Սահմանադրության 68-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են. «(…) ստորադաս դատարանները սխալ են կիրառել քրեադատավարական և քրեաիրավական նորմերը, որի հետևանքով թույլ են տվել իմ արդար դատաքննության, ինչպես նաև կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտումներ, այն հիմնավորմամբ, որ նախկինում կատարված դեպքը չի կարող համարվել նույն արարքը, քանի որ դրանք ըստ էության տարբեր ժամանակահատվածում կատարված դեպքեր են, ինչպես նաև դատարանի օրենքի սխալ կիրառման հետևանքով չի տարբերակել քաղաքացիաիրավական ռեսուրսների կիրառումը քրեաիրավական գործիքակազմից, այդ կերպ ներառելով նույն արարք հասկացության տակ, մինչդեռ դա բացակայում է»:
Դիմողները պնդում են. «(...) վերոգրյալ դեպքով հիմնավորվում է քրեաիրավական որակում տալու փաստին, այլ ոչ թե քաղաքացիաիրավական, քանի որ գործ ունենք տիպիկ յուրացման հանցակազմի հետ, որի հատկանիշները համապատասխանում են սույն դեպքի փաստերին, իսկ քաղաքացիաիրավական ռեսուրսները բացառված են, քանի որ փաստերն իրենց բնույթով քրեաիրավական են, հետևաբար հանցանքի առկայությունը ակնհայտ է: Վերջապես այս ամենը խաթարել է արդար դատաքննության իրավունքը և հանգեցրել է գործի սխալ ելքի լուծման»:
Արդյունքում՝ Դիմողները եզրահանգում են, որ վիճարկվող դրույթի բովանդակությունն ուղղակի հակասում է ՀՀ դատարանների կողմից դրան տրված մեկնաբանություններին:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների)՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի (դրույթների)՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի (դրույթների) կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործի շրջանակներում Դիմողների նկատմամբ վերջիններիս կողմից վիճարկվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25-րդ հոդվածի կիրառված լինելը:
Այսպես՝ Դիմողների կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2025 թվականի մարտի 10-ի որոշումը։ Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ գործով կայացված դատական ակտերը։
Սույն անհատական դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը խնդրո առարկա գործը քննել և 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռը կայացրել է՝ առաջնորդվելով 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) դրույթներով, և սույն անհատական դիմումով բարձրացված հարցի համատեքստում դատարանը կիրառել է տվյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, որով սահմանվում է կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը:
Միաժամանակ, վերոգրյալ որոշման բողոքարկման կապակցությամբ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կայացված որոշմամբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է. «(...) տվյալ դեպքում բողոքների քննության ընթացակարգի առումով կիրառելի է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված վերաքննության կարգը։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափության գնահատման տեսանկյունից հիմք են ընդունվում մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները (այսուհետ՝ նաև 1998 թվականին ընդունված քրեական դատավարության օրենսգիրք), (...)»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործի շրջանակներում սույն անհատական դիմումով բարձրացված՝ կրկին անգամ դատվելու անթույլատրելիության հետ կապված հարցի համատեքստում Դիմողների նկատմամբ կիրառվել և համապատասխան իրավական հետևանքն է առաջացրել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ Նախկին օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը: Մինչդեռ, սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողները վիճարկել են 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած՝ Օրենսգրքի՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը սահմանող՝ 25-րդ հոդվածի սահմանադրականությունը: Նման պայմաններում, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում Դիմողների նկատմամբ չի կիրառվել և որևէ իրավական հետևանք չի առաջացրել վերջիններիս կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 25-րդ հոդվածը, փոխարենը նրանց նկատմամբ կիրառվել և համապատասխան իրավական հետևանք է առաջացրել Նախկին օրենսգրքի՝ նույն սկզբունքը սահմանող 21-րդ հոդվածը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործի շրջանակներում դիմումով վիճարկվող դրույթը որևէ կերպ չի վկայակոչվել, Դիմողների նկատմամբ չի կիրառվել և որևէ իրավական հետևանք չի առաջացրել վերջիններիս համար:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:
3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողները, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 25-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում են տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողներն իրենց անհատական դիմումով ներկայացրել են դիրքորոշում առ այն, որ «Ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանը, այնպես էլ ստորադաս դատարանները ըստ էության չեն խորացել փաստերի մեջ, չեն գնահատել նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ ուսումնասիրված ապացույցների բովանդակությունը՝ կայացնելով ապօրինի դատական ակտ»:
Դիմողները նաև նշել են. «(...) ոչ թե խախտվել է կրկնակի անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքը, այլ դատարանները առանց հիմնավորման արձանագրել են իրենց սուբյեկտիվ դատողությունները և չեն հստակեցրել կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի հատկանիշների առկայության մասին, բավարարվելով միայն գործի նյութերից չբխող տվյալներով»:
Սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողները ներկայացրել են նաև պնդում առ այն, որ «(...) ստորադաս դատարանները սխալ են կիրառել քրեադատավարական և քրեաիրավական նորմերը, որի հետևանքով թույլ են տվել իմ արդար դատաքննության, ինչպես նաև կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտումներ (...)»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողներն իրենց անհամաձայնությունն են հայտնում թիվ ԵԴ/0608/01/19 քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես, Դիմողներն Օրենսգրքի 25-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողների բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հրաչյա Գրիգորյանի, Մագրեֆինա Ղուլյանի և Հակոբ Մարկոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
24 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
