Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-248 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 24 | «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 8 ապրիլի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մարտի 25-ին) խնդրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

2. Դիմողի կարծիքով, «Սնանկության մասին» օրենքի 80-րդ հոդվածը պարունակում է օրենսդրական բաց այնքանով, որքանով չի նախատեսում սնանկության կառավարչի կողմից հաստատված միջանկյալ բաշխման ծրագիրը դատարանի կողմից մասնակի հաստատելու կանոնակարգում այն դեպքերի համար, երբ միջանկյալ բաշխման ծրագրի միայն մի մասի դեմ է ներկայացվել առարկություն: Մասնավորապես, դիմողը կարծում է, որ մի կողմից պարտատերերին օրենսդրորեն հնարավորություն է տրված առարկելու միջանկյալ բաշխման ծրագրի դեմ, մյուս կողմից օրենսդրական առկա կարգավորումները կաշկանդում են վերջիններիս օգտվելու այդ հնարավորություններից: Ըստ դիմողի այդ կաշկանդվածությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջանկյալ բաշխման ծրագրի միայն մի մասի դեմ առարկություն ներկայացնելը հանգեցնում է ամբողջ ծրագրի սառեցմանը. վեճի առարկա չհանդիսացող գումարն առանց որևէ լեգիտիմ ակնկալիքի պահվում է սնանկության հատուկ հաշվի վրա դրա նկատմամբ իրական ակնկալիք ունեցող անձանց զրկելով իրենց գույքն անարգել օգտագործելու, տիրապետելու, տնօրինելու իրավունքից: Դիմողը նշում է, որ սույն գործով սնանկության դատարանը և վերաքննիչ քաղաքացիական դատարանը հանգել են միանշանակ հետևության այն մասին, որ օրենքը չի կարգավորել դատարանին նման լիազորությամբ օժտելու հարցը, որպիսի հանգամանքը ևս թույլ է տալիս դիմողին եզրակացնել, որ առկա է այնպիսի օրենսդրական բաց, որը ենթակա է քննության Սահմանադրական դատարանում: Դիմողի համոզմամբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանի լիազորությունների շրջանակում որևէ ենթադրյալ լիազորության բացակայությունը պետք է գնահատվի այդպիսի լիազորության անհրաժեշտության տեսանկյունից, այն է արդյոք բացակայող լիազորության օրենսդրական ամրագրումը բխում է արդյունավետ դատական պաշտպանության, սեփականության պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների էությունից, կամ արդյոք այդպիսի լիազորության բացակայությունը չի խաթարում նշված սահմանադրական իրավունքների էությունը: Դիմողը կարծում է, որ բաշխման ծրագիրը մասնակի հաստատելու լիազորության բացակայությունը խաթարում է նշված սահմանադրական իրավունքների էությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Վ. Գրիգորյան

8 ապրիլի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-24

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-24
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել