«ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունիսի 2019թ. ՍԴԱՈ - 63 | «ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու վերաբերյալ հարցը, ՊԱՐԶԵՑ.
1. Յուրի Խաչատուրովի դիմումը (դիմողի ներկայացուցիչ` փաստաբան Մ. Պողոսյան) Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի հունիսի 17-ին: Դիմողը Սահմանադրական դատարանին խնդրում է որոշել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ համապատասխանությունը Սահմանադրության 69, 72, 73 և 79- րդ հոդվածներին` հաշվի առնելով նաև վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:
Դիմողը, մասնավորապես, գտնում է, որ Օրենսգրքի նախկին խմբագրությամբ (2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործած) 300-րդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության սկզբունքին և արդյունքում խախտվում է դիմողի` Սահմանադրության 67-րդ հոդվածով ամրագրված իրավունքը: Դիմողի կարծիքով` Օրենսգրքի գործող խմբագրությամբ 300.1-րդ հոդվածը նույնպես չի համապատասխանում սահմանադրորեն ամրագրված որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 72-րդ, 73-րդ հոդվածներին:
2. Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի պահանջներին: Այսպես, դիմումում վկայակոչված դատական ակտերից հետևում է, որ դիմողի նկատմամբ 2018 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշում, որը Վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի այդ որոշման դեմ դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ չի ընդունվել վարույթ: Դիմողը, սակայն, չի նշել այն մասին, որ ներկայում իր նկատմամբ կիրառվել է գրավը` որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, և այդ հիմքով իր նկատմամբ մեղադրանքի ենթադրյալ իրավաչափության հարցը կարող էր քննարկվել միայն այդ խափանման միջոցի համատեքստում, ընդ որում, ի տարբերություն կալանքի, գրավը չի ենթադրում անձնական ազատությունից զրկում, ուստի չի կարող դիտարկվել որպես անձնական ազատության հիմնական իրավունքին (Սահմանադրության 27-րդ հոդված) առավել ինտենսիվ միջամտության եղանակներից մեկը: Ուստի` գրավի կիրառման պայմաններում մեղադրանքի իրավաչափությանն աղերսվող կապը դիմողի կողմից չի հիմնավորվել, բացի դրանից, դիմողը` ի հիմնավորումն Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքի, վկայակոչել է իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտերը, որոնք այլևս առարկայազուրկ են, քանի որ դիմողին կալանավորելու մասին որոշում կայացնելու ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է գրավ, հետևապես նա փաստացի անազատության մեջ երբևէ չի գտնվել:
3. Դիմողը խնդրել է Սահմանադրական դատարանին որոշել նաև 2008 թվականի մարտի 1- ի դրությամբ գործած` Օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրությանը, սակայն որևէ կերպ չի հիմնավորել քրեական դատավարության ներկա փուլում և իր կողմից վկայակոչված դատական ակտերի շրջանակներում իր նկատմամբ Օրենսգրքի այդ հոդվածի կիրառված լինելու հանգամանքը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով գործի քննությունը մերժելու հիմք է: Դիմողն ինքն է նշում, որ իր նկատմամբ կիրառվել է Օրենսգրքի 300.1-րդ հոդվածը և սահմանափակվել է Սահմանադրոթյան 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իր իրավունքը, և հետագայում դիմողը չի հիմնավորում, թե իր նկատմամբ քրեական դատավարության ներկա փուլում և իր նկատմամբ կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցի կիրառմամբ ինչպե՞ս և որքանո՞վ է իրեն առաջադրված մեղադրանքը պարունակում Օրենսգրքի նախկին խմբագությամբ 300-րդ հոդվածի հատկանիշներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի` Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
21 հունիսի 2019 թվականի
ՍԴԱՈ-63
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-63
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
