Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5227 սեպտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 սեպտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 52 | ՌՈՒԲԵՆ ԱԹՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 սեպտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Ռուբեն Աթոյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուբեն Աթոյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Գ. Պետրոսյան, Դ. Գյուրջյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, որով Դիմողը խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետի հետ համակարգային կապի մեջ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

Դիմողը ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն։

2. Դիմողը, մասնավորապես, նշում է, որ թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործի շրջանակներում իր կողմից ներկայացվել է Կառավարության 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու պահանջ, որը նշանակում է, որ թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի հիմքում դրված Կառավարության համապատասխան որոշումը գտնվում է վիճարկման փուլում, և վարչական դատարանում քննարկվում է դրա վավեր կամ անվավեր լինելու հարցը: Դիմողը նշում է նաև, որ Կառավարության վերոնշյալ որոշման անվավեր ճանաչումը վարչական դատարանի կողմից կբացառի ոչ միայն ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջների բավարարումը, այլև նշված դատավարական գործընթացը նախաձեռնելու (շարունակելու) իրավական հնարավորությունն առհասարակ:

Դիմողը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի հարկադիր օտարման, դրա դիմաց տրամադրվող փոխհատուցման, փոխհատուցման համարժեքության մասին կարող է խոսվել միայն այն բանից հետո, երբ վարչական դատարանը կփաստի, որ տվյալ դեպքում առկա է եղել բացառիկ գերակա հանրային շահ, և Կառավարության 2018 թվականի մարտի 22-ի թիվ 332-Ն որոշումը չի հանդիսանում անվավեր նորմատիվ իրավական ակտ: Դիմողը պնդում է, որ մինչ վարչական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի հարկադիր օտարմանն ուղղված քաղաքացիական գործի քննությունը ենթակա է կասեցման իրավունքի ուժով:

Ըստ Դիմողի՝ թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով ներկայացված դիմումի բավարարման դեպքում անվավեր է ճանաչվելու Կառավարության հիշյալ որոշումը, որը, թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի կասեցված չլինելու պարագայում, անխուսափելիորեն հանգեցնելու է իր համար անդառնալի հետևանքների, քանի որ սեփականության իրավունքով իրեն պատկանող և Կառավարության նշված որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում ընդգրկված անշարժ գույքը հարկադիր օտարվելու է դատական կարգով, ինչը հանգեցնելու է իր անշարժ գույքի ոչնչացմանը (քանդմանը)՝ բովանդակազրկելով թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով կայացվելիք դատական ակտը:

Դիմողը նշում է. «(...) օրենսդրության մեջ համապատասխան իրավակարգավորման բացակայությունը, որի համաձայն գույքի սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման վիճարկումը իրավունքի ուժով (ex jure) պետք է կասեցնի համապատասխան սեփականատիրոջ դեմ ներկայացված գույքի հարկադիր օտարման պահանջով քաղաքացիական գործի քննությունը, ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկայի պայմաններում, հանգեցրել է իրավիճակի, երբ օրենսդրական բացը չի ապահովում սեփականության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների իրացման հնարավորությունը»:

Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության շրջանակներում, հակասում է Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին, իսկ դրանցով ամրագրված իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու համար և խախտում են նշված դրույթների էությունը:

3. Քննության առնելով Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու կամ վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով Դիմողի գույքային դրությունը, դրանով պայմանավորված՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ միջնորդությունը` պետական տուրքի վճարումից ազատելու մասով, ենթակա է բավարարման։

4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանությամբ.

4.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) առնչությամբ

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Ընդ որում՝ վերոգրյալ դրույթի իմաստով «գործի քննության անհնարինություն» ձևակերպումը գնահատողական բնույթի է և յուրաքանչյուր դեպքում ենթակա է գնահատման դատարանի կողմից՝ հաշվի առնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները: Թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի մարտի 15-ի որոշման մեջ արձանագրված է. «(...) թեկուզև սույն քաղաքացիական գործի և թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործի միջև առկա է կապ, ինչպիսի պայմաններում Վարչական դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտը կարող է լինել նախադատելի սույն քաղաքացիական գործի համար, սակայն տվյալ կապի առկայությունը և նախադատելիության հնարավորությունը բավարար չեն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար:

(...)

