«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-136)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 սեպտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 136 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 275-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի օգոստոսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՀԿԴ/0041/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ներկայացրած «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).
«1. Թիվ ՀԿԴ/0041/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Երևան համայնքի, Նելլի Մայսերի Խաչատրյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Աստղիկ Գրիգորի Ալեքսանյան, Սերգեյ Գարիկի Գևորգյան, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության իրավահաջորդ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ, Բորիս Մարատի Բաղդասարյան՝ գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի, այնքանով, որքանով այն չի ապահովում գույքն իր կամքից անկախ կորցրած սեփականատիրոջ և բարեխիղճ ձեռք բերող համարվող տիտղոսային սեփականատիրոջ սեփականության իրավունքների պաշտպանության արդարացի և ողջամիտ հավասարակշռությունը, ինչպես նաև այնքանով, որքանով այն չի նախատեսում բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքին միջամտության համաչափության սկզբունքի պահպանմանն ուղղված հստակ կարգավորումներ, այդ թվում՝ բարեխիղճ ձեռքբերողին՝ վերադարձվող գույքին համարժեք փոխհատուցում տրամադրելու ընթացակարգ կամ չի նախատեսում որոշակի պայմանների առկայության դեպքում գույքը սեփականատիրոջը վերադարձնելու անհնարինության պայմաններ, ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ, 78-րդ, 79-րդ հոդվածներին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
(...)»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0041/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վիճարկվող նորմի բովանդակությունը, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների շրջանակը, վկայակոչելով Սահմանադրության վերաբերելի հոդվածներն ու Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Դիմողը նշում է. «(...) գործող իրավակարգավորումներով ամրագրված չեն բարեխիղճ ձեռքբերողի համար սահմանադրական երաշխիքների ապահովման կառուցակարգեր, որպիսիք հիմք կընդունեն ՄԻԵԴ դատական պրակտիկայից բխող այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ գույքի առաջնային սեփականատեր պետության դերը, պետության կողմից հանրային շահից բխող գործողությունների իրականացման ժամկետները, բարեխիղճ ձեռքբերողի ուշադրության արժանի շահերը, հետապնդվող հանրային շահի բնույթի հաշվառումը (արդյոք հանրային շահը իր բնույթով այնպիսին է, որ արդարացնում է անձի սեփականության իրավունքին միջամտությունը, արդյոք պաշտպանության ենթակա հանրային շահի իր էությամբ ուղղված է որոշակի առավել գերակա իրավունքների պաշտպանության, կամ արդյոք այլ անձանց իրավունքների հնարավոր խախտման դեպքում առկա են կոնկրետ անձանց խախտված իրավունքներ) բարեխիղճ ձեռքբերողի իրավունքների հավասարակշռման տեսակետից, այլ մասնավոր շահերի առկայությունը և այլն: Իրավական պետությունում էական է պետության ժամանակին, պատշաճ և հետևողականորեն գործելու սկզբունքի պահպանումը և այդ սկզբունքի չպահպանման բացասական հետևանքները բարեխիղճ ձեռքբերողի վրա չդնելու անհրաժեշտությունը: Վիճարկվող նորմը չի նախատեսում համապատասխան առանձնահատկություններ և չափանիշներ որպիսիք կուղղվեն բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքի համաչափ պաշտպանության՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ սահմանելով բարեխիղճ ձեռքբերողից գույքը հետ վերադարձնելու սահմանափակումներ՝ պայմանավորված որոշակի և վերևում որպես օրինակ ներկայացված չափանիշների վրա, և (կամ) բարեխիղճ ձեռքբերողին գույքին համարժեք փոխհատուցում տրամադրելու կարգավորում, վերջինիս իրավունքներին միջամտության համաչափության այլ երաշխիքներ, որպիսի պայմաններում վերոնշյալ օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել նորմերի մեկնաբանման միջոցով»:
Հաջորդիվ, Դիմողը գտնում է, որ «(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը չունի որևէ երկիմաստություն, և դրանից բխող պայմանների առկայությունն այլևս բացահայտված է Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված որոշումներում, այսինքն՝ սույն գործով առկա չէ նորմի մեկնաբանության խնդիր, քանի որ դատական պրակտիկայում Վճռաբեկ դատարանն արդեն իսկ նորմի մեկնաբանությամբ ապահովել է միատեսակ կիրառելիություն, սակայն միատեսակ կիրառելիության պայմաններում սույն գործով առկա է մի իրավիճակ, երբ Դատարանը, արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը դրան՝ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունների ներքո, որոնք նախատեսում են սեփականատիրոջ կամքից անկախ գույքը նրա տիրապետությունից դուրս եկած լինելու դեպքերում գույքի անվերապահ վերադարձ՝ անկախ ձեռք բերողի բարեխիղճ լինելու հանգամանքից, կարող է բացառիկ դեպքերում հանգեցնել գույքի բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքի խախտման, ըստ էության ընդունել է, որ շեղվում է օրենքի ուղղակի և հստակ պահանջից և այդ նորմի վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկայից, ի վերջո կիրառել է Սահմանադրությունը և Կոնվենցիան: Արդյունքում, հիշյալ նորմը Դատարանը ոչ թե մեկնաբանել է Կոնվենցիայի և Սահմանադրության լույսի ներքո, այլ ինքնուրույն ձևով կիրառել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայում համաչափության սկզբունքի պահպանման գնահատման ժամանակ հիմք ընդունված չափորոշիչները:
Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանի մոտ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ կասկածն ըստ էության առաջացել է նաև Դատարանի դատական ակտում արտահայտած իրավական դիրքորոշումներից՝ հաշվի առնելով, որ վերաքննության օբյեկտն այս դեպքում դատական ակտն է, և ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչ դատարանի մոտ կասկածը ձևավորվում է բողոքի հիմքերի ու դատական ակտում կիրառված իրավանորմերի սահմանադրականության շուրջ:
Ընդ որում, վիճարկվող նորմի շուրջ կասկածը Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորվել է ոչ թե այն հանգամանքից ելնելով, որ հիշյալ օրենքը Դատարանը մեկնաբանել է Կոնվենցիայի և Սահմանադրության լույսի ներքո, այլև Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման մոտեցմամբ առաջին հայացքից Դատարանը ոչ թե օրենքը մեկնաբանել է Սահմանադրության և Կոնվենցիայի լույսի ներքո, այլ՝ ըստ էության ստեղծել է նորմատիվ նոր ակտ՝ օրենք, որը որոշակի տևական ժամանակ գույքի տիրապետման փաստը դիտել է գույքի բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն և ըստ էության բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքի պաշտպանությունը համարել է գերակա հանրային շահից բխող պետական շահի համեմատ, այն դեպքում, Քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը սեփականության իրավունքի հետ հարաբերություններում պետությանը ևս դիտարկվում է որպես լիիրավ սեփականության իրավունքի իրավատեր՝ բացառությամբ Սահմանադրության և Կոնվենցիայի նորմերով դրույթների երաշխավորման:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ պետությունը, սահմանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի կարգավորումը, ըստ էության հաշվի չի առել այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք Դատարանն արձանագրել է իր դատական ակտով:
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի պայմանները սահմանելով որպես օրինաչափություն՝ օրենսդիրը մարմինը հաշվի չի առել պետական շահերի պաշտպանության հայցերով պետության՝ որպես գույքի առաջնային սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության և բարեխիղճ ձեռքբերող՝ որպես ներկա սեփականատիրոջ սեփականության իրավունքների պաշտպանության միջև ողջամիտ հավասարակշռության համար էական պայմաններ նախատեսելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ եթե ոչ պետական սեփականության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի սահմանադրականության հարցի որոշմամբ անհրաժեշտ է ապահովել նախկին սեփականատիրոջ ու բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքների ողջամիտ հավասարակշռությունը, ապա պետության հակակոռուպցիոն ռազմավարության մշակման պայմաններում պետության կամ համայնքի կամքից անկախ սեփականությունից դուրս եկած գույքի վերադարձի հարցը ունի լրացուցիչ նշանակություն՝ հաշվի առնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների առանձնահատկությունները, պետության նկատմամբ Սահմանադրության և Կոնվենցիայի հիմնարար իրավունքների պաշտպանության նորմերի կիրառելի չլինելը, սակայն մյուս կողմից պետական կամ համայնքային շահերի ու մասնավոր շահերի հարաբերակցությունը, որը հաճախ մեկնաբանվում է այդ շահերի գերակայության տիրույթում»:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողն ընդգծում է, որ խնդիրը նորմի մեկնաբանությունը չէ, որը կարող էր հաղթահարվել իրավակիրառողի կողմից՝ առանց առերևույթ օրենսդրական գործառույթ պատվիրակելու, կամ օրենքի այնպիսի բացը չէ, որը հաղթահարված է դատական պրակտիկայում և բխում է դրանից, այլ հակառակը՝ խնդիրը վերանայվող դատական ակտով նորմի կիրառելիությունը դատական պրակտիկային հակասելու, առերևույթ օրենքի նոր պայման սահմանելու և բողոքի հիմքերի ու հիմնավորումներում այնպիսի նորմի խախտման մասին փաստարկումն է, որպիսի հարցի օրինական, իրավացի և սահմանադրաիրավական լուծումը դատական իշխանության իրավազորության տիրույթից դուրս է:
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա՝ գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է. «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Վկայակոչված կարգավորումն ամրագրվել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրն ուրվագծել է դատարանների սույն սահմանադրաիրավական իրավասության կեսագործման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարաններին շնորհելով սահմանադրական արդարադատություն հայցելու բարձր իրավազորությամբ՝ Սահմանադիրը, ի թիվս այլնի, մի կողմից՝ հետապնդել է իրավական համակարգը հակասահմանադրական նորմերի կիրառման միջոցով ձևախեղելը կանխելու, մյուս կողմից՝ Սահմանադրության գերագույն իրավական ուժի դինամիկ կենսագործումը և մարդուն շնորհված հիմնական իրավունքների և ազատությունների անխաթար պաշտպանությունն ապահովելու նպատակներ՝ այդպիսով նաև ամրապնդելով իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի կենսունակությունը:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների դիմումների հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն՝
1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,
3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:
Վերոնշյալ սահմանադրաիրավական պահանջների պահպանումը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ընդունելիության և գործի քննության գրավականն է, ուստի՝ արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական առաքելություն կրող հիշյալ սուբյեկտների կողմից ենթակա է առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով հակասահմանադրական նորմերի կիրառման անթույլատրելիության՝ Սահմանադրի անխախտ կամքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:
Սույն դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս Սահմանադրական դատարանին փաստելու, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այսպես.
Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի շրջանակներում Դիմողը, ըստ էության, բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության հարց այնքանով, որքանով այն չի ապահովում գույքն իր կամքից անկախ կորցրած սեփականատիրոջ և բարեխիղճ ձեռք բերող համարվող տիտղոսային սեփականատիրոջ սեփականության իրավունքների պաշտպանության արդարացի և ողջամիտ հավասարակշռությունը, ինչպես նաև այնքանով, որքանով այն չի նախատեսում բարեխիղճ ձեռք բերողի սեփականության իրավունքին միջամտության համաչափության սկզբունքի պահպանմանն ուղղված հստակ կարգավորումներ, այդ թվում՝ բարեխիղճ ձեռք բերողին՝ վերադարձվող գույքին համարժեք փոխհատուցում տրամադրելու ընթացակարգ կամ չի նախատեսում որոշակի պայմանների առկայության դեպքում գույքը սեփականատիրոջը վերադարձնելու անհնարինության պայմաններ:
Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ դրանում ներկայացված հիմնավորումներով դիմումով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը դատական մեկնաբանության ենթարկելը (իր կամքից անկախ պատճառներով սեփականատիրոջ տիրապետումից դուրս եկած գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու հետ կապված առաջացող հարաբերությունների վերաբերյալ) Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի լիազորությունների տիրույթում է, որպիսի հիմքով և հետագայում համապատասխան դատական ակտի բողոքարկման արդյունքում նաև՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթում է:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 14-ի ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Բարձր դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակումը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի լուծման իրավասության բացակայության դեպքում, հակառակ պարագայում՝ դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան»։
Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացերի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը: Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված Սահմանադրի կամքին ուղղակի հակասում է նաև դատարանների՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց Բարձր դատարանի առջև բարձրացնելը. սույն մոտեցումը խաթարում է եռաստիճան դատական համակարգի և Սահմանադրական դատարանի լիազորությունների ներդաշնակ սահմանազատումը՝ հաշվի առնելով դատական մեկնաբանման գործիքակազմով եռաստիճան դատական համակարգի օժտված լինելու հանգամանքը, առավել ևս այն պայմաններում, երբ դատարանները, և մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, ունի անհրաժեշտության պարագայում սեփական պրակտիկան զարգացնելու/փոփոխելու իրավական հնարավորություն:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոշարադյալը հիմք է տալիս պնդելու, որ սույն դիմումը չի բավարարում դրա ընդունելիության չափանիշները։
Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող հիմնավոր կասկածի առկայության շեմը հաղթահարված չէ: Վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի փաստարկները Սահմանադրական դատարանը բավարար չափով հիմնավոր չի համարում, քանզի Դիմողը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող կարգավորումները Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը, որպիսի հանգամանքը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ինչը վկայում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 սեպտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-136
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 սեպտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-136
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
