Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՏՅՈՊԱ ԵՎ ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՏՅՈՊԱ ԵՎ ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2612 նոյեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 նոյեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 26 | ՍՏՅՈՊԱ ԵՎ ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 նոյեմբերի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Ստյոպա և Ալմաստ Հարությունյանների անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Ստյոպա և Ալմաստ Հարությունյանները 2012թ. հոկտեմբերի 16-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ...ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածով, 344-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմերն այնքանով, որքանով սահմանափակում են անձի սեփականության իրավունքի պաշտպանությունը սեփականության իրավունքի ճանաչման հայցերով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ հոդվածների, 18-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 1-ին, 31-րդ հոդվածի 1-ին և 2- րդ մասերին հակասող և անվավեր։

Դիմողների կարծիքով, ներկա իրավական կարգավորման առկայության պայմաններում, երբ օրենսդիրը ոչ իրավաչափ մոտեցում է դրսևորում սեփականության իրավունքի պաշտպանության միջոցների արդյունավետությունն ու նպատակայնությունը սահմանելու հարցում, սեփականատերը չի կարող համարժեքորեն օգտվել այնպիսի համալիր իրավական միջոցներից, որոնք կերաշխավորեն իրեն պատկանող գույքի կապակցությամբ բացարձակ իրավունքների իրականացում, իսկ դրանց իրականացման բնականոն ընթացքի խախտման կամ դրա վտանգ առաջանալու դեպքում նաև պաշտպանություն։ Դիմողները նաև գտնում են, որ սահմանադրաիրավական կարգավորման հիմնարար դրույթներն օրենսդիրը չի կարող ընկալել և մեկնաբանել սահմանափակ կերպով, ընթացիկ օրենսդրությամբ տալով համապատասխան մանրամասնում, իրավաբանորեն ամրագրել անձի համար իր իրավունքների պաշտպանության անհամարժեք միջոցների համակարգ, որի հիման վրա արդեն իրավակիրառական հարթությունում վիճարկելի դրույթների կիրառման արդյունքում անձը փաստացի կզրկվի պաշտպանելու իր սեփականության իրավունքը։

Ըստ դիմողների սեփականության իրավունքի ճանաչման դատական պաշտպանության հնարավորությունը չի կարող արդյունավետ լինել, եթե սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը մերժվում է հայցային վաղեմության ժամկետները բաց թողնելու հիմքով։

Դատական կազմի կարծիքով, դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում են, որ անհատական դիմումով գործը սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունվի մասնակիորեն.

Այսպես, դիմողները, վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի սահմանադրականությունը, որևէ կերպ չեն անդրադարձել այդ հոդվածի իրավադրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ ձևավորել է իրավական դիրքորոշում, համաձայն որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Բացի դրանից, դիմողները նաև չեն հիմնավորել, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի «հակասահմանադրականության» արդյունքում իրենց որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69- րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Դատական կազմը գտնում է, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը ձևականորեն վիճարկելով դիմողներն ըստ էության բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողները, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։

Հաշվի առնելով ասվածը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի մասով անհատական դիմումով գործի քննության ընդունումը ենթակա է մերժման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասի

առումով դատական կազմը գտնում է, որ նշված մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

- դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

- դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

- դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

- դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

- դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացիներ Ստյոպա և Ալմաստ Հարությունյանների անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի մասով մերժել։

2. «Քաղաքացիներ Ստյոպա և Ալմաստ Հարությունյանների դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

12 նոյեմբերի 2012 թվականի

ՍԴԴԿՈ /1-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 նոյեմբերի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել