ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 25 | ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
29 հուլիսի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Գևորգ Հունանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Գևորգ Հունանյանը 25.07.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը»:
Դիմողը գտնում է, որ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված վիճարկվող դրույթով սահմանված վճռաբեկ դատարան դիմելու համար նախատեսված պարտականությունը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի որոշ դրույթների խախտելով արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները, խոչընդոտում է անձի դատավարական իրավունքների իրացմանը` առաջացնելով բացասական իրավական հետևանքներ: Ըստ դիմողի` վիճարկվող իրավական դրույթը և դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը բավարար չափով որոշակի չէ, առկա չեն հիմքերը և ծավալները:
Դիմողը նշում է, որ ինքը զրկված է եղել պարզելու այն փաստը, որ կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքին չկցելով դատավարության մասնակիցներին վճռաբեկ բողոքն ուղարկելը հավաստող ապացույցներ` իր դատական պաշտպանության իրավունքը կսահմանափակվի:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ա) դիմողի ներկայացրած փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ վճռաբեկ բողոքը կրկին անգամ դատավարության կողմերին ուղարկելու գործողությունն ամբողջությամբ համընկնում է ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներում արտահայտված «ձևական» եզրույթի բովանդակության հետ: Դիմողը նաև մատնանշում է, որ ինքը զրկված է եղել պարզելու այն փաստը, որ կրկին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքին չկցելով դատավարության մասնակիցներին վճռաբեկ բողոքն ուղարկելը հավաստող ապացույցներ` իր դատական պաշտպանության իրավունքը կսահմանափակվի: Մինչդեռ դիմողի կողմից վիճարկվող դրույթի համաձայն վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ կայացրել է որոշում: Այսինքն` դիմողի ներկայացրած փաստերն առ այն, որ վիճարկվող դրույթի կիրառման արդյունքում ստեղծվել են բացասական և անհաղթահարելի իրավական հետևանքներ, կամ դրա կիրառման արդյունքում խախտվում են արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները ակնհայտ անհիմն են, քանի որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության միջև, ինչն էլ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ և համաձայն դրա վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով.
բ) դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության վիճարկմամբ: Փաստորեն, դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջի քողի ներքո իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, որն էլ, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմք: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Գևորգ Հունանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
29 հուլիսի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հուլիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
