«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մարտի 2010թ. ՍԴԱՈ - 19 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ
ԹԻՎ 10 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի
ԹԻՎ 17-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ ԴԻՄՈՂԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ սահմանադրական դատարանում 21.01.2010թ. մուտքագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով 2010թ. հունվարի 10-ին կայացած ընտրություններում պատգամավորության թեկնածու Ն. Փաշինյանի դիմումը «ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» ՀՀ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010թ. հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը վիճարկելու մասին։
Դիմողը սահմանադրական դատարանին խնդրել է գործի քննությունը կազմակերպել բանավոր ընթացակարգով հնարավորություն տալու համար դատարանում հանգամանորեն ներկայացնելու դիմող կողմի փաստարկները գործի հանգամանքների վերաբերյալ։ Սահմանադրական դատարանը հաշվի առնելով նաև այս հանգամանքը գործը քննության ընդունելու մասին որոշմամբ նախատեսել է դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով։ Միաժամանակ, դիմողը նկատի ունենալով իր անազատության մեջ գտնվելու հանգամանքը խնդրել է դատարանին ձեռնարկել միջոցներ դատական քննարկումներին իր մասնակցությունն ապահովելու համար։ Սահմանադրական դատարանում նման միջնորդությամբ հանդես եկան նաև դիմողի ներկայացուցիչները։ Գործի դատաքննության նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգի համաձայն կալանքի տակ գտնվելու վիճակում օրենքով սահմանված կարգով ընտրական գործընթացին մասնակցել է իր վստահված անձանց միջոցով։ Ընտրությունների ողջ գործընթացում իր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում դատական կարգով, դիմողը նույնպես իրականացրել է իր լիազոր ներկայացուցիչների միջոցով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածների շրջանակներում իրացնելով իր իրավունքները։ Դիմողը նաև դիմումին կից ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել լիազորագիր, որում մասնավորապես նշվում է, որ նա լիազորում է փաստաբան Վահե Հայկի Հովսեփյանին իրեն ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարանում «...Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան կողմի համար նախատեսված իրավունքների ողջ ծավալով»։ Դիմողի կողմից նաև 04.03.2010թ. համանման բովանդակությամբ նոր լիազորագիր է ներկայացվել սահմանադրական դատարան փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանի անունով։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմը երաշխավորում է դատավարության մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների բաղադրատարրը կազմող կողմի լսվելու իրավունքի իրացումը։ Վերջինս, սակայն, նախատեսում է այդ իրավունքի իրացման երկու հիմնական ձև. դատարանում անձամբ հանդես գալու միջոցով կամ ներկայացուցիչների միջոցով։ Լսվելու իրավունքն իրացված է համարվում, եթե տվյալ անձի շահերը դատարանում ներկայացնում են նրա ներկայացուցիչները, առավել ևս երբ իրավունքի հարցով գործ է քննվում, կամ դատարանը նման գործերը կարող է նաև քննության առնել գրավոր ընթացակարգով։ Բազմիցս նման դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, այդ թվում Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով (Ընդունելիության մասին մասնակի որոշում, գանգատ թիվ 34334/04)։
Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Նկատի ունենալով, որ սահմանադրական դատարանի իրավազորության հարցը չէ կողմերի դատաքննությանը մասնակցության ապահովումը, ինչպես նաև փաստելով, որ նման իրավիճակների համար սահմանադրական դատարանում նախատեսված չեն համապատասխան պայմաններ, ՀՀ սահմանադրական դատարանը չի կարող բավարարել դիմողի խնդրանքն ու դիմողի ներկայացուցիչների միջնորդությունը սահմանադրական դատարանում նրա ներկայությունն ապահովելու մասով, և գտնում է, որ սահմանադրական դատարանում որպես իրավունքի դատարան, գործի դատաքննությունը դիմող կողմի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացնելը երաշխավորում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 46 և 47-րդ հոդվածներով նախատեսված դիմողի իրավունքները։
2. Նկատի ունենալով դիմողի ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ նրանք մինչ օրս հնարավորություն չեն ունեցել հանդիպել դիմողի հետ և լիարժեք տեղեկացված չեն դիմումի առարկայի վերաբերյալ նրա մոտեցումներին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի հիման վրա կասեցնել գործի վարույթը, դիմել ՀՀ արդարադատության նախարարին օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ապահովելու համար դիմողի և ՀՀ սահմանադրական դատարանում նրա ներկայացուցիչների հանդիպումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5 մարտի 2010 թվականի
ՍԴԱՈ-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
