ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 56 | ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 7 հոկտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Ռուբեն Աթոյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռուբեն Աթոյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Գենյա Պետրոսյան, Դավիթ Գյուրջյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետի հետ համակարգային կապի մեջ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործի և թիվ ԵԴ2/28038/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտար-ման մասին» օրենքի համապատասխան իրավակարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի դիրքորոշումները՝ Դիմողը նշում է, որ իր կողմից թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով ներկայացվել է Կառավարության՝ 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջ, ինչը նշանակում է, որ թիվ ԵԴ2/28038/02/23 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի հիմքում դրված Կառավարության որոշումը գտնվում է վիճարկման փուլում, և վարչական դատարանում քննարկվում է դրա վավեր կամ անվավեր լինելու հարցը: Ըստ դիմողի՝ Կառավարության նշյալ որոշման անվավեր ճանաչումը վարչական դատարանի կողմից կբացառի ոչ միայն թիվ ԵԴ2/28038/02/23 քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջների բավարարումը, այլև նշված դատավարական գործընթացը նախաձեռնելու (շարունակելու) իրավական հնարավորությունը:
Ըստ Դիմողի՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի՝ դատական կարգով հարկադիր օտարման հնարավորությունը պայմանավորված է միայն Կառավարության՝ 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշման ընդունմամբ, որն էլ դրվել է ներկայացված հայցադիմումի հիմքում: Նշյալ որոշման բացակայության պայմաններում հայցվորը երբևէ իրավասություն չէր ունենա դիմելու դատարան Դիմողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հարկադիր օտարելու պահանջով, իսկ դատարանն իրավասություն չէր ունենա բավարարելու հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Դիմողի սեփականության օտարմանն ուղղված որևէ պահանջ:
Դիմողը վերոնշյալի համատեքստում եզրահանգում է, որ իր կողմից վիճարկվող օրինադրույթների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 80-րդ հոդվածներին համահունչ մեկնաբանության դեպքում Դիմողին պատկանող սեփականության նկատմամբ որևէ գործողություն կարող է կատարվել միայն ՎԴ/5866/05/18 վարչական գործով որոշման կայացումից հետո: Այսինքն՝ ըստ Դիմողի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի հարկադիր օտարման, դրա դիմաց տրամադրվող փոխհատուցման, վերջինիս համարժեքության մասին կարող է խոսվել միայն, երբ վարչական դատարանը կփաստի, որ տվյալ դեպքում առկա է եղել բացառիկ գերակա հանրային շահ, և Կառավարության նշյալ որոշումը չի հանդիսանում անվավեր նորմատիվ իրավական ակտ: Համապատասխանաբար, Դիմողի դիրքորոշմամբ՝ մինչ վարչական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի հարկադիր օտարմանն ուղղված քաղաքացիական գործի քննությունը ենթակա է կասեցման իրավունքի ուժով: Մասնավորապես, Դիմողի պնդմամբ՝ թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով ներկայացված դիմումի բավարարման դեպքում անվավեր է ճանաչվելու Կառավարության նշյալ որոշումը, ինչը թիվ ԵԴ2/28038/02/23 քաղաքացիական գործի կասեցված չլինելու պարագայում Դիմողի համար անխուսափելիորեն հանգեցնելու է անդառնալի հետևանքների, քանի որ Դիմողին սեփականության իրավունքով պատկանող և Կառավարության քննարկվող որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում ընդգրկված անշարժ գույքը հարկադիր օտարվելու է դատական կարգով, ինչը հանգեցնելու է Դիմողի անշարժ գույքի ոչնչացմանը (քանդմանը)՝ անդառնալի հետևանքներ առաջացնելով վերջինիս իրավունքների համար և բովանդակազրկելով թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով կայացվելիք դատական ակտը՝ դիմումի բավարարման դեպքում:
Դիմողը հատկանշական է համարում, որ օրենսդիրը նախատեսել է Կառավարության՝ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը վիճարկելու իրավական հնարավորություն, և վերջինս անարդյունավետ և բովանդակազուրկ կդառնար, եթե հանրության գերակա շահի առկայության փաստի վիճարկմանը զուգահեռ լիներ անխափան հնարավորություն՝ այդ որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում ընդգրկված գույքերը վիճարկվող որոշման հիման վրա իրացնելու՝ հաշվի առնելով, որ ամբողջ օտարման գործընթացի միակ իրավական հիմքը Կառավարության հենց այդ որոշումն է:
Դիմողի պնդմամբ՝ իր կողմից վիճարկվող իրավադրույթների՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 80-րդ հոդվածներին համահունչ մեկնաբանվելու պարագայում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից չի կարող քննվել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության հարկադիր օտարման, որպես իրավական հետևանքներ՝ անձի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ ձեռք բերողի սեփականության իրավունքի ճանաչման պահանջների վերաբերյալ գործ՝ մինչև վիճելի իրավահարաբերության ծավալից դուրս գտնվող, սակայն տվյալ գործի համար պարտադիր նշանակություն ունեցող հարցի լուծումը վարչական դատավարության կարգով քննվող այլ գործի շրջանակում, այն է՝ հանրության գերակա շահի ապահովման նպատակով Դիմողի սեփականության հարկադիր օտարման իրավաչափության կապակցությամբ որոշման կայացումը՝ վերածելով այն արդեն ավարտված անօրինական և կամայական գործընթացի:
Դիմողն արձանագրում է, որ թեև օրենսդիրը նախատեսում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման հնարավորություն, սակայն տվյալ դեպքում Երևանի կենտրոնում քաղաքաշինական ծրագրերի իրագործման նպատակով սեփականության օտարման գործընթացի ընթացակարգային առանձնահատկություններից ելնելով՝ այդ դատական ակտերի վերանայման իրավունքն այլևս իմաստազուրկ է լինելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործով դատական ակտի կայացումից հետո անմիջապես հաջորդելու են կառուցապատման ծրագրի իրականացման նպատակով Դիմողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ոչնչացման (քանդման) աշխատանքները: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ դատական ակտի վերանայումը գույքի սեփականատիրոջ որևէ իրավական ակնկալելի հետևանքի չի հանգեցնելու, քանի որ խնդրո առարկա գույքն արդեն ոչնչացված է լինելու: Այսինքն՝ Դիմողի պնդմամբ՝ տվյալ պարագայում սույն գործիքը չի ծառայելու որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Ավելին՝ Դիմողը նշում է, որ ՔԴՕ 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա կայացվել է տվյալ դատական ակտը: Այսինքն՝ վարչական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը դատական ակտը հրապարակելու պահից քաղաքացիական դատավարության համատեքստում չի համարվելու նոր հանգամանք նշյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա կայացված համապատասխան դատական ակտը բողոքարկելու համար:
3. Քննության առնելով Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով Դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու մասով, ենթակա է բավարարման։
4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական նշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ սահմանված են դիմումի ընդունելիության օրենսդրական չափանիշների իրավական առանձնահատկությունները, որոնք դիմողը պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս: Ի շարս այլ չափանիշների՝ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նաև դիմումի ակնհայտ անհիմն լինելու իրավական չափանիշներին: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը գտել է, որ «(…) ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից: Վերջին դեպքում սահմանադրական դատարանում քննության ընդունված նույնաբովանդակ դիմումի հեղինակն իր սկզբնական դիմումի քննության ընդունմամբ արդեն իսկ ձեռք է բերում դիմողի կարգավիճակ, և նույն դրույթի սահմանադրականության հարցի առնչությամբ նա իրավասու է միայն՝ որպես դատավարության կողմ, ներկայացնելու գործի լուծման համար նշանակություն ունեցող նյութեր»:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով Դիմողի մեկ այլ դիմում, որով Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ՍԴԿԿՈ-53 որոշմամբ գործի քննությունը մերժվել է:
Չնայած Սահմանադրական դատարանի դատական կազմի ՍԴԴԿՈ-53 որոշման հիմք հանդիսացող դիմումը վերաբերում է այլ՝ թիվ ԵԴ2/28054/02/23 քաղաքացիական գործի չկասեցման հիմնավորվածության վիճարկմանը և այդ գործի շրջանակում՝ գույքային այլ միավորների՝ ք. Երևան, Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 շենքի բնակարան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկադիր օտարմանը, Սահմանադրական դատարանի դատական կազմը հաստատված է համարում այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի դատական կազմի ՍԴԴԿՈ-53 որոշման հիմք հանդիսացող և խնդրո առարկա դիմումներում բարձրացված է իրավական միևնույն հարցը: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումն առարկայի և հիմքի մասով չի պարունակում որևէ նորույթ, ուստի՝ Սահմանադրական դատարանն իր նախորդ դիրքորոշումը փոխելու հիմք և անհրաժեշտություն չի տեսնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Ռուբեն Աթոյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Ռուբեն Աթոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Հ. Թովմասյան
Ա. Վաղարշյան
7 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-56
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-56
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
