Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-297 դեկտեմբերի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 դեկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 29 | ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

7 դեկտեմբերի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սամվել Մնացականյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Սամվել Մնացականյանը 24.11.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետը, ՀՀ Սահմանադրության 19, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել և ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ ՀՀ Սահմանադրության 19, 92 և 93, 94, 97-րդ հոդվածներին և/կամ Սահմանադրության 1- ին հոդվածին հակասող և անվավեր ճանաչել կամ ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 4-րդ ենթակետերը դիմումում արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել»։ Դիմողի կարծիքով իրավակիրառական պրակտիկան ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ պարբերություններում ձևակերպված դրույթներին հաղորդել է այնպիսի իմաստ, ըստ որի խնդրո առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, հանգել դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների։ Դիմողը նշում է, որ դատավորի կայացրած որոշումը կարելի է կասկածի տակ դնել միմիայն բողոքարկման վարույթի միջոցով, և որ ցանկացած այլ զուգահեռ համակարգեր, որոնց շրջանակներում գնահատվում են դատավորի կողմից արդեն գնահատված և մեկնաբանվում են դատավորի կողմից արդեն մեկնաբանված փաստերն ու իրավական նորմերը, անհրաժեշտ է վերացնել։

Դիմողը գտնում է, որ կարգապահական պատասխանատվության նախապայման պետք է հանդիսանա վերադաս դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու արդյունքում հայտնաբերված կոպիտ խախտման հանգամանքը։ Ուստի վերադաս դատարանին ուղղված բողոքի բացակայության և դատական ակտի բեկանման կամ փոփոխման փաստի բացակայությունը, ինչպես նաև իրավունքի խախտման «զոհի» համար իրավական հետևանքի բացակայությունը պետք է բացառեն կարգապահական վարույթի հարուցումը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։

Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը միևնույն գործի շրջանակներում, միևնույն հոդվածների դրույթների սահմանադրականության հարցերով ՀՀ սահմանադրական դատարան է դիմում արդեն թվով 2-րդ անգամ։ Առաջին անգամ դիմողը ՀՀ սահմանադրական դատարան է դիմել 13.09.2011 թվականին վիճարկելով ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4- րդ կետերի սահմանադրականությունը։ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը 2011 թվականի հոկտեմբերի 6-ին ՍԴԴԿՈ/1-23 որոշմամբ մերժել է Ս. Մնացականյանի դիմումի ընդունելիությունը վերոնշյալ հոդվածների դրույթների սահմանադրականությունը վիճարկելու մասին այն պատճառաբանությամբ, որ դիմումն ակնհայտ անհիմն է և դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց նշելով, մասնավորապես, որ «... դիմողի պնդումներն առ այն, որ խնդրո առարկա դրույթները հնարավորություն են տալիս դատական ակտերի բողոքարկման վարույթից դուրս և դատավարության կողմ չհանդիսացող անձի պահանջով քննության առարկա դարձնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, հանգել դատական ակտ կայացրած դատավորի համար իրավական բացասական հետևանքներ առաջացնող եզրահանգումների» կամ «...ցանկացած այլ զուգահեռ համակարգեր, որոնց շրջանակներում գնահատվում են դատավորի կողմից արդեն գնահատված և մեկնաբանվում են դատավորի կողմից արդեն մեկնաբանված փաստերն ու իրավական նորմերը անհրաժեշտ է վերացնել» ակնհայտ անհիմն են և իրենց բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում»։ Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս որպես նոր փաստարկ վիճարկվող դրույթների հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացրել է հետևյալը. «... կարգապահական պատասխանատվության նախապայման պետք է հանդիսանա վերադաս դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու արդյունքում հայտնաբերված կոպիտ խախտման հանգամանքը։ Ուստի և վերադաս դատարանին ուղղված բողոքի բացակայության և դատական ակտի բեկանման կամ փոփոխման փաստի բացակայությունը, ինչպես նաև իրավունքի խախտման «զոհի» համար իրավական հետևանքի բացակայությունը, պետք է բացառի կարգապահական վարույթի հարուցումը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը»։ Դիմումի ուսումնասիրության արդյունքներով դատական կազմը գտնում է, որ դիմողի վերոնշյալ պնդումը ոչ թե իր բովանդակությամբ նոր իրավական փաստարկ է հանդիսանում, այլ ընդամենը նախկին դիմումում արտահայտված դիրքորոշումը հիմնավորող ևս մեկ, լրացուցիչ փաստարկ է ներկայացված մյուս փաստարկների շարքում։ Դիմումի բովանդակության ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ։

Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սամվել Մնացականյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

7 դեկտեմբերի 2011 թվականի

ՍԴԴԿՈ/1-29

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 դեկտեմբերի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-29
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել