ՍԱՄՍՈՆ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հունիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 14 | ՍԱՄՍՈՆ ԽԱՐԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հունիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Սամսոն Խարազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Սամսոն Խարազյանը 2017թ. հունիսի 5-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «…վերջնական դատական ակտով իմ նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի, այն է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151, 169-171 հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61 և 63 հոդվածներին հակասող և անվավեր»: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Ըստ դիմողի` «Վճռաբեկ դատարանի միակ պատճառաբանական հերքման պատճառով օրենսդրական խոչընդոտը վերանում է որպեսզի օգտվեմ օրենքի իրավունքից»:
2. Դիմողի կողմից վիճարկվող դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավորումների բացակայությունը հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով պայմանավորված` խնդրո առարկա դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում, ինչը հիմք է հանդիսանում դիմումը որպես ակնհայտ անհիմն համարելու համար:
Բացի դրանից, դիմողը հիմնավոր և պատշաճ ձևով չի փաստարկել, թե վիճարկվող դրույթի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, նույնպես անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ավելին, դիմողի կողմից վիճարկվող դրույթները չէին կարող խոչընդոտ հանդիսանալ պատկան մարմնին խնդրո առարկա ամիսների համար կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու հարցում, քանի որ, նախ` դրանք դատավարական նորմեր են, երկրորդ` այն հարցը, թե որ օրը պետք է համարվի որպես կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր, կարգավորվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Վերոգրյալը նույնպես վկայում է այն մասին, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու պատճառաբանություններն ակնհայտ անհիմն են:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքները դիմողի օրենքի պահանջի չպահպանման արդյունքում իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են: Հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրա-կանության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սամսոն Խարազյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
26 հունիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
