«ՇԱՄԻՐԱՄ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 49 | «ՇԱՄԻՐԱՄ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՇԱՄԻՐԱՄ ՔՈՉԻՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Շամիրամ Քոչինյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի մարտի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Շամիրամ Քոչինյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները, և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածների պահանջները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի և 61-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով որքանով ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած բաժնեմասը չի համարվում ամուսիների ընդհանուր համատեղ սեփականությունը՝ անկախ նրանից, թե այն ում անունով է ձևակերպված /գրանցված/, որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/34378/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ էական չէ, թե գույքը, որի մեջ ներառված է նաև գույքային իրավունքը` բաժնեմասը, ամուսիններից ում անունով է ձևակերպված, այստեղ կարևորն այն է, թե երբ է այդ գույքը ձեռք բերվել՝ ամուսիների համատեղ կյանքի ընթացքում, թե՝ ոչ, քանի որ եթե այդ գույքը ձեռք է բերվել ամուսիների համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, ապա այդ գույքի նկատմամբ ծագում է ամուսիների համատեղ սեփականության իրավունքը՝ հաշվի առնելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2 և 3-րդ մասերով նախատեսված բացառությունները։
Դիմողը գտնում է, որ ամուսինների գույքային իրավունքներին և պարտականություններին վերաբերող փոխկապակցված իրավական ակտերի հիմքում ընկած է մեկ սկզբունք` ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված ամուսնական պայմանագրով։ Ըստ Դիմողի՝ այս համատեքստում Վերաքննիչ դատարանի կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանությունը, որով փաստացի կարևորվում է իրավաբանական անձ կոնտրագենտների իրավունքները, և անտեսվում է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված բաժնեմասի նկատմամբ մյուս ամուսնու սեփականության իրավունքը, թե՛ սահմանադրաիրավական բովանդակության և թե՛ դրա արտահայտման առումով իրապես խնդրահարույց է և խախտում է իրավական հավասարության, իրավաչափ ակնկալիքների և սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության սահմանադրական սկզբունքները։
Դիմողը նաև պնդում է, որ նման պայմաններում, երբ իրեն զրկում են համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի` բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքից` պատճառաբանելով, որ կորպորատիվ տեսանկյունից բաժնեմասը չի կարող համարվել ամուսիների ընդհանուր համատեղ սեփականություն՝ նկատի ունենալով, որ ամուսինը չի կարող համարվել ընկերության մասնակից` օրենքի ուժով, քանի որ բաժնեմասը ձեռք բերող անձի իրավունքը ծագում է և այն երրորդ անձանց համար իրավաբանական ուժ է ձեռք բերում միայն ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից, խախտում են վերջինիս՝ Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածերով սահմանված իրավունքները։ Փաստերի նման դասավորվածության պայմաններում կասկածից վեր է այն պնդումը, որ Վերաքննիչ դատարանի իրավական մեկնաբանությունը խախտում է Դիմողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է Դիմողի դատական պաշտպանության իրավունքի ոտնահարմանը։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/34378/02/20 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
«Շամիրամ Քոչինյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 ապրիլի 2026 թվականի
ՍԴԱՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
