ԶԱՐՈՒՀԻ ԶՈՒՌՆԱՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 26 | ԶԱՐՈՒՀԻ ԶՈՒՌՆԱՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 8 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Զարուհի Զուռնաչյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Զարուհի Զուռնաչյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լարիսա Բաղդասարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 24-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով հայցել է. «(…)
(…) Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ գլխի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 108.2.-րդ և 186-րդ հոդվածների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածի և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 1.1.-րդ մասերի` այն մասով, որ մասով օրենսդիրը չի նախատեսում իրավակարգավորումներ աշխատողի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոցը վերացնելուց հետո աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու գործատուի պարտականության կապակցությամբ և չի նախատեսում աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու անհատական իրավական ակտն ուժը կորցրած կամ վերացված ճանաչելու օրենսդրական ուղղակի պարտականություն և օրենսդրությունը չի նախատեսում աշխատողի կողմից իր իրավական վիճակի տևողության հարցում որոշակիություն, ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
(…) Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ գլխին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 108.2.-րդ և 186-րդ հոդվածներին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածին և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին և 1.1.-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործով 29.09.2025 թվականի որոշմամբ աշխատողի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոցը վերացնելուց հետո աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու գործատուի պարտականության չկատարումը չի դիտարկվել ոչ իրավաչափ և չի արձանագրվել աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու անհատական իրավական ակտն ուժը կորցրած կամ վերացված ճանաչելու գործատուի պարտականության չկատարումը ոչ իրավաչափ՝ աշխատողի կողմից իր իրավական վիճակի տևողության հարցում որոշակիության չապահովմամբ, ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 61-րդ, 63-րդ, և 75-րդ, 78-79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։
(…) Որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ այն մասով, որ մասով աշխատանքային իրավահարաբերություններում անբարեխղճության և անողջամտության արգելք սահմանող նորմի որոշակիությունը բավարար չէ, որպեսզի աշխատողը և գործատուն կարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել դրա պահանջներին, ՀՀ Սահմանադրության 57-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»։
2․ Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները.
- արդյո՞ք օրենսդրի կողմից արդարացված և հետապնդվող նպատակին համաչափ է աշխատողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի վերացումից հետո աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու գործատուի պարտականության և աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու անհատական իրավական ակտն ուժը կորցրած կամ վերացված ճանաչելը չսահմանելը,
- արդյո՞ք աշխատանքային իրավահարաբերություններում անբարեխղճության և ողջամտության բացակայության արգելք սահմանող նորմի որոշակիությունը բավարար է, որպեսզի աշխատողը և գործատուն կարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնեն դրա պահանջներին:
Դիմողը նշում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, այդ թվում՝ դրա 14-րդ գլուխը, չի նախատեսում որևէ իրավակարգավորում, որով գործատուի վրա դրվում է անձի աշխատանքային հարաբերությունների կասեցումը վերացնելու պարտականություն այն դեպքերում, երբ վերացվել է վերջինիս նկատմամբ կիրառված պաշտոնավարման կասեցման համար հիմք հանդիսացած խափանման միջոցը:
Աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերության կասեցումը և դրա հիմքերի վերացումից հետո նախկին վիճակում չվերականգնելը, Դիմողի կարծիքով, թեկուզև ձևական առումով չի հանդիսանում աշխատանքային իրավահարաբերությունների դադարում, այնուամենայնիվ, բովանդակային առումով վերոնշյալ իրավիճակը համարվում է աշխատանքային հարաբերությունների դադարեցում: Դիմողը գտնում է, որ նման պայմաններում առաջանում է այնպիսի իրավիճակ, որի հետևանքով անձի՝ որպես աշխատողի կարգավիճակը կարող է անժամկետ կասեցվել, և դա չի ունենա որևէ իրավական հետևանք. ձևական առումով անձը կշարունակի հանդիսանալ տվյալ գործատուի աշխատող, սակայն բովանդակային առումով փաստացի ազատված կլինի աշխատանքից։
Ըստ Դիմողի՝ «(...) օրենսդրի կողմից արդարացված և հետապնդվող նպատակին համաչափ չէ աշխատողի նկատմամբ կալանք խափանման միջոցի վերացումից հետո աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու գործատուի ուղղակի պարտականության չսահմանման և աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու անհատական իրավական ակտն ուժը կորցրած կամ վերացված ճանաչելու գործատուի պարտականության չսահմանման իրավակարգավորման բացակայությունը»։
Դիմողը համոզված է, որ վիճարկվող դրույթներում առկա օրենսդրական բացի հիման վրա սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 75, 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված՝ ձեռք բերված աշխատանքից կամայականորեն չզրկվելու և դրա համար արդյունավետ օրենսդրական կառուցակարգեր ունենալու իրավունքները, քանի որ ինքը կամայականորեն, առանց որևէ հիմնավորման, գործատուի կողմից չի վերականգնվել աշխատանքին, վերջինիս աշխատանքային հարաբերությունների կասեցումը չի վերացվել, իսկ օրենքը չի նախատեսում այնպիսի կարգավորումներ, որոնք կերաշխավորեն իր՝ աշխատանքային գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու կամ վերացնելու իրավական կառուցակարգեր աշխատանքում վերականգնվելու իրավունքի ապահովման տեսանկյունից:
Դիմողը հավելում է, որ նման պայմաններում խախտվել են նաև իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները:
Գործատուների և աշխատողների համար բարեխղճության և ողջամտության պահանջների սահմանումը՝ առանց դրանց հստակեցման, ըստ Դիմողի, զրկում է շահագրգիռ անձանց իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունից:
Դիմողը հասկանալի է համարում այն, որ որոշ դեպքերում օրենքը չի կարող խուսափել որոշակի գնահատողական կատեգորիաների կիրառումից, սակայն այդ կիրառությունը չպետք է հանգեցնի այնպիսի իրավիճակի, որ անձը հայտնվի մի իրավիճակում, երբ իր համար անհասկանալի է, թե տվյալ դեպքում իր ո՞ր արարքն է իրավաչափ, իսկ որը՝ ոչ։
Դիմողը պնդում է, որ թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում նա զրկված է եղել իրավական կանխատեսելիությունից, քանի որ չէր կարող հստակ հասկանալ, թե իր քայլերից որը կհանդիսանա իրավաչափ, իսկ որը՝ ոչ, ինչն էլ ի վերջո հանգեցրել է այն բանին, որ նա չի կարողացել համապատասխանեցնել իր գործողությունները ոչ որոշակի օրենքի պահանջներին:
Դիմողը եզրակացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասն այն մասով, որով աշխատանքային իրավահարաբերություններում անբարեխղճության և անողջամտության արգելք սահմանող նորմի որոշակիությունը բավարար չէ, որպեսզի աշխատողը և գործատուն կարողանան իրենց վարքագիծը համապատասխանեցնել դրա պահանջներին, չի համապատասխանում Սահմանադրության 57, 75 և 78-79-րդ հոդվածներին:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում ընդգծել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում Դիմողի կողմից բարձրացված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 14-րդ գլխի, 108.2-րդ հոդվածի, 186-րդ հոդվածի (մինչև 2020 թվականի ապրիլի 29-ին ընդունված ՀՕ-236-Ն օրենքով կատարված լրացումները և փոփոխությունը գործող խմբագրությամբ), 217-րդ հոդվածի, ինչպես նաև 265-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ սույն անհատական դիմումով Դիմողը վկայակոչել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) Դիմողը ներկայացել է աշխատանքի, վերջինիս գործատուն իր աշխատանքով չի ապահովել, այդ իսկ պատճառով մի քանի անգամ գրավոր դիմել է գործատուին, սակայն գործատուն խուսափել է վերջինիս աշխատանքով ապահովել և միայն վերջում Վճռաբեկ դատարանի որոշումից հետո աշխատանքից ազատել, քանի որ իբրև Դիմողը չի ներկայացել աշխատանքի, այսինքն՝ գործատուն, օգտվելով օրենսդրական բացից, անբարեխիղճ վարքագիծ է դրսևորել և սպասել տարիներ շարունակ, թե ինչ դատական ակտ կկայացնի Դատարանը թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործով, հակառակ պարագայում, եթե իսկապես Դիմողը չներկայանար աշխատանքի, բնականաբար վերջինիս աշխատանքից կազատեր հենց գործի քննության ընթացքում՝ աշխատանքի չներկայանալու հիմքով»:
Դիմողը նաև նշել է. «(...) գործատուն, օգտվելով օրենսդրական բացի առկայությունից, իրավական նորմերը մեկնաբանել է հօգուտ իրեն՝ դրսևորելով ակնհայտ անբարեխիղճ վարքագիծ, որի մասին է վկայում գործատուի վճռաբեկ բողոքով և գործի քննության ընթացքում ներկայացված հայցադիմումի պատասխանի իրավական հիմնավորումների և փաստարկների հակասությունը, քանի որ մի դեպքում վճռաբեկ բողոքով գործատուն փաստել է, որ տեղյակ չի եղել Դատարանի կալանավորումը որպես խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշման վերաբերյալ, սակայն չիմանալով Դիմողին առաջարկել ներկայանալ աշխատանքի (առաջանում է տրամաբանական հարց, եթե գործատուն չգիտեր, այդ դեպքում ինչպե՞ս է առաջարկել ներկայանալ աշխատանքի), մի դեպքում՝ հայցադիմումի պատասխանով փաստել է, որ Դիմողը չի ներկայացել աշխատանքի և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել»։
Դիմողի տեսանկյունից գործատուի փաստարկների հակասությունն առավել քան ակնհայտ է, ինչի հիմքով իրեն այդպես էլ պարզ չի եղել գործատուի դիրքորոշումը՝ «(...) վերջինս Դիմողին չի վերականգնե՞լ աշխատանքին՝ նկատի ունենալով, որ տեղյակ չի եղել խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին, թե՝ այն հիմքով, որ Դիմողը չի ներկայացել աշխատանքի, թեև՝ ներկայացել է»:
Միաժամանակ, Դիմողն իր դիմումի խնդրամասում ներկայացրել է հետևյալ դիրքորոշումը. «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործով 29.09.2025 թվականի որոշմամբ աշխատողի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոցը վերացնելուց հետո աշխատողի հետ աշխատանքային իրավահարաբերությունները վերականգնելու գործատուի պարտականության չկատարումը չի դիտարկվել ոչ իրավաչափ և չի արձանագրվել աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու անհատական իրավական ակտն ուժը կորցրած կամ վերացված ճանաչելու գործատուի պարտականության չկատարումը ոչ իրավաչափ՝ աշխատողի կողմից իր իրավական վիճակի տևողության հարցում որոշակիության չապահովմամբ, (...)»:
Հիմնվելով վերոգրյալի վրա՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եկել է հետևության, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/47547/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 14-րդ գլխի, 108.2-րդ հոդվածի, 186-րդ հոդվածի (մինչև 2020 թվականի ապրիլի 29-ին ընդունված ՀՕ-236-Ն օրենքով կատարված լրացումները և փոփոխությունը գործող խմբագրությամբ), 217-րդ հոդվածի, ինչպես նաև 265-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերի (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի բարձրացրած հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց .
Զարուհի Զուռնաչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
8 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