(...) այս պայմաններում առկա չէ որևէ հանգամանք, որը խոչընդոտում է սույն քաղաքացիական գործի ընթացքին, ուստի սույն գործի վարույթի կասեցումը միայն այն հիմնավորմամբ, որ վարչական գործի շրջանակներում կարող են պարզվել հանգամանքներ, որոնք Հայցվորի կողմից դրվել են սույն գործով հայցի փաստական և իրավական հիմքերի հիմնավորման հիմքում՝ կրում է ձևական բնույթ»:

Արդյունքում՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը եկել է այն եզրահանգման, որ «(…) ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնավորված է և ենթակա է բավարարման, իսկ Դատարանի որոշումը պետք է վերացնել»:

Ստացվում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում գնահատել է մինչև թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը տվյալ քաղաքացիական գործի քննության անհնարինության հարցը և գտել, որ գործի վարույթը կասեցման ենթակա չէ: Այսինքն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին որևէ մեկնաբանություն չի տվել, այլ կիրառել է տվյալ դրույթը՝ գնահատելով գործի քննության անհնարինությունը և դրանով պայմանավորված գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը կոնկրետ գործի փաստական հանգամանքների և առանձնահատկությունների համատեքստում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմանը՝ որևէ հիմնավոր փաստարկ չներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության վերաբերյալ: Նման պայմաններում Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքա-ցիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով։

4.2. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) առնչությամբ

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանի՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, նշված է. «(...) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։

Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրված է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, (...) երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ սույն անհատական դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ՝ վերջինիս կողմից վիճարկվող՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը Դիմողի նկատմամբ չի կիրառվել: Այսպես՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ ներկայացվել է թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 15-ի որոշումը։ Հետևաբար՝ սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում վերոնշյալ գործով կայացված դատական ակտերը։ Թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Ռուբեն Աթոյանի՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Ռուբեն Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան, Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/3 հասցեի շինությունների օտարման, որպես իրավական հետևանքներ Ռուբեն Աթոյանի սեփականության իրավունքի դադարեցման, դրա նկատմամբ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի ճանաչման և անշարժ գույքը «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հանձնելու պահանջների մասին։ Նշված քաղաքացիական գործի շրջանակներում սույն գործով Դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացվել է քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի հունվարի 22-ի որոշմամբ վերոնշյալ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը։ Այդ որոշման դեմ «Զեյթուն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կառավարիչ «Լոգիկոն Դիվելփմենթ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 2024 թվականի մարտի 15-ի որոշմամբ բավարարվել է, վերացվել է թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2024 թվականի հունվարի 22-ի որոշումը։

Այսինքն՝ թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող ք․ Երևան, Խանջյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/3 հասցեի շինությունների նկատմամբ հանրության գերակա շահի առկայության փաստը որևէ կերպ չի վիճարկվել և քննարկման առարկա չի դարձել։ Վիճարկվող դրույթը Դիմողի նկատմամբ կիրառվել և իրավական հետևանք է առաջացրել մեկ այլ՝ թիվ ՎԴ/5866/05/18 վարչական գործի շրջանակներում: Դիմողի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ հանրության գերակա շահի առկայության փաստը վիճարկվել է նշված վարչական գործի շրջանակներում։ Ընդ որում՝ տվյալ գործի վարույթը դեռևս չի ավարտվել (գտնվում է քննության փուլում):

Վերոնշյալից հետևում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվող «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ԵԴ2/28100/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ չի կիրառվել:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մա-սին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատա-րան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Ռուբեն Աթոյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Ռուբեն Աթոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

27 սեպտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-52

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 սեպտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-52
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել