Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 04.10.2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-188-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 04.10.2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-188-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-21930 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-219)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 219 | «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 04.10.2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-188-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 225-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 04.10.2005 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-188-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 225-րդ հոդվածի և 04.10.2005 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-188-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ Օրենք) 32-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2020 թվականի հունիսի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ դատարանի դիմումը, որով ներկայացվել է թիվ ԵՇԴ/1231/02/15 քաղաքացիական գործով «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» 25.05.2020 թ. որոշումը: Վերոնշյալ որոշմամբ Վերաքննիչ դատարանը խնդրել է որոշել Օրենսգրքի 225-րդ հոդվածի և Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը որոշման 5-րդ կետում («Պահանջը /խնդրամաս/») նշելով, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 60-րդ, 64-րդ և 70-րդ հոդվածներին, իսկ վերաքննիչ բողոքը չի կարող քննվել առանց հայցի հիմքում դրված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով կիրառելի համարված իրավական նորմերի կիրառման:

2. Ըստ դիմողի Օրենսգրքի 225-րդ հոդվածով սահմանված իրավունքի որպես գույքային իրավունքի դադարեցումը հանգեցնում է սեփականությունից զրկման: Դիմողի գնահատմամբ եթե անգամ սեփականատիրոջ իրավունքին գերապատվություն տալը կատարվում է հանրային շահից ելնելով (ինչը պետության հայեցողության տիրույթում է), բնակելի տարածության օգտագործման իրավունքի տեսքով գույքային իրավունքից, գույքից զրկումը չի կարող լինել անհատույց: Դիմողի կարծիքով սեփականության անձեռնմխելիության էությունն ամբողջովին խախտվում է Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի գոյության պայմաններում հակասություն առաջացնելով Սահմանադրության 60-րդ հոդվածի հետ: Դիմողը նաև նշում է, որ երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչված է անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը, ապա դրա գործողությունն ու դրանով պայմանավորված իրավական հետևանքները չեն կարող պայմանավորվել այլ լրացուցիչ գործոնի, այդ թվում պետական գրանցման պահանջի հետ, քանի որ հակառակ դեպքում խախտվում է արդար դատաքննության իրավունքը և մասնավորապես դրա բաղադրատարր հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության, իրավական որոշակիության res judicata սկզբունքը: Ըստ դիմողի Օրենքի վիճարկվող դրույթը, որի արդյունքում Օրենքը տարածվում է օգտագործման այն իրավունքների վրա, որոնք ծագել են մինչև Օրենքի ընդունումը, անձի վիճակը վատթարացնող է, քանի որ փոխում է իրավատերերի գույքային իրավունքի բովանդակությունը, եթե պետական գրանցում առկա չէ (թեև մինչև Օրենքի ընդունումը պետական գրանցման առկայությունն իրավունքի գոյության համար որևէ նշանակություն չուներ):

3. Պատասխանողի կարծիքով, ի տարբերության սեփականության իրավունքի, բնակելի տարածության օգտագործման իրավունքը կրում է սահմանափակ բնույթ: Ըստ պատասխանողի սեփականության իրավունքի և բնակելի տարածության օգտագործման իրավունքի նույնացումն անթույլատրելի է, քանի որ հակառակ դեպքում իմաստազրկվում է օրենսդրի կողմից դրանց տարանջատումը: Ուստի անհրաժեշտ է զգուշավորություն դրսևորել Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված երաշխիքներն այլ գույքային իրավունքների վրա տարածելիս: Բացի դրանից, Օրենքի վիճարկվող դրույթը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց համար դեռևս 2005 թվականի հոկտեմբերի 4-ից կարող էր ձևավորել «գույքի ողջամիտ ակնկալիք»: Այսինքն վերջիններս բավարար ժամանակ ունեին կանխատեսելու, որ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակելի տարածության իրավունքը գրանցած չլինելու դեպքում այն կարող է դադարեցվել առանց փոխհատուցման, և կարող էին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր իրավունքի գրանցման համար: Ավելին, անշարժ գույքի առանձնահատուկ նշանակությամբ պայմանավորված օրենսդիրը սահմանել է անշարժ գույքի նկատմամբ մի շարք իրավունքների գրանցման պահանջ, որը նպատակ ունի ապահովել անշարժ գույքի մասին տեղեկությունների համակարգված միասնական պետական համակարգ: Պատասխանողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթն անձի վիճակը վատթարացնող չէ, քանի որ այն անձինք, որոնք գրանցել են իրենց իրավունքը, օգտվում են փոխհատուցման իրավունքից: Ընդ որում, օրենսդրի նպատակը ոչ թե անձի վիճակը վատթարացնելն է, այլ օրենսդրական գործիքակազմի միջոցով բնակելի տարածության օգտագործման իրավունքի գրանցման ապահովումը, որն արվել է աստիճանական քայլերով և ողջամիտ անցումային ժամանակահատվածի սահմանմամբ:

4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, «www.datalex.am» կայքում առկա հասանելի տեղեկությունները, ինչպես նաև Օրենսգրքի և Օրենքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ): Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Ինչպես ուղղակիորեն բխում է Սահմանադրության մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ, դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (դատարանների կողմից վիճարկվող նորմի ձևական կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել իր 2020 թվականի ապրիլի 14-ի թիվ ՍԴԱՈ-81 որոշման մեջ): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

5. Դիմողի կողմից վիճարկվում է Օրենսգրքի 225-րդ հոդվածը և Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասն այն դեպքում, երբ դիմողը չի հիմնավորել, որ իր կողմից քննվող քաղաքացիական գործի լուծումը վերաքննիչ բողոքի քննությունը, հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով։ Այսպես, դիմողը նշել է, որ հայցի իրավական հիմքը Օրենսգրքի 225-րդ հոդվածն է, ինչպես նաև վկայակոչել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.02.2017 թ. որոշման այն հատվածը, որի համաձայն «Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի դրույթները»: Այդուհանդերձ, դիմումում առկա չեն փաստարկներ և հիմնավորումներ այն մասին, թե արդյո՞ք գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը կիրառել է այդ նորմը, արդյո՞ք վերաքննիչ բողոքը պարունակում է որևէ հիմնավորում այդ մասին (նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով), արդյո՞ք սկզբնական և հակընդդեմ հայցեր ներկայացված լինելու պայմաններում վեճի լուծումը տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի քննությունը, հնարավոր է բացառապես վիճարկվող դրույթների կիրառմամբ: Ավելին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածով սահմանված Սահմանադրական դատարանի կողմից գործի հանգամանքների ի պաշտոնե պարզման պարտականությունը և մասնավորապես կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությունը Սահմանադրական դատարանը «www.datalex.am» կայքում առկա տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում արձանագրում է, որ թիվ ԵՇԴ/1231/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 20-ի վճռով չի կիրառել սույն դիմումով վիճարկվող դրույթները, այլ վեճը լուծել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դրույթների կիրառմամբ: Հետևաբար նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի հաղթահարել «տվյալ գործի լուծումը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով հնարավոր լինելու» վերաբերյալ պայմանը:

6. Միաժամանակ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումը բավարար հիմնավորումներ չի պարունակում վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ հետևյալ պատճառաբանությամբ. Այսպես, թեև Վերաքննիչ դատարանի որոշման 4-րդ կետում դիմողը ներկայացնում է դիրքորոշումներ Սահմանադրության 60-րդ («Սեփականության իրավունքը»), 63-րդ («Արդար դատաքննության իրավունքը») և 73-րդ («Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը») հոդվածների մասով, սակայն որոշման 5-րդ կետում («Պահանջը /խնդրամաս/») նշում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 60-րդ («Սեփականության իրավունքը»), 64-րդ («Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը») և 70-րդ («Ներման խնդրանքի իրավունքը») հոդվածներին: Մինչդեռ դիմումը որևէ հիմնավորում չի պարունակում դիմումի պահանջում նշված Սահմանադրության 64-րդ և 70-րդ հոդվածներին վիճարկվող դրույթների հակասության մասով: Արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումի բովանդակային ներքին հակասության պատճառով դիմումը բավարար չափով հիմնավորված չէ նաև «իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու» պայմանի առկայությունը հաստատված համարելու համար:

7. Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 225-րդ հոդվածը և Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը վիճարկելիս դիմողը չի պահպանել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, հետևաբար, դիմողը տվյալ հարցով իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի և 04.10.2005 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-188-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

30 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-219

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-219
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել